Վերջին ժամանակների խնդիրը «փաթիլների» սերունդն է: Այսօր շատ հեշտ է երիտասարդներին «կոտրելը»: Նրանք հաճախ են վիրավորվում, սպասում, որ որևէ մեկն իրենց խղճա և, ընդհանրապես, չեն կարողանում դժվարություններին դիմակայել: Այդ իսկ պատճառով երիտասարդների շրջանում քիչ չեն հանդիպում ինքնասպանությունները: Բայց Աստված մեզ չի կանչել այդպիսին լինելու: Նա մեր մեջ ամուր հոգի դրեց և պատգամեց, որ անկախ դժվարություններից շարունակենք առաջ գնալ: Մարդը ստեղծված չէ թույլ լինելու, նա ստեղծված է անկոտրում լինելու: Այդ նպատակով Աստված մեզ տվել է Իր զորությունն ու Խոսքը, որը երկսայրի սուրից ավելի կտրուկ է:

Երբ զրուցում էի մի ամերիկացի մասնագետի հետ, նա ասաց. «Ավագ սերունդը մենք կոչում էինք «երկաթյա սերունդ», քանի որ նրանք պատերազմ էին անցել…Ոչինչ չէր կարող նրանց կոտրել, առավել ևս վիրավորել, քանի որ շատ ուժեղ էին: Իմ սերունդը կոչվում է «ոսկե սերունդ». ինչ-որ նախաձեռնեն, անպայման կհաջողեն, որովհետև սկզբունքներ և արժեքներ ունեն»։ Հետո նա շարունակեց. «Ինչ վերաբերում է նոր սերնդին, ես այն անվանել եմ «ձյան փաթիլների սերունդ»: Նրանք ափիդ մեջ արագ հալչում են, հեշտ հանձնվում են և վիրավորվում, նեղանում, ցանկանում են միայն ինտերնետում լինել և ուրիշ ոչինչ»:

Այսօր կան շատ մարդիկ, որոնք անընդհատ վիրավորված են: Ոչ ոք չի ցանկանում դժվարություններ վերապրել: Նույնիսկ եթե որևէ մեկն անպատասխան է թողնում նրանց սերը, կարող են ինքնասպանություն գործել: Զորավոր ու քաջ լինելը հենց այն է, ինչի կարիքը շատերն ունեն: Քրիստոսը զորավոր և քաջ էր: Մեր օրերի սերունդը հեշտ է հանձնվում՝ տեսնելով հալածանքներ և նեղություններ: Մեկ խոսքի պատճառով նրանք կարող են եկեղեցուց հեռանալ: Զորավոր լինել նշանակում է ամուր հիմքեր ունենալ: Այսօր մարդիկ բաժանվում են, քանի որ հաստատուն չեն իրենց խոստման մեջ: Ահա և «փաթիլների» ցուցանիշը:

Երբեմն մենք սկսում ենք Աստծո սիրո հետ խաղ անել: Ամեն բան պտտվում է միայն «Աստված ինձ սիրում է» արտահայտության շուրջ: Այո', մենք պետք է աշխարհի մարդկանց սիրենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դառնանք աշխարհիկ և մեղքի հարցում փոխզիջման գնանք: «Փաթիլները» տկար են մեղքի առաջ:

Մեկ անգամ Աստված Մովսեսին ասաց. «Օձի պոչից բռնիր»: Հայտնի է, որ օձին վզից են բռնում, սակայն Մովսեսը հնազանդվեց, և օձը գավազան դարձավ: Այսօր մենք ցանկանում ենք փախչել մեր խնդիրներից: Պետք չէ այդպես վարվել: Երբեք չվախենաս դժվարություններից, և դրանք քեզ կզինեն:

Եթե ուզում ես կայանալ որպես մարդ, նեղություններ ես ունենալու: Ուղղակի ընդունիր սա: Աստծո հետ ամենազորավոր հանդիպումները տեղի են ունենում դժվարությունների ժամանակ: Աշխարհում մարդկանց հակադեպրեսանտ դեղեր են նշանակում, քանի որ մարդիկ ուզում են, որ միշտ իրենց լավ զգան: Սակայն, խուսափելով դժվարություններից, իրենք իրենց զրկում են Աստծո հետ զորավոր հանդիպում ունենալուց:

«Փաթիլների» բնավորության գծերից մեկը ինքնախղճահարությունն է: Երբեք ինքդ քեզ մի՛ խղճա: Սա սատանայի ամենաահավոր զենքն է: Աշխարհում կան ինքնասպանություններ, որովհետև մարդիկ ուզում են, որ իրենց խղճան: Արթնացի՛ր, առաջ շարժվիր, ունեցիր շնորհքի կյանք և ապրիր ապաշխարությամբ: Այսօր, չգիտես ինչու, որոշ մարդիկ մտածում են, որ ապաշխարությունն այլևս անհրաժեշտ չէ: Իբրև թե, միայն կրոնավոր մարդիկ են ապաշխարում: Բայց ես ձեզ կասեմ` հենց ուժեղ մարդիկ են ընդունակ ապաշխարելու, ինչպես Դավիթ թագավորը: Միայն ապաշխարությունն է հոգին ազատագրում: Եվ այսօր սատանան ուզում է այդ զենքը խլել քրիստոնյաներից:

«Փաթիլների» բնավորության ևս մեկ գիծն այն է, որ նրանք ցանկանում են, որ բոլորը նրանց սիրեն: Երբ նկատողություն են լսում, նրանք մատնանշում են, որ միևնույն է, Աստված նրանց սիրում է այնպիսին, ինչպիսին որ կան: Բայց չէ՞ որ Աստված ցանկանում է, որ նրանք կավից ոսկի դառնան:

Մեկ անգամ Ամերիկայում մի եկեղեցու երիտասարդական հովիվ ինքնասպան էր եղել: Նա լավ քարոզիչ էր, սակայն… մեղանչել էր, շնություն էր գործել իր քարտուղարուհու հետ: Կինն ապահարզան էր պահանջել, նրան ծառայությունից հեռացրել էին: Նա չկարողացավ այդ բեռը կրել: Եվ ահա, ցավալի ավարտ՝ ինքնասպանություն: Ամբողջ պատճառն այն էր, որ նա «փաթիլի» բնավորություն ուներ: Նրա սրտում ապաշխարելը տեղ չէր գտել, բացակայում էր ներում խնդրելու զորությունը, չէ՞ որ նա փաթիլ էր:

Մի՛ եղիր «փաթիլ»: Զորացիր և քաջ եղիր: Դու ունես այդ զորությունն Աստծուց: Հիշիր, որ կանչված ես դեպի լավը փոխելու քո շրջապատը՝ կյանքդ, քաղաքդ, երկիրդ, եկեղեցիդ: Չգիտես ինչու Հովսեփը, որը բանտում հայտնվեց, անմեղ լինելով, չսկսեց ինքն իրեն խղճալ և Աստծուց վիրավորվել: Այնպես որ, մի կոտրվիր, Աստված քեզ կբարձրացնի:

Այս օրերին պետք է Աստծո զորությունով լցվել: Ուժ է պետք, որպեսզի տունդ լցնես խաղաղությամբ, ուրախությամբ և արդարությամբ: Աստծո Արքայությունը հենց այնպես չի գալիս: Ամեն բան ջանք անելով է ձեռք բերվում: Մենք պետք է նախանձախնդիր լինենք այս բաներին: Որոշ մարդիկ ամուսնանում են և մտածում, որ այս ամենն ինքնըստինքյան գալու է իրենց կյանքի մեջ: Դա այդպես չէ: Պետք է դու այն ընտանիք բերես, ջանք գործադրես, որպեսզի տանը ճիշտ մթնոլորտ լինի: Եվ այսպես կյանքիդ յուրաքանչյուր բնագավառում:

«Փաթիլների» ևս մեկ բնորոշ գիծն այն է, որ նրանք մերժված են: Այսօր շատ է խոսվում մերժվածության մասին: Ես հավատում եմ որդեգրությանը, որ մենք այլևս մերժված չենք Քրիստոսում: Հենց սա է Աստծո շնորհքը:

Ինչու՞ են մարդիկ այսքան նրբազգաց դարձել: Որովհետև չեն ուզում ինքնուրույն առաջ շարժվել: Պետք է մշտապես շարունակել առաջ շարժվել: Ուժեղ մարդիկ այսպես են վարվում: Միայն այսպես կարելի է գնալ մինչև վերջ: Այլապես ի՞նչ են մարդիկ անելու հակաքրիստոսի ժամանակներում, երբ եկեղեցին հալածանքի է ենթարկվելու: Մենք ապրում ենք վերջին ժամանակներում և այս ժամանակ «փաթիլ» լինելն ուղղակի չի ստացվի, այլապես մարդը կկոտրվի:

Միգուցե քո կյանքն իրոք դժվար է եղել: Ես քեզ կասեմ. առաջ գնա: Այսօր յուրաքանչյուրը փնտրում է, որ իրեն խղճան: Քչերն են ուզում ունենալ մի մարզիչ, ով կասի. «Կարևոր չէ, որ ցավոտ է, առա՛ջ վազիր: Ավելի լավ է առանց ոտքի մտնել Աստծո Արքայություն, քան երկու ոտքով դժոխք գնալ»:

Այսօր շատերը վախենում են, որ հանկարծ մեկին չնեղացնեն. ասում են` պետք է պահպանել քաղաքական կոռեկտությունը: Պատկերացրեք` ինչ կլիներ, եթե բժիշկը մտածեր, որ ոչ ոքի չպետք է ցավ պատճառի: Աստծո Խոսքը պետք է թագավորի: Ճշմարտությունը չի փոխվում: Ենթադրում եմ` շուտով նա, ով ասի, որ պետք է ապաշխարել, դևերից ազատագրվել, հալածվելու է, քանի որ այս ուսմունքը հաճելի չի լինելու մարդկանց: Սակայն Աստված հաստատել է Իր Խոսքը:

Եղե՛ք «ոսկե սերունդ»: Ազատվե՛ք «փաթիլի» բնավորությունից: Մի՛ վախեցեք դժվարություններից: Երբ մեզ դժվար է, Աստված մեզ հետ է: Եթե այդքան հեշտ է քեզ նեղացնել, վիրավորել, դու հեռու չես գնա: Եթե այդպես շարունակես, բոլորի կողմից վիրավորվելու ես: Եվ այսպիսով, թանկագիններս, Աստված մեզ չի կանչել մեր կյանքը պատմելու, Նա կանչել է մեզ Ավետարանը քարոզելու: Այո', Աստված կանչել է մեզ Նրա Խոսքը հռչակելու:

Արթուր Սիմոնյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.