Ամենածանր պահին Նա կպահի. Դեյվիդ Ուիլքերսոն
«Տիրոջ ողորմութիւններն են, որ չ’վերջացանք, որովհետեւ չ’պակասեցան նորա գթութիւնները. Նորանք ամեն առաւօտ նորանոր են. Մեծ է քո հաւատարմութիւնը» (Ողբ Երեմիա 3.22-23):
Իր կյանքի ամենադժվար պահին Երեմիան հայտնաբերեց մի փառահեղ ճշմարտություն, որը նոր հույս ու վստահություն շնորհեց նրա մտքին: Իրականում նա արդեն գիտեր այդ ճշմարտությունը, բայց այն չէր տպավորել նրան այնքան, որքան որ հենց այդ կարիքի պահին: Նա հայտնաբերեց, որ երբ նա ընկավ խորը «անդունդը», Աստված այնտեղ էր:
Այսպիսով, ճշմարտությունն այն է, որ Աստված ոչ թե պետք է մշտապես գտնվի «այնտեղ՝ վերևում»՝ անխռով երկնքում, այլ մեր վշտի և հուսահատության ստվերներում նաև:
Երբ Երեմիան ամբողջապես խոնարհվեց, նա հանդիպեց Աստծուն: Նա խորը վշտով ընկավ կարեկցող Հոր հավատարմության առջև և աստիճանաբար սկսեց ընկալել շատ ճշմարտություններ:
Երբ դուք այնքան ընկճված եք, որ դժվարությամբ եք կարողանում «թերթել» օրը, Աստծո Խոսքն ասում է. «Տիրոջ ողորմութիւններն են, որ չ’վերջացանք, որովհետեւ չ’պակասեցան նորա գթութիւնները. Նորանք ամեն առաւօտ նորանոր են. Մեծ է քո հաւատարմութիւնը» (Ողբ Երեմիա 3.22-23):
Եթե Տերը թույլ է տվել, որ վիշտն ու ցավը գան քո կյանք, ապա Նա միանշանակ սատարելու է քեզ Իր առատ կարեկցանքով, ողորմությամբ ու սիրով (3.32):
Աստված ցավում է քեզ հետ քո ցավի մեջ: Նա նպատակ չունի ջախջախել քեզ Իր ոտքի տակ այն պահին, երբ դու տկարացել ես (3. 33-34): Երբ ծանր վիճակում ես, դիմի՛ր Տիրոջը և գովաբանի՛ր Նրա անունը: «Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը» (3.41): Հենց այդ ժամանակ Աստված կմոտենա քեզ և կշշնջա. «Մի՛ վախեցիր» (3.57):
Երեմիան կոտրված սրտով գրեց Ողբերի գիրքը՝ սգալով Երուսաղեմի կործանումը: Նրա ուժն ու հույսն անհետացել էին. նա դատարկվել էր, բայց և միաժամանակ խոնարհվել: Նա ամբողջովին ապավինեց Տիրոջ ողորմություններին և կարողացավ վկայել. «Ուստի ես հույս ունեմ» (3.21):
Չկա այնպիսի մարդկային իրավիճակ, որն այնքան մռայլ ու անհույս լինի, որ Աստված չկարողանա գալ ընդառաջ՝ հույս տալու:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org