Նա գիտի քեզ և ծրագիր ունի քո կյանքի համար. Արտավազդ Թադևոսյան
Սաղ. 139.13 - «Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքները, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը»։
Աստված ավելի մեծ ծրագրեր ունի ինձ համար, քան ես ինքս կարող եմ ունենալ իմ կյանքի համար։
Եկեղեցում ամենամեծ վնասը հասցնում են այն մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն, սխալ պաշտոն և ծառայություն են կատարում։
Մինչ նկարիչը վրձինը կվերցնի իր ձեռքը՝ նկարելու իր հերթական կտավը, այն արդեն գոյություն ունի իր մտքում։
Մինչ քանդակագործը կդիպչի գործիքներին՝ քանդակելու իր գլուխգործոցը, այն արդեն կար իր մտքում։ Մինչ բրուտը կդիպչի կավին,նա արդեն գիտի, թե ինչ պետք է պատրաստի։
Մարդը հրաշալի կերպով է ստեղծված, որովհետև արարիչը Աստված է, և մինչ Նա կստեղծեր մեզ, Նա արդեն տեսնում էր մեզ և մեր կյանքը, Նա գիտեր, թե ինչ է ուզում և ինչպես է պետք ձևավորել մեզ։
Չկա մեկ մարդ, որ ստեղծվել է հենց այնպես, պատահականության սկզբունքով։
Աստված ստեղծեց ամեն բան իր խոսքով։ Բայց մարդն Իր ձեռքի գործն է։ Նա է ստեղծել քեզ, կազմավորել քեզ քո մոր որովայնում և Նա գիտեր քեզ և ծրագիր ուներ քո կյանքի համար դեռ դու չծնված։
Դեռ չծնված՝ Աստված Երեմիային անվանեց՝ մարգարե. Եր. 1:4-5 -«Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Քեզ որովայնում չ'ստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չ'եկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել»։
Հակոբի համար ասվեց, որ Նա պետք է լինի առաջնեկը։ Սամփսոնի համար, որ ազատարար պետք է լինի…
Սաղ. 139.14-16 - «Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։ Իմ ոսկորները չծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չկար»։
Ի՞նչ ես տեսնում, երբ նայում ես քեզ՝ գուցե սխալներ, ձախողումներ, թերություններ։ Իսկ ի՞նչ է տեսնում Աստված, երբ նայում է քեզ...
Աստված տեսիլք ունի քո կյանքի համար, Նա տեսնում է քո մեջ այն, որ ոչ մեկ չի տեսնում… Աստված գլուխգործոցի արարողն է, Նա քո մեջ տեսնում է բաներ, որ դու դեռ չես նկատել, և Նա ծրագիր ունի քո կյանքի համար։
Ութ եղբայրների մեջ Դավիթն ամենափոքրն էր, և ըստ եղբայրների և իր հայրիկի՝ ամենավերջին հարմար թեկնածուն էր թագավորության համար։
Նայիր քեզ ոչ թե քո թերությունների և պակասությունների միջով, այլ Աստծո աչքերով, որովհետև Նա ավելին գիտի քո մասին։ Հետամուտ եղիր Աստծո ծրագրին քո կյանքում, որովհետև հենց դրա համար ես դու ստեղծված, կանչված և պատրաստված։