Լավագույն բանը, որ կարող ենք անել այս օրերին․․․
Խոսելով Ուկրաինայի ողբերգական դեպքերի մասին՝ յուրաքանչյուրս պետք է շատ զգուշավոր լինենք մեր արտահայտությունների մեջ՝ բացառելով չարախնդությունն ու «տեղն ա ձեզ» կոչերը։ Եվ դա ունի մի քանի հիմնավորում։
Նախ, պատերազմն աղետ է և ամենուրեք նույն դեմքն ունի։
Որպես պատերազմ տեսած ժողովուրդ, մենք լավ ենք հասկանում, թե ինչ է կատարվում թե՛ Ուկրաինայում և թե՛ Դոնբասում։ Չարախնդալը պարզապես ցույց է տալիս մեր գիտակցության և բարոյական աստիճանը։
Երկրորդ, Ուկրաինայում շուրջ 500.000 հայություն է ապրում, որոնց ընտանիքները, տները, բիզնեսները նույքան սպառնալիքի տակ են, որքան բոլոր ուկրաինացիներինը։ Եվ Ուկրաինայի հայ համայնքը բոլոր պատերազմների ժամանակ կանգնած է եղել Հայաստանի և հայ ժողովրդի կողքին։
Երրորդ պատճառը թերևս ամենակարևորն է ինձ համար. որպես քրիստոնյաներ մենք պետք է խաղաղարար ու խաղաղության որդիներ լինենք։
Իրականում մեր աչքերի առաջ տեղի է ունենում մի մեծ ողբերգություն։ Վճռվում է մի հսկա երկրի և ուկրաինացի ազգի ճակատագիրը։ Անկախ քաղաքական կողմնորոշումներից մենք պետք է մեզ ծայրաստիճան զուսպ պահենք այս օրերին և թեկուզ հենց մեր իսկ հայրենակիցներին հարվածի տակ չդնելու համար։
Լավագույն բանը, որ կարող ենք այս օրերին անել որպես քրիստոնյա, աղոթելն է, որ շուտափույթ ավարտվի այս դժոխային մղձավանջը, քանի որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում չի կարող չազդել մեր հայրենիքի վրա։