Երբևիցե եղե՞լ են օրեր, երբ թվում է, թե հույս չկա, երբ թվում է, թե հողը փախչում է ոտքերիդ տակից: Ձեզանից ոմանք հնարավոր է հիշեն «Hee Haw» հեռուստաշոուն, այնտեղ այսպիսի մի փոքրիկ երգ կար.

«Խավար, հուսահատություն ու տանջանք իմ առջև,

Խորը, մռայլ ընկճվածություն ու մեծ տառապանք,

Եթե չլինեին իմ անհաջողությունները,

Ես երբեք էլ հաջողություն չէի ունենա,

Խավար, հուսահատություն ու տանջանք իմ առջև»:

Մի՞թե չեն լինում այդպիսի օրեր, շաբաթներ կամ նույնիսկ տարիներ, երբ ունենում ենք հենց այսպիսի զգացողություն: Դավիթը այն զգացել և նույնիսկ արտահայտել է իր 13-րդ սաղմոսում, երբ գրել է` լավ օր չէ.

«Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես ինձ մոռանալու, հավիտյա՞ն, մինչև ե՞րբ ես քո երեսն ինձնից ծածկելու: Մինչև ե՞րբ եմ հոգուս մեջ խռովվելու` ամեն օր սրտիս մեջ տրտմություն ունենալով. Մինչև ե՞րբ է թշնամիս վրաս բարձրանալու: Նայի՜ր, ո՜վ իմ Տեր Աստված ու լսի՜ր ինձ» (Սաղմոս 13:1-3ա):

Այդ պահին Դավիթն իր հուսահատ և դատապարտված հոգեվիճակով կարող էր միանալ «HeeHaw» հեռուստաշոուի դերասանական կազմին: Ի վերջո այդ պահին նա հուսալքված էր: Սակայն Դավիթը գիտեր մի գաղտնիք, և Աստված ցանկանում է, որ մենք բոլորս իմանանք այդ գաղտնիքի մասին: Այն հուսալքության ժամանակ մեզ կլցնի հույսով:

Դավիթն այսպես է շարունակում սաղմոսը. «Լուսավորի՜ր իմ աչքերը, որպեսզի մահվան քնով չքնեմ: Չլինի թե թշնամիս ասի. «Հաղթեցի նրան»: Կամ թե ինձ նեղողներն ուրախանան, որ սասանվեցի» (Սաղմոս 13:3բ-4):

Առաջին գաղտնիքը, որպեսզի մեր հուսահատությունը լեցնենք հույսով, սա է՝ մեր խնդիրները հայտնի դարձնենք Աստծուն: Միևնույն ժամանակ նկատեք, որ Դավիթը Աստծուն խնդրում էր, որ լուսավորի իր կյանքը: Այլ կերպ ասած` ուղղությունը խնդրից շեղում էր դեպի ելք` Աստված:

Տեսնե՛նք Սաղմոսի շարունակությունը. «Բայց ես Քո ողորմությանը հուսացի, իմ սիրտը Քո փրկությամբ է ցնծալու: Երգելու եմ Տիրոջը, քանի որ ինձ հետ գթառատ վարվեց» (Սաղմոս 13:5-6):

Դավիթը սկսում է հաշվարկել իր քայլերն Աստծո հետ: Նա հիշում է Աստծո ողորմության մասին և որոշում ցնծալ և ուրախանալ:

Գաղտնիքը հենց սա է` հուսահատությունը մեզանից գողանում է մեր խանդավառությունը և ուրախությունը: Այսպիսով, երբ մենք փոխում ենք մեր դիրքորոշումը, այսինքն՝ մեր կենտրոնացումը խնդրից տեղափոխվում է դեպի Աստված, ետ է վերադառնում մեր խանդավառությունն ու ուրախությունը: Սա հենց այն կարևորագույն հիմքն  է, որը պարարտ հող է ստեղծում և աճեցնում մեր հույսը: Եվ երբ պարարտանում է այդ հողը, մենք ավելի ուժեղ ենք դառնում:

Հույսը պետք է անբաժան լինի հավատացյալից Աստծո հետ քայլելու ճանապարհին, և դրա մասին կարելի է կարդալ Աստվածաշնչի 121 հատվածներում:

Հույս բառի նշանակությունը խորապես կարելի է տեսնել եբրայերեն ու հունարեն լեզուների մեջ, որտեղ այն մի քանի իմաստներ ունի, ևմեկը մյուսից ավելի զորեղ է: Մենք պետք է հասկանանք, որ աստվածաշնչյան հույսն ուղղակի ցանկության կամ երազանքի նման բան չէ. այն լի է սպասումներով, իսկ այդ սպասումները լի են ակնկալիքներով: Երբ քո հույսը մշակված է Աստծո թագավորության շուրջ, այն աճեցնում է հավատք, և քո՝ անհնարին թվացող երազանքները դառնում են հնարավոր Աստծո հավատարմության շնորհիվ:

Աշխարհի համար հույսը զուտ զգացողություն է, բայց աստվաշնչյան հույսը հաստատուն հիմք է` անսասան, կայուն և երկնային արքայությանը հավասար:

Հույսն ինքնաբուխ չէ, բայց  նրան կարելի է մշակել, և այն կարող է աճել:

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Աղբյուր` charismamag.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.