Ուզում եմ ձեզ հետ կիսվել այս պատմությամբ, որը հիմնված է իրական դեպքերի վրա:

Սովորության համաձայն ընկերներով հավաքվել էինք ՛՛Կռունկ՛՛ ռեստորանի առջև և սպասում էինք դիսկոտեկի ՛՛մեկնարկին՛՛։ Թաղում հայտնի էինք, ի՞նչ մեղքս թաքցնեմ: Հեղինակություն և հարգանք էինք վայելում նաև ՛՛Կռունկ՛՛ ռեստորանի տնօրինության կողմից։ Մի խոսքով, ունեինք արտոնյալ դիրք և զգում էինք մեզ տանտիրոջ կարգավիճակում։

Թերևս դա էր գրավում բազմաթիվ աղջիկների ուշադրությունը և դրդում նրանց մտերմանալ մեզ հետ։ Նրանց թվում էր նաև տասնհինգամյա Լիանան։ Նա տարբերվում էր մյուսներից իր յուրահատուկ գեղեցկությամբ՝ բարակ և սլացիկ կազմվածքով, կապտականաչ աչքերով և իրեն հատուկ կենսախնդությամբ։ Նրա մեր մեջ հայտնվելու առաջին իսկ օրից ներսումս մի տեսակ ափսոսանքի զգացում էր առաջացրել։ Հաճախ լուռ նայում էի նրան և մտքումս ինքս ինձ հետ խոսում։ Ախր այդքան գեղեցիկ և համակրելի աղջիկը կարող էր հրաշալի ճակատագրի արժանանալ՝ մինչդեռ մեզ հետ նա կարող էր դա միայն կորցնել ։ Օրերը անցնում էին՝ իմ մեջ խորացնելով այդ ճնշող զգացողությունը և վերջապես որոշում կայացրի խոսել հետը։

Մի օր թաքուն հայացք գցեցի չորս կողմս՝ վստահ լինելու համար, որ ընկերներիցս ոչ ոք չի նկատում, մոտեցա նրան և ասեցի.
- Լիանա՛, քեզ հետ կարևոր խոսելու բան ունեմ:
- Լսու՛մ եմ ,- ժպտալով պատասխանեց նա:
- Չէ՛, ուզում եմ առանձին խոսենք:
- Լավ
- Ուրեմն վաղը կհանդիպենք:
- Լավ,- ասաց նա:

Հաջորդ օրը վաղ արթնացա, թեթև նախաճաշեցի և շտապեցի հանդիպման։ Քիչ անց Լիանան եկավ։
- Բարև,- խորամանկ ժպիտը դեմքին ասաց նա:
Բարևեցի և առաջարկեցի նստել: Լիանայի դեմքից չէր իջնում խորամանկ ժպիտը: Հոգու խորքում համոզված էր, որ րոպեներ անց մի գեղեցիկ սիրային խոստովանություն է լսելու, բայց ես շտապեցի հիասթափեցնել նրա սպասումները:
- Լիա՛ն, դու շատ լավն ես, շատ գեղեցիկ, ցանկացած տղամարդ կերազի քեզ պես կին ունենալ կողքին։ Դու կարող ես գեղեցիկ ընտանիք կազմել: Վստահ եմ, որ հրաշալի մայր կլինես: Ուզում եմ դադարե՛ս մեզ հետ շփվել, մեր ընկերակցությունը քեզ միայն կվնասի։ Հասկացի՛ր, մեզանից ոչ ոք քեզ հետ լուրջ մտադրություններ չունի, մենք քեզ վերաբերվում ենք որպես մեկը հարյուրից, ում հետ կարելի է ժամանակ անցկացնել։
Լիանան մի պահ լրջացավ, վառեց ծխախոտը և նեղացած տոնով ասաց.
- Ես դա լա՛վ գիտեմ:
- Դե ուրեմն թույլ տուր օգնե՛մ քեզ: Այնպես կանեմ, որ քեզ ոչ ոք չնեղացնի: Դու՛րս արի մեր շարքերից և խոստանում եմ, որ այլևս քեզ չե՛ն անհանգստացնի։
Որոշ ժամանակ լռելուց հետո տարօրինակ հայացք նետեց վրաս և ասաց.
-Գիտես, ինձ դու՛ր է գալիս այս կյանքը:
- Լա՛վ,- ասացի ես ,- իսկ հետո՞… հետո՞ ինչ ես անելու:
- Հետո մի հարուստ սիրեկան կգտնեմ, ով կհոգա բոլոր կարիքներս և կշարունակեմ վայելել կյանքը, չէ՞ որ մեկ անգամ է տրվում։

Լիանան շարունակում էր խոսել, բայց ես դադարել էի նրան լսել։ Տրտմել էի, խորապես ցավում էի, որ չհաջողվեց նրան խելքի բերել։ Քիչ անց սրճարանից դուրս եկանք, քայլեցինք դեպի մոտակա կանգառ և բաժանվեցինք։
Օրեր անց պարզվեց, որ Լիանան ընկերներիս պատմել էր մեր հանդիպման, զրույցի մասին և մի լավ քրքջացել էին վրաս։

Անցան տարիներ: Մի քանի ամիս էր, ինչ զորացրվել էի սովետական բանակից: Ընկերներիս հետ զբոսնում էինք օղակաձև այգում և հանկարծ հայացքս ընկավ մի կնոջ վրա, ում հագին կեղտոտ շորեր էին, տեսքը՝ անխնամ: Մի փոքրիկ աղջկա ձեռք բռնած՝ հոգնած ու դանդաղ քայլերով շարժվում էր առաջ։ Նա ինձ ծանոթ ինչ-որ մեկի էր հիշեցնում: Ընկերներիցս մեկը նկատեց, որ կլանված նրանց եմ նայում և հարցրեց.
- Հը՞, չճանաչեցի՞ր:
- Չէ ,- մտազբաղ պատասխանեցի նրան:
- Լիանա՛ն ա, Լիանան:

Անունը լսելուց հետո միանգամից հասկացա,որ հենց նրան էլ նմանեցնում էի, ուղղակի չէի կարողանում հավատալ, որ նա կարող էր այդքան փոխված լինել։
Հետո պատմեցին, որ հղիացել էր տղաներից մեկից, ով լքել էր նրան: Ծնողներն էլ իրենց հերթին էին դուրս արել տանից և նա հայտնվել էր անմխիթար վիճակում՝ անտուն-անտեղ, օրվա հացի կարոտ, ու ցավոք նորից լուծումը տեսել էր ամեն պատահածին տրվելու գնով գոյը քարշ տալու մեջ։

Կարճ ժամանակ հետո կյանքումս շատ նշանակալից բան տեղի ունեցավ…ապաշխարեցի՝ անցյալում թողնելով մեղավոր կյանքը։ Փորձեցի փնտրել Լիանային և երկրոդ անգամ օգնությունս առաջարկել, բայց ավաղ նրան չգտա: Հետո միայն իմացա, որ ահավոր վախճանի էր արժանացել… նրան սպանել էին ծեծելով։

Որքա՜ն նման կորսված կյանքեր կան մեր իրականության մեջ, որ կարող էին ապրել երջանիկ և երջանկացնել։ Ավաղ նրանք են ընտրում իրենց ճանապարհը՝ տրվելով ժամանակավոր, սին հաճույքներին։

Հովհաննու Ավետարանի խոսքը որքա՜ն տեղին է ասված. ՛՛Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենա ՛՛:

Հեղինակ՝ Պետրոս Մուրադյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.