Հայ երգչուհի(Սոպրանո), Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե (Սվետլանա) Զաքարյանը հունիսին կդառնար 86 տարեկան․․․

Նա ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին, Վրաստանի Ջավախքի շրջանի Ախալցխա քաղաքում։ Լուսինե Զաքարյանը սերում է երաժիշտների գերդաստանից։

Երևան տեղափոխվելուց հետո Լուսինեն սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին` Հրանտ Գևորգյանին, խնդրեց թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմեց Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական եղավ: Այնուամենայնիվ Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրեց, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել: Լուսինեի առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ եղավ Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով՝ նա պատվիրեց անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորեց իր ողջ կյանքի ընթացքում:

1968 թվականին ամուսնացել է շարականագետ, բանասեր, երգիչ Խորեն Պալյանի հետ, ում օգնությամբ ավելի է խորացել հայ միջնադարյան երաժշտության և հոգևոր երգեցողության մեջ։

Լուսինեն, նախ՝ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝ Խ.Պալյանի ջանքերով սովորեց հայերեն եւ գրաբար, և նվիրվեց հայ հոգևոր երաժշտությանը: Լուսինեի եզակիությունը հայ մշակույթի համար նրա պատմական դերի մեջ էր: Նա կարողացավ անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար: Խորհրդային իշխանության պայմաններում Լուսինեն կարողացավ եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց և դարձնել համաժողովրդական: Հոգևոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ժողովուրդն ընդունեց գարնանային թարմ ու կենարար օդի պես:

Լուսինեն գերեց ու «գրավեց» ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդրի սիրտը:

Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները:

Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ: Լուսինեի համար է կոմպոզիտոր Ա.Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Ս. Կապուտիկյանը, Վ. Դավթյանը, Պ. Սևակը, այլազգի բանաստեղծներ:

Շնորհիվ հոգեթով ձայնի՝  Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան:

Լուսինեն մահացավ 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին:

Նրա մասին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն ասել է․«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», բոլոր հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար»։

Հիշեցնենք, որ սույն թվականին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Նորքի 7-րդ փողոցն անվանակոչվել է երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.