Լավ փոխհարաբերությունները կարող են տուժել խոսքերի պատճառով
Այսօր աշխարհը սիրո կարիք ունի: Ամեն մարդ, կամա, թե ակամա, սեր է փնտրում:
Յուրաքանչյուր անհատի ամենախոր ցանկությունը սիրելու և սիրված լինելու ցանկությունն է: Երբեմն հեշտ է հասնել այդ «սիրել և սիրված լինել» ձգտմանը, բայց այն պահպանելը, թերևս, դժվար է:
Ուստի ամուր սեր և առողջ հարաբերություններ պահպանելու համար հարկ է զգոն լինել և ջանք անել՝ ամեն բանով բարձրացնել միմյանց:
Որևէ բան ասելուց առաջ հարցրե՛ք ինքներդ ձեզ` «Իմ խոսքերը քաջալերելո՞ւ են, հորդորելո՞ւ են, թե՞ ավերելու և ծվատելու են նրան»: Հա՛րց տվեք ձեզ. «Ես ի՞նչ կարող եմ ասել իմ կնոջը կամ ամուսնուն հենց հիմա, և արդյոք դա կհորդորի՞, կոգեշնչի՛ և կուրախացնի՞ նրան»:
Հիշե՛ք՝ լավ փոխհարաբերությունները կարող են տուժել մեր խոսքերի պատճառով:
Համաձայն Աստվածաշնչի՝ ամուսնուն քաջալերելու, հորդորելու ձևը կնոջ համար պետք է լինի իր բարյացակամ արձագանքը ամուսնու սիրո խոստովանություններին: Բացի դրանից, կինը կոչված է հարգանք ցուցաբերելու ամուսնու հանդեպ, հրճվելու, զմայլվելու նրանով, գովելու և գնահատելու նրան և պատրաստակամությամբ ու սիրով բավարարելու նրա կարիքները:
«Խրատի» հունարեն բառը հիշեցնում է մի կարևոր բան: Այն կազմված է երկու բառերից՝ «oikodemeo», «oikos» նշանակում է տուն, «demeo»՝ կառուցել: Երբ մենք խրատում ենք միմյանց, ապա, միևնույն ժամանակ, տուն ենք կառուցում: Տունը երբեք չի դառնա այն անհրաժեշտը, քանի դեռ մենք չենք սովորել իրար խրատել:
Այն փաստը, որ խրատը էներգիայի աղբյուր է, որը կարելի է չափել լաբորատորիայում, գործիքի միջոցով ապացուցել է ոմն դոկտոր Հենրիխ Գուդարդը: Այդ գործիքը չափում էր հոգնածությունն ու առողջությունը: Եթե հոգնած երեխային, որի մարմնին ամրացված էր այդ սարքը, ասում էին. «Կեցցե՛ս դու, ապրե՛ս», ապա սարքը ցույց էր տալիս դրական էներգիա, իսկ հիասթափությունը և քննադատությունը հակառակ ազդեցությունն ունեին, որը նույնպես չափվում էր:
Եթե ամուսինը կամ կինը վախենում են, թե իրենց կվիրավորեն կամ կոպիտ կպատասխանեն, ճիշտ չեն հասկանա կամ կքննադատեն, ապա նրանց դժվար է մոտենալ, դիպչել միմյանց և ազատ խոսել: Դրա համար շատ կարևոր է, որ մենք սովորենք իրար վստահել:
Պետրոսի առաջին ուղերձի 4.8-ը խոսում է այն մասին, որ «սերը ծածկում է մեղքերի շատությունը»: Իսկ կորնթացիներին ուղղված առաջին նամակում ասվում է, որ «սերը շինում է»:
Սթեն Նիլսոն
«Սիրահարություն, սեր, ամուսնություն» գրքից