Ո՞վ է անվանում… Արտավազդ Թադևոսյան
Ղուկ. 1․63 - «Դորա անունը Յովհաննէս է. Եւ ամենքը զարմացան»։
«Կառավարի՛ր քո անձնական ճակատագիրը, հակառակ դեպքում այն կկառավարի մեկ ուրիշը». Ջեիք Վելչ:
Աստված հանդիպեց Զաքարիա քահանային, երբ նա ծառայություն էր կատարում տաճարում և խոստացավ նրան զավակ պարգևել՝ պատվիրելով երեխային Հովհաննես անվանել։ Մեկ տարի անց, երբ ծնվեց երեխան, մտերիմներն ու բարեկամները հավաքվեցին նրանց մոտ։
Ղուկ. 1․58-63 - «Եւ նորա դրացիները եւ ազգականները լսեցին, թէ Տէրն իր ողորմութիւնը մեծ արաւ նորա վերայ. եւ ուրախանում էին նորա հետ։ Եւ եղաւ՝ ութերորդ օրումն եկան երեխային թլփատելու, եւ նորան իր հօր անունովը Զաքարիա էին կոչում։ Եւ նորա մայրը պատասխանեց եւ ասեց. Ոչ, այլ Յովհաննէս կոչուի։ Եւ ասեցին նորան, թէ Ոչ ոք չ’կայ քո ազգումը, որ այդ անունով կոչվում լինի։ Եւ նշաններով հարցնում էին նորա հօրը, թէ ի՞նչ է կամենում որ նա կոչուի։ Եւ նա տախտակ խնդրեց, գրեց եւ ասեց, Դորա անունը Յովհաննէս է. Եւ ամենքը զարմացան»։
Օրհնյա՛լ Աստծո զավակ, ուզում եմ քաջալերել քեզ, որ գնահատես մարդկանց և սիրես նրանց, նաև լսես և ընդունես նրանց կողմից առաջարկներ և օգնություն, եթե կարիքը կա, բայց երբեք թույլ մի՛ տուր, որ նրանք իրենց ուզածով, ցանկությամբ, տրամաբանությամբ, հարմարությամբ անվանեն քո զավակին (երազանքին, կյանքին և ապագայի մասին քո տեսլականին…):
Երբ դու Աստծուց խոստում ունես, ամո՛ւր պահիր այն, երբեք զոհողության մի՛ գնա մարդկանց և մի՛ ապրիր նրանց համար՝ ասելով, թե՝ «ամոթ է, մարդիկ ի՞նչ կմտածեն, կամ էլ՝ լավ, միայն այս անգամ, միայն այս հարցում…»։
Մարդիկ շատ բան կարող են խոսել և առաջարկել իրենց իմաստության, իրենց մշակույթին, իրենց սովորության, երբեմն էլ՝ իրենց շահին համապատասխան։ Երբեմն մարդիկ վատը չեն կամենում քեզ, որ այսպես են խոսում և առաջարկում, բայց իրենք չեն այն մարդիկ, ում հետ Աստված խոսել է որևէ հարցով և խոստումներ տվել նրան։
Քաջալերում եմ քեզ՝ միշտ նայեսՆրան, ով տվել է քեզ այդ խոստումը, և երբեք չհանձնվես՝ նույնիսկ ամենավատ իրավիճակում, որովհետև Նա դեռ չի ավարտել Իր գործը քո կյանքում, դեռ փակված դռներ կան քո առջև, որ Տերը պետք է բացի, դեռ օրհնություններ կան թե քեզ համար, թե քո միջոցով շատերի համար։
Թույլ մի՛ տուր ուրիշները, իրավիճակները, խնդիրները, ցավը, չքավորությունը, ծանր իրավիճակները անվանեն քո կյանքի ապագան, դեմ կանգնեն այն խոստմանը, որ ստացել ես Աստծուց:
Պարտադիր չի, որ բոլորը հասկանան այն, ինչ որոշված է քեզ համար Աստծո կողմից: