Միակ Անունը...
2019 թվականի վերջին հանկարծ մարդկանց ականջին սկսեց հնչել մի նոր բառ՝ կորոնավիրուս.... մինչ այդ մարդիկ ապրում էին իրենց սովորական առօրյայով՝ շտապում էին աշխատանքի, ուսման, զվարճությունների, ոմանք՝ ծրագրեր էին կազմում եկող տարվա հետ կապված, ոմանք նոր երազանքներ ունեին, ձգտումներ, և ոչ ոք չէր պատկերացնի, որ իր կյանքը հնարավոր է գլխիվայր շուռ գա կամ այդքան շուտ ավարտվի: Մի պահ, կարծես, աշխարհը կանգ առավ և դեռ շարունակում է վախեցած և դանդաղորեն առաջ գնալ:
Մարդը, ով կարծում էր, թե ամեն բան կարող է, մի պահ հասկացավ, որ անգամ իր մեկ րոպեի տերը չէ: Շատ-շատերը, ովքեր չէին էլ ցանկանում լսել Աստծո մասին, այս օրերին հասկացան, որ Նա է միակն ու ամենակարողը, որ առանց Աստծո՝ իրենց կյանքը ոչինչ է, որ մի վիրուսն անգամ ունակ է ոչնչացնել: Այն մեծամիտ և ինքնահավան մարդը, ով վազում էր, վազում էր ու էդպես էլ չէր բավարարվում, կանգնեց՝ գիտակցելու իր անկարողությունը:
Այս օրերի ամենահետաքրքիր փաստն այն է, որ ամբողջ համացանցն ողողված է նկարներով, ուղերձներով, տեսանյութերով, որտեղ հազարավոր մարդիկ` աշխարհի տարբեր երկրներից, կանչում են «ՀԻՍՈւՍ» անունը:
«Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փկություն չկա, որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փկվել» (Գործք 4.12):
Այո՛, մարդը սկսում է գիտակցել, որ միայն Հիսուսի անվան մեջ կա փրկություն, միայն Նա է ամենազոր բժիշկը: Բազում տեսանյութեր և նկարներ ենք տեսնում, որտեղ խելացի և տարիներ շարունակ մեծ հաջողություններ գրանցած բժիշկներ, խոնարհվում են ամենակարող Աստծո առաջ և ընդունում իրենց անկարողությունը...
Ինչպիսին էլ մենք լինենք, գալիս են իրավիճակներ, որտեղ մենք դառնում ենք անկարող ու անզոր... իրավիճակներ, որտեղ մենք կարիք ունենք խոնարհվելու և տեսնելու Ամենակարողի մեծությունը:
Քրիստինե Աթոյան