Ներումը մեկանգամյա գործողություն չէ, այլ ապրելակերպ, որը միտված է մեզ տալու Քրիստոսի մեջ եղած բոլոր օրհնությունները: «Բայց ես ասում եմ ձեզ,Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար. 45 Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. Որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ»(Մատթեոս 5.44-45):

Ըստ Հիսուսի՝ մենք չենք կարող ընտրել, թե ում ներենք կամ չներենք: Մենք չենք կարող ասել. «Դու ինձ շատ ես վիրավորել, այնպես որ ես չեմ ներում քեզ»: Քրիստոսը մեզ ասում է. «Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք. Չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում» (5.46):

Էական չէ, թե ումից ենք մենք վիրավորված: Եթե մենք այն շարունակաբար պահենք մեր ներսում, դա կհանգեցնի դառնության, որը կթունավորի մեր կյանքի բոլոր բնագավառները: Չներելը կբերի հոգևոր սովի, թուլության և հավատքի կորստի՝ տառապեցնելով ոչ միայն մեզ, այլև մեր շրջապատում գտնվող բոլոր մարդկանց:

Իմ ծառայության անցած հիսուն տարիների ընթացքում ես տեսել եմ սարսափելի ավերածություններ այն մարդկանց կյանքերում, ովքեր հրաժարվել են ներման գաղափարից: Սակայն ես նաև տեսել եմ ներողամիտ հոգու փառահեղ ուժը: Ներումը վերափոխում է կյանքը՝ պատճառ դառնալով երկնային օրհնությունների պատուհանների բացման: Այն ամբողջապես լեցնում է մեր հոգևոր օրհնության բաժակը՝ Սուրբ Հոգով փոխանցելով առատ խաղաղություն, ուրախություն ու հանգիստ: Այս հարցի շուրջ Հիսուսի ուսմունքը շատ յուրահատուկ է, և եթե ցանկանում եք տեղափոխվել օրհնության այս հրաշափառ տիրույթ, ուրեմն՝ ուշադրություն դարձրե՛ք և ընդունե՛ք Նրա հետևյալ խոսքերը.

«Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կ’թողէ։ Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները»(Մատթեոս 6.14-15):

Չսխալվե՛ք. Աստված այստեղ մեզ հետ գործարք չի կնքում: Նա չի ասում. «Քանի որ դուք ներել եք ուրիշներին, Ես էլ ձեզ կներեմ»: Մենք երբեք չենք կարող վաստակել, արժանանալ Աստծո ներմանը: Միայն Քրիստոսի թափած արյան միջոցով է, որ մենք դառնում ենք արժանի մեղքի ներմանը:

Փոխարենը Քրիստոսն ասում է. «Մեղքի լիակատար ներման համար պահանջվում է, որպեսզի դուք ներեք ուրիշներին: Եթե դուք ձեր սրտում չունեք ներում, նշանակում է՝ դուք չեք խոստովանել ձեր բոլոր մեղքերը: Ճշմարիտ ապաշխարությունը նշանակում է խոստովանել և հրաժարվել ամեն մի նեղսրտվածությունից, խաչել դառնության յուրաքանչյուր հետք՝ ուղղված ուրիշներին»:

Սա զուգահեռներ է տանում Նրանից ստացած երջանկությանը.«Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կ’գտնեն» (Մատթեոս 5.7)։ Նա մատնանշում է. «Ների՛ր ուրիշներին, որպեսզի կարողանաս տեղափոխվել որդիական օրհնությունների և ուրախություն տիրույթ: Դրանից հետո միայն Աստված կարող է առատորեն քեզ վրա թափել Իր սերը: Եվ երբ ներում ես, բացահայտում ես Հոր էությունն ու սերը՝ ուղղված աշխարհին:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.