Օրհնության երգը բացում է ջրի աղբյուրները
«Ջրհո՛ր, բխի՛ր. երգեցե՛ք նրա մասին» (Թվոց 21.17):
Սա տարօրինակ երգ և տարօրինակ ջրհոր էր: Իսրայելի ժողովուրդը երկար ժամանակ ման էր եկել անապատում, ջուր չկար և նրանք ծարավից թուլացել էին: Այդ ժամանակ էր, որ Աստված ասաց Մովսեսին. «Հավաքիր ժողովրդին և ես նրանց ջուր պիտի տամ»: Եվ տվեց հետևյալ ձեւով:
Ժողովուրդը խումբ-խումբ եկավ. յուրաքանչյուրը վերցրեց իր բահն ու բրիչը և բոլորը միասին սկսեցին փորել տաք ավազը: Նրանք բարևում և երգում էին. «Ով ջրհո՛ր, բխի՛ր. երգեցե՛ք նրա մասին»: Եվ ահա, ո՜վ զարմանք, գետինը սկսեց բացվել եւ ջուրը գլգլալով դուրս գալ, հետզհետե շատացավ և վտակի վերածվեց:
Երբ նրանք անապատի մեջ փորում էին, հասել էին հենց այնտեղ, որտեղ ջրի աղբյուրները ծածկվել էին ծանր ավազակույտերի տակ, երկար, շատ երկար տարիների ընթացքում: Օրհնության երգով նրանք հասել էին ջրի աղբյուրին:
Մենք էլ ունենք շատ կարիքներ, որոնց ծանրության տակ ծածկված են շնորհքի, օրհնությունների և մեծ ու պատվական խոստումների աղբյուրները: Մեզ մնում է հավատքով, երգով և շնորհակալությամբ փորել, մի կողմ նետել կասկածի, վախի, թերահավատության և կամ այլ նման ավազակույտերը, որպեսզի հասնենք բուն աղբյուրներին եւ հագեցնենք մեր կարիքների ծարավը:
Դեռևս ջրի աղբյուրներին չհասած՝ նրանք արդեն սկսել էին շնորհակալության և օրհնության երգը: Մենք նույնպես նույնն ենք անելու: Երբ մեր կարիքները դեռ չգոհացված, մեր աղոթքների պատասխանը դեռ չստացած (եթե նրանք Տիրոջ կամքի համեմատ են և Նրա փառքի համար) հավատքով օրհնում ենք Տիրոջը, օրհնության գետերը սկսում են բխել: Այլապես դժգոհությունը, գանգատը և թերահավատությունը ծանր ավազակույտերի նման պիտի փակեն օրհնության աղբյուրները:
«Վտակներ անապատի մեջ» գրքից