Մի՛ ասա, թե սիրում ես Աստծուն, եթե չես սիրում մարդկանց
Ամենուր, ուր գնում եմ, լսում եմ, թե ինչպես են քրիստոնյաները քննադատում եկեղեցին և բողոքում, որ չեն կարող մասնակցել որոշ ժողովների: Մենք շտապում ենք դատապարտել և դատապարտել․․․ Այսօր եկեղեցուց դուրս եղողները պատճառների երկար ցուցակ ունեն, թե ինչու չեն կարող Աստծուն երկրպագել այլ քրիստոնյաների հետ.
- «Ես համաձայն չեմ նրանց բոլոր վարդապետությունների հետ»․
- «Հովիվը շատ երկար է քարոզում»․
- «Ինձ այնքան էլ դուր չի գալիս երկրպագության ոճը»․
- «Եկեղեցին փակվեց համավարակի ժամանակ» (կամ «եկեղեցին չի փակվել համավարակի ժամանակ»)․
- «Հովիվը նշեց մի քաղաքական գործչի, որին ես չեմ պաշտպանում» (կամ «Հովիվը չի նշել իմ սիրելի քաղաքական գործչի մասին»)․
- «Եկեղեցու անդամը համացանցում մի բան է տեղադրել, որը վիրավորել է ինձ»․
- «Եկեղեցու անդամը բողոքել է այն ամենից, ինչ ես տեղադրել եմ համացանցում»․
- «Երբ ես եկա, ոչ ոք ինձ հետ չխոսեց» (կամ «Շատ մարդիկ ողջունեցին ինձ, և ես ինձ անհարմար զգացի»):
Իրականում հազար ու մի պատճառ կա, որից դու կարող ես վրդովվել։ Բայց քո գործը դրանք հաշվելը չէ. պետք է ամեն անգամ ներել: Պետրոս առաքյալը մեզ հորդորում է. «Մաքուր սրտով, ջերմորեն սիրե՛ք միմյանց» (Ա Պետրոս 1.22), և այդպիսի սերը ներում է պահանջում:
Բայց մենք դարձել ենք դժգոհության սերունդ. մենք զայրացած ենք, և մեր սիրո պակասը զրոյացնում է այն, ինչ Աստված ցանկանում է, որ մենք ցույց տանք: Հովհաննես առաքյալը գրում է. «Նա, ով ասում է, թե լույսի մեջ է և ատում է իր եղբորը, նա դեռևս խավարի մեջ է։ Նա,ով սիրում է իր եղբորը, լույսի մեջ է բնակվում, և նրա մեջ գայթակղության պատճառ չկա» (Ա Հովհաննես 2.9-10):
Այլ կերպ ասած՝ դու չես կարող ասել, որ սիրում ես Աստծուն, եթե ատում ես Նրա հետևորդներին: Եթե ատում ես եկեղեցին, հաստատ Աստծուն չես սիրում։ Մեր սերը միմյանց հանդեպ պետք է լինի անկեղծ, ոչ թե շինծու, պարտադրված կամ ձևական: Մեր սերը պետք է լինի ջերմ, ոչ թե սառը, այն պետք է լինի զգացմունքային, ոչ թե չոր։ Մեր ջերմ սերը միմյանց հանդեպ բխում է Հիսուսի հանդեպ մեր սիրուց: Եթե ցանկանում ես հոգեպես հասուն լինել, պետք է սիրես մարդկանց՝ անկախ նրանից, թե ինչպես են նրանք վերաբերվում քեզ: Եկեղեցին վերացնելը տարբերակ չէ. սիրտդ փակելը և մեկուսացման մեջ ապրելն անհաս և եսասիրական է:
Եթե քո սերը սառել է, խնդրի՛ր Աստծուն հեռացնել վրդովմունքը և կրկին հրավիրել Իր ժողովրդին քո սիրտ:
Հեղինակ՝ Ջ. Լի Գրեդի, ieshua.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը