Ապրումներ, որոնց մասին չէի կարող չկիսվել այս բեկումնային օրերին.

Ես շատ եմ ուզում, որ թշնամու զորքի և զորության ողնաշարը կոտրվի (և կլինի):

Ես շատ եմ ուզում, որ մեր ազգի և Արցախի դեմ ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության դժոխային ծրագիրը քարուքանդ լինի (և կլինի):

Ես շատ եմ ուզում, որ թշնամին իր ամբարտավան, գոռոզ և գազանային պահվածքի համար արժանանա Աստծո հարվածին, և այդ երկեղջյուրանի խոյը, ի վերջո, տապալվի (Աստված լավ գիտի, թե ինչպես, և կլինի):

Ես շատ եմ ուզում, որ մեր քաջ, լուսավոր տղերքի արյունն այլևս չհոսի, իսկ հաղթանակը թշնամու համար ցավոտ և զգետնող լինի։

Բայց կա մի բան, որ հաստատ չէի ուզի.

չէի ուզի, որ պատերազմը մեզ ներքուստ դաժան ու անգութ դարձնի։

Չէի ուզի, որ ատելությունն ու չարությունը մեզ թունավորի։

Չէի ուզի, որ մեր ներաշխարհում Քրիստոսի ներկայությունը կորի։

Իրենք, այո', ընդունակ են բարբարոսաբար հարվածելու ծննդատանը, եկեղեցուն, մոր և մանկանը, նաև հրճվելու դիակների վրա, բայց մենք հայ ենք, քրիստոնյա, մենք ուրիշ ենք, մենք չենք կարող նրանց նման դառնալ։ Եթե նրանց նմանվենք, ապա կպարտվենք, թեկուզ ռազմի դաշտում փառապանծ հաղթենք։

Ասել եմ ու կասեմ. մեզ չպետք է առաջնորդի ատելությունը (դա ծանր բեռ է, խաղաղ ժամանակ մեզ դեռ ապրել է պետք լինելու), այլ պետք է առաջնորդի սերը' սերը սեփական ազգի, հայրենիքի, հող ու ջրի հանդեպ (սերը մեզ ավելի կվեհացնի ու կազնվացնի):

Անկասկած, թշնամու հանդեպ պիտի լինենք կոշտ և վճռական, պատժենք ու դաս տանք, որ իր եկած ճամփով ետ փախչի, բայց թող դրա հիմքում լինի ոչ թե ատելությունը, որը կթուլացնի մեզ, այլ' սեփական ազգի հանդեպ սերը, որը կզորացնի մեզ։

Սա փորձություն է, որը դժվար է լինելու, բայց ամեն բան կարող ենք մեզ զորացնող Հիսուս Քրիստոսով։

Ընտրությունը մերն է։

Արմեն Լուսյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.