Միայնակությունը ցանկացած հիվանդությունից էլ ահավոր է. Մայր Թերեզա
Այսօր աշխարհում շատ են քաղցած և անտուն մարդիկ, սակայն քաղցը լինում է ոչ միայն մի կտոր հացի համար, այլ նաև՝ ջերմության և քնքշանքի: Տնանկությունը ոչ միայն գլխավերևում տանիք չունենալն է, այլև լքվածության զգացողությունը, որ դու ոչ մեկին պետք չես:
Բորոտությունն իրականում շատ ծանր հիվանդություն է և անպատմելի տանջանքներ է բերում, բայց դրանք էլ չի կարելի համեմատել այն մարդու տառապանքների հետ, ով սիրված չէ, լքված է և անպետք: Արևմուտքի երկրներում ապրող շատ ապահովված մարդկանց բացարձակ միայնակությունը ցանկացած հիվանդությունից էլ ահավոր է:
Մի անգամ Նյու Յորքում մի հարուստ անձնավորություն այցելեց մեր կենտրոններից մեկը և ասաց. «Այցելե՛ք ինձ, խնդրո՜ւմ եմ: Ես գրեթե լիովին կուրացել եմ, և իմ կինը, հավանաբար, շուտով կհեռանա ինձնից: Ես ու կինս մահանում ենք միայնակությունից: Ես ամեն բան կտայի, միայն թե կողքիս լսեի մեկ ուրիշի ձայնը»: Այս մարդն ապրում էր առանձնատանը և մեծ կարողության տեր էր: Բայց նա առավել դժբախտ էր, քան մեր կենտրոնում գտնվող ցանկացած բորոտ:
Հարուստների մեջ շատ մարդիկ կան, ովքեր անասելի աղքատ են հոգեպես: Հեշտ է կերակրել քաղցածին, անկողին տրամադրել նրան, ով չունի, բայց որքան դժվար է հաղթահարել չարությանը, ագրեսիային, հիասթափությանն ու միայնակությանը: Ահա թե որն է այսօրվա սովը: