Ո՞վ է իրական քրիստոնյան
Այնքան լավ է տպավորվել իմ մեջ այն դեպքը, երբ նոր ընդունվել էի համալսարան ու դասախոսներից մեկն ինչ-որ առիթով սկսեց խոսել քրիստոնյաների մասին: Երևի լսարանում մոտ 70 հոգի նստած էինք, դասախոսը նայեց մեզ ու ասաց, թե՝ գիտե՞ք ձեր մեջ քրիստոնյա կա, եթե ձեր մեջ մի քրիստոնյա կա, թող պատասխանի հետևյալ հարցին. «Ի՞նչ ասաց Հիսուսը մինչ կմտներ Երուսաղեմ»:
Լսարանում լռություն տիրեց, ես էլ մյուսների պես չէի հիշում, թե կոնկրետ ինչ է ասել Հիսուսն ու ոչ մեկս չպատասխանեցինք հարցին, ապա ուսանողներից մեկը կանգնեց ու ասաց, որ Հիսուսն ասել է, որ այս շինությունը, որ տեսնում եք, կքանդեմ և երեք օրում կկառուցեմ այն. ճիշտ պատասխանը սա չէր, թեև նման խոսք կա գրված Աստվածաշնչում, բայց դասախոսը ծիծաղելով՝ ասաց, թե ուսանողն իրեն դրել է Ալեքսանդր Մակեդոնացու տեղը:
Իհարկե, ճիշտ պատասխան չլսելով՝ դասախոսն ասաց, որ մեր մեջ չկա իրական քրիստոնյա:
Այս դեպքն իմ մեջ այսչափ լավ է տպավորվել, որովհետև ես ինձ շատ վատ էի զգում, որ չեմ իմացել այդ հարցի պատասխանը: Ես մեղադրում էի ինձ, թե իբր Աստվածաշունչն ուշադիր չեմ կարդում, սակայն հետո միայն հասկացա, որ քրիստոնեության մասին գիտելիք ունենալը կամ Աստվածաշունչն անգիր իմանալը դեռ չի նշանսկում լինել քրիստոնյա:
Ո՞վ է քրիստոնյան.
- Քրիստոնյան նա է, ով հավատում է Երրորդությանը՝ Հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն:
- Քրիստոնյան նա է, ով հավատում է հոգու փրկությանը և՝ ապաշխարությունով իր մեղքերի ներմանը:
- Քրիստոնյան նա է, ով հավատում է, որ մահից հետո հավիտենական կյանք կա ու ապրում է՝ վարձք դիզելով դրախտի, այլ ոչ թե՝ դժոխքի համար:
- Քրիստոնյան նա է, ով օրվա մեջ ունենում է իր աղոթքի րոպեները, ում սեղանի ամենօրյա ընթերցանության գիրքն Աստվածաշունչն է և ով ձգտում է ամեն օր ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:
Իհարկե, ես չեմ արդարացնում ինձ այդ հեշտ հարցի պատասխանը չհիշելու համար ու վստահ եմ, որ գիտելիքը քրիստոնեության ու Աստծո խոսքի մասին նույնպես կարող է լինել մեծ հավատարմության ու սիրո ցուցանիշ, բայց ըստ Աստվածաշնչի՝ Աստված առաջին հերթին նայում է մարդու սրտին, այլ ոչ թե՝ ուղեղին:
Այսպիսով, պահենք մեր սրտերը մաքուր, աղոթքով ու Սուրբ Գրքի ընթերցանությամբ մեր անընդմեջ հաղորդակցությունն ունենանք Աստծո հետ և լինենք իրական քրիստոնյաներ:
Հեղինակ՝ Էսթեր Զաքարյան