Մոտ խաչին... հեռու Հիսուսից. Մաքս Լուկադո
Պատկերացրե՛ք այս տեսարանը...
Իրար գխի խռնված զինվորներ: Նրանց հայացքներն ուղղված են ներքև ... զառ են գցում... իսկ վերևում հանցագործն է մոռացված ... նրանք վիճակ են գցում, թե ում է հասնելու նրա թողած հագուստը՝ պատմուճանը, թիկնոցը... սանդալները...
Ամբողջը յուրացված է...
Նետելով զառերը գետնին՝ զինվորներից յուրաքանչյուրը գրազ է գալիս «հաջողության համար՝ հուսալով հարստացնել իր զգեստապահարանը՝ խաչված ատաղձագործի հաշվին...
Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսի՞ն էր այս տեսարանը Հիսուսի աչքերով…
Ինչի՞ մասին էր Նա մտածում՝ նայելով ներքև... որտեղ Նրա արյունոտված ոտքերի տակ շրջան կազմած զինվորները զառ էին գցում...Ինչպիսի՞ ապրումներ... Ի՞նչ էր Նա զգում...
Նա պետք է որ զարմացած լիներ... Ահա՛, այստեղ սովորական զինվորներն ականատես են լինում աշխարհում կատարվող անսովոր իրադարձության... Իսկ նրանք անգամ չգիտեն այդ մասին... Այդ զինվորների համար հերթական ուրբաթն է, իսկ Նա՝ ևս մեկ հանցագործ…
-Դե՜, արագ, քո հերթն է:
-Հիմա՛, հիմա՛ … նետում եմ սանդալների համար...
Վիճակ են գցում Հիսուսի ունեցվածքի վրա ... գլուխները խոնարհված են ... նայում են ներքև ...
Խաչը մոռացված է...
Այս տեսարանի սիմվոլիզմն ապշեցնող է, չէ՞:
Այն ստիպում է մտածել մեր մասին... հավատացյալների մասին... նրանց մասին, ովքեր հավակնում են խաչի ժառանգությանը... Ես մտածում եմ մեր բոլորի մասին ... աշխարհի ամեն մի հավատացյալի... կրոնի մեջ պահպանողականների... ազատական հայացքներ ունեցողների ... նրանց, ովքեր հավատարիմ են խիստ կանոներին ... կամ ավելի պարզ են... հարուստ եկեղեցիների ... աղքատ եկեղեցիների ... նրանց, ովքեր բառացիորեն հավատում են այն ամենին, ինչ գրված է Աստվածաշնչում ... և նրանց, ովքեր մերժում են տրամաբանականը նրա մեջ...
Ես մտածում եմ բոլորիս մասին...
Կարծում եմ՝ մենք այնքան էլ հեռու չենք այդ զինվորներին նման լինելուց... Ներեցե՛ք, որ այսպես եմ ասում...
Մենք նույնպես խաչի պատվանդանին «խաղում ենք խաղեր»... Մենք մրցակցում ենք այն բանի համար, որ այդ «խաղերի» մասնակիցները դառնանք... Մենք պայքարում ենք հասարակական դիրքերի համար... Մենք դատում ու դատապարտում ենք... Մրցակցություն... Եսասիրություն... Անձնական նվաճումներ... և այս ամենն այնտեղ՝ խաչի պատվանդանին... Մեզ դուր չի գալիս, թե ինչ արեցին ուրիշները, այդ իսկ պատճառով վերցնում ենք «սանդալներն» ու հեռանում նյարդայնացած...
...Մենք այնքա՜ն մոտ ենք խաչին... սակայն այնքա՜ն հեռու նրա վրա թափված արյունից... Մենք այնքան մոտ ենք աշխարհի ամենաանսովոր երևույթին, բայց պահում ենք մեզ, ինչպես անբասիր զառ գցողներ՝ կուտակված Իր գլխին, իրարանցման մեջ պաշտպանում ենք մեր հիմար շահերը... Զուր վատնած ժամեր ճղճիմ քարոզների համար... Քանի –քանի եկեղեցիներ փլուզվեցին ոչ պիտանի լինելու պատճառով... Որքան հայտնի գործիչներ, «թամբելով իրենց սիրած նժույգները», մերկացնելով դառնության սուրը, ոգևորությամբ մեկնել են կռվի եղբայրակիցների հետ այնպիսի «հարցերով», որոնք քննարկման արժանի էլ չէին ...
Մենք այնպե՜ս մոտ ենք խաչին, բայց այնքա՜ն հեռու Հիսուսից...
Մեր «մասնագիտությունն է» հարվածների արագ փոխանակում ... մոտավորապես այսպես.«Ես իրավացի եմ»:
Մենք գրում ենք գրքեր այն մասին, թե որքան սխալ են ուրիշները... Մասնագիտանում ենք «խոսք ու զրույցի, ասեկոսեների» որոնման մեջ՝ դառնալով մարդկային թուլությունները մերկացնող փորձագետներ... Մենք խմբվում ենք փոքրիկ խմբերով ... իսկ հետո, ա՜խ, Աստվա՛ծ իմ, փախչում տարբեր կողմեր...
Եվս մեկ անվանում... ևս մի դոկտրինա... մի մոլորություն... ևս մի կրոն, ինչպես պոկերի մի պարտիա...ավարտուն մի խաղ... Մեր Տերը պետք է որ շատ զարմացած լինի՝ նայելով մեզ...
Ձեռքի մեծ մատները խրելով բաճկոնի օձիքի մեջ՝ քմծիծաղ ենք տալիս.«Ի~նչ եսասերն էին այդ զինվորները... նրանք այդքան մոտ էին խաչին... բայց այնքան հեռու Քրիստոսից»:
Իսկ մե՞նք... Մի՞թե շատ ենք տարբերվում նրանցից... Մեր կարծիքների, հայացքների տարբերությունն այնքան բազմազան է, որ չենք կարող դրանք համակարգել... այնպես են ճյուղավորվել, որ նույնիսկ նրանք ունեն իրենց բողբոջները...
Մի՞թե մեր տարբերությունն է բաժանելու մեզ... մի՞թե մեր կարծիքներն են առանձնացնելու, զատելու մեզ … Մի՞թե մեր ստեղծած պատերերն են հեռացնելու մեզ, բաժանելու տարբեր կողմերի...Մի՞թե հնարավոր չէ համախմբվել հանուն ընդհանուր գործի…
«Թո՛ղ բոլորը մի լինեն»,- աղոթեց Հիսուսը...
Միասին ... միասնական… ոչ թե մի երկու հազար հոգով միավորված խմբերում, այլ միավորված մեկում... Մեկ եկեղեցի.. մեկ հավատ... Մեկ Տեր... պարզապես քրիստոնյաներ... Պարզապես Քրիստոս...
Շատ է իդեալիստական… անհնարին է հասնել ... Այդպես չեմ կարծում... ավելի դժվարին գործեր են արվել... Օրինակ՝ մի անգամ Արարիչը տվեց Իր կյանքն Իր ստեղծածի համար... Միգուցե այն ամենը, ինչ հարկավոր է մեզ, մեր սրտերն են՝ պատրաստ ընդօրինակելու...
Դե՛, իսկ դո՞ւք... Կարո՞ղ եք ափեր միացնող կամուրջներ կառուցել... Ազատարար պարան նետել անդունդի վրայով... Աղոթել միասնության համար...
Վախեցնող նմանություն կա զառ գցող զինվորների և մեր «խաղերի» միջև ...
Ինչի՞ մասին էր մտածում Հիսուսը... Ինչի՞ մասին է Նա մտածում այսօր...
Խաչի պատվանդանին զառախաղը դեռ շարունակվում է...