Կնոջ հնազանդությունը՝ դուռ օրհնության համար
Աստված սիրում է տղամարդուն և կնոջը հավասարապես, սակայն նրանց դերն ընտանիքում տարբեր է:
Նա կնոջը տվեց հնազանդվելու պատվեր, իսկ տղամարդուն՝ նրան սիրելու իր անձի պես:
Կնոջ ապահովությունը կրկնակի է. մենք ունենք երկու «ամուսին»` մեր Տերը երկնքում, և երկրի վրա մեր ամուսինը, որովհետև ամուսնու գլուխը Տերն է և երբ հնազանդվում ես ամուսնուդ, հնազանդվում ես Տիրոջը: Հնազանդությունը շատ բարձր հատկություն է Աստծո առաջ, դա ուղղակի խնդրանք չէ, այլ պատվեր, որը կարելի է համարել կնոջ ծառայություններից ամենաառաջինը:
Հնազանդությունը Տերն ավելի պատվական է համարում, քան մեր խորիմաստ բացատրությունները: Ամենից առաջ Նա նայում է, որ եթե մենք հնազանդ ենք մեր ամուսիններին, ուրեմն՝ մենք հնազանդ ենք նաև իրեն, դա է մեր զարդը Տիրոջ առաջ և դա շատ հաճելի է Նրան:
«Նույնպես էլ կանայք, հնազանդ եղեք ձեր մարդկանց…» (Ա Պետրոս 3.1):
Հնազանդությունը դժվար է ամուսնության սկզբնական շրջանում, բայց հետզհետե կինը պետք է սկսի աճել դրա մեջ և հասունություն ձեռք բերել: Բայց եթե 5 տարի շարունակ դու ունես հնազանդվելու խնդիր, ուրեմն՝ պետք է վերանայես քո հոգևոր կյանքը:
Ամուսնության հենց սկզբից էլ հակառակորդը բերում է այս խնդիրը, որպեսզի քո աչքին ամուսինդ ցածր լինի, կորցնես քո հարգանքը, վստահությունը նրա հանդեպ՝ գուցե շատ չնչին երևացող խնդիրների միջոցով: Այդպիսով նաև դու սկսում ես կորցնել քո հնազանդությունը Աստծո հանդեպ: Սա հոգևոր պատերազմ է, և քո չհնազանդվելը կարող է հոգևոր տկարության բերել: Դու անընդհատ պետք է աշխատես քեզ վրա, աղոթես և Տիրոջից իմաստություն խնդրես:
Երբ նայում ենք Սառայի օրինակին, տեսնում ենք կատարյալ հնազանդություն իր ամուսնու հանդեպ անգամ այն ժամանակ, երբ Աբրահամի ասածը գուցե անհեթեթ թվար: Մի օր Աբրահամն ասաց Սառային, որ վերջինս ձևացնի՝ իբրև իր քույրն է… մեզանից շատերը նրա փոխարեն գուցե կասեինք, թե մեր ամուսինը վախկոտ է, անվստահ, որ մեզ այդպիսի բան է պատվիրում, բայց Սառան առանց որևէ բան ասելու հնազանդվեց, որովհետև ամուսինն իր համար հեղինակություն էր:
Խոսքը այն մասին չէ, որ թույլ տանք՝ ինչ-որ բաներ մեզ տանեն մեղքի, այլ մենք վստահենք մեր ամուսիններին՝ դրանով իսկ վստահելով Տիրոջը, որ Նա էլ մեր ամուսնու գլուխն է:
Երբ որ հնազանդվում ես, գալիս է օրհնությունը, եթե չես հնազանդվում դուռ ես բացում հակառակորդի համար:
Դրանք մենք սկզբում չենք նկատում, բայց հետագայում տեսնում ենք հետևանքը:
Հնազանդության կարիք գուցե լինի շատ փոքր հարցերում, որոնք ոչինչ չեն փոխում, բայց ամուսինը ուզում է տեսնել մեր մեջ՝ արդյոք հնազա՞նդ ենք իրեն, թե՞ ոչ: Մեր ամուսիններին պետք է զգան, որ իրենց խոսքը արժեք ունի մեզ համար, գնահատված է, դա է օգնում նրանց լինել հաջողակ:
Ուզո՞ւմ եք հաջողակ ամուսին, երեխաներ, ընտանիք ունենաք, լավ փոխհարաբերություննե՞ր եք ուզում, ուրեմն՝ հնազանդվեք, որովհետև Տերը օրհնությունը բերում է այդտեղից: Այն շատ կարևոր է, այն անհրաժեշտություն է:
Աստծուն և մեր ամուսիններին ուղղված մեր ծառայությունն է հնազանդությունը: Թող ամուսինդ քեզ համար հեղինակություն լինի, հարգված ու գնահատված ամեն ժամանակ:
Ընտանիքը կառուցվում է միայն հնազանդության շնորհիվ: Այն պատվեր է, որի մեջ աճելու տեղ ունենք:
Եթե քո երեխաները տեսնեն, որ իրենց մայրը հնազանդվում է իրենց հորը, դա նրանց համար շատ լավ օրինակ կլինի: Մենք պետք է հնազանդվենք մեր ամուսիններին՝
- Երկյուղով, ակնածանքով,
- Առանց ավելորդ խոսքերի,
- Առանց կամակորության. հնազանդությունը չպետք է ուշացած լինի:
Ինչո՞վ ծառայել ուժեղ և հզոր տղամարդուն.
- Վստահելով նրան,
Աստված տղամարդկանց պատերազմող է ստեղծել, հզոր ուժ է տվել: Թող ամուսինդ զգա, որ դու իրեն վստահում ես, դա նրան ինքնավստահ կդարձնի:
- Անկեղծ գովելով նրանց, քաջալերելով,
- Նրա մեջ չմարելով մրցակցության հոգին,
- Գովելով նրան, շշնջալով սիրո խոսքեր,
- Միշտ մխիթարելով, լինելով նրա համար հավատարիմ ընկեր,
- Կոկիկ պահելով նրա արտաքին տեսքը,
- Ներելով նրան. գուցե նա ժամանակ առ ժամանակ քո ներման կարիքն ունենա,
- Գնալով նրա հետևից, հետևելով ծառայության մեջ:
Անետա Սարգսյան