Մեր պայքարն արդար է, հույսն ու ապավենը՝ Տեր Աստված
«Նրանցից մի՛ վախեցեք, հիշեցե՛ք մեր մեծազոր և ահարկու Աստծուն եւ պատերազմեցե՛ք ձեր եղբայրների, կանանց ու որդիների, դուստրերի եւ ձեր տների համար»։ (Նեեմիա 4.13)
Աստվածաշնչյան այս համարը հստակ ցույց է տալիս թշնամիների նկատմամբ պատերազմում հաղթելու երեք կարևոր նախապայմանները.
✅ ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ - Առաջին և ամենակարևոր նախապայմանը վախը մեզանից հեռու վանելն է։ Չպետք է վախենալ ոչնչից և ոչ մեկից։ Նոր Կտակարանն ասում է «Սիրո մեջ երկյուղ չկա. և կատարեալ սերը հեռու է վանում երկյուղը»։ (Ա.Յհ 4:18) Աստծո, մեր հայրենիքի, մեր ընտանիքների նկատմամբ սերը թող հեռու վանի ամեն վախ ու կասկած մեր սրտերից։
✅ ՀԻՇԵՑԵ՛Ք - Երկրորդ նախապայմանը մտքի կենտրոնացումն է և հիշողությունը։ Վտանգների մասին անհանգստանալու և մտահոգվելու փոխարեն, պետք է հիշենք մեր Ամենազոր Աստծուն և մեր միտքը կենտրոնացնենք Նրա խոստումների և հավատարմության վրա։ Վստահեք ու ապավինեք Նրան և չթողնենք, որ իրավիճակներն ու հանգամանքները սասանեն մեր հավատքը։
✅ ՊԱՏԵՐԱԶՄԵՑԵ՛Ք - Եվ վերջապես՝ երրորդ նախապայմանը պատերազմելու վճռականությունն է։ Անվախ և անվարան հավատքով պետք է մարտնչենք և պատերազմենք թշնամու դեմ։ Թշնամու սպառազինությունը թեև զորավոր է, իսկ վտանգները՝ իրական, սակայն մեր Տեր Աստված ամենազոր և ահարկու է, իսկ մեր զինվորների կամքը՝ հաղթական։
Մեր պայքարն արդար է և մեր հույսն ու ապավենը՝ Տեր Աստված, և ինչպես Աստվածաշունչն է ասում. «Տերը սիրում է իրավունքը, և իր սրբերին երեսի վրա չի թողնում, այլ հավիտյան պահպանում է նրանց։ Անօրենները կքշվեն կգնան միասին, եւ ամբարիշտների սերունդը կոչնչանա։ Իսկ արդարները կժառանգեն երկիրը և հավիտեանս հավիտենից կբնակվեն նրա մեջ։ (Սաղմոս 36.29-30)
Մեսրոպ վարդապետ Պարսամյան