Կայսրինը կայսրին տվեք, Աստծունը՝ Աստծուն
Երբ Հիսուսն ասաց այս խոսքերը, Նրան փորձողները զարմանքից այլևս ոչինչ չկարողացան պատասխանել: Գուցե փարիսեցիները կարծում էին, թե այնպիսի հարց կտան, որին Հիսուսը չի կարողանա պատասխանել, սակայն մեր Տերը միշտ ունի պատասխաններ, և դրանք միշտ ավելին են, քան մարդը կարող է պատկերացնել:
Նրանք տվեցին հարց, ստացան պատասխան, սակայն դժվար թե շտապեցին այն կատարել: Հիսուսի պատասխանի առաջին հատվածը գուցե հեշտ էր պահել նրանց համար՝ կայսրինը՝ կայսրին…
Նրանք դա այսպես, թե այնպես պետք է պահեին, որովհետև օրենք էր կայսրին հարկ վճարելը, և նրանք ընտրության հնարավորություն էլ չունեին:
Իսկ ինչ վերաբերում էր երկրորդ հատվածին՝ Աստծունը՝ Աստծուն, այստեղ գալիս էր արդեն նրանց ընտրելու ժամանակը… Ի՞նչ ընտրեցին փարիսեցիները, մենք հստակ չգիտենք, իսկ ի՞նչ ես ընտրում այսօր դու…
Կայսրինը՝ կայսրին… հետաքրքիր է, որ այսօր մարդիկ չեն զլանում աշխարհինը տալ աշխարհին, ամեն բանի համար միշտ գտնվում է ժամանակ՝ աշխատանք, հանդիպումներ, ժամանց, ընտանիք, գործեր, ընկերներ, խաղեր, համակարգիչ և այսպես կարող ենք շարունակել այս շարքը:
Այս դեպքերում մենք չենք մտածում, թե ժամանակ չունենք, թե ցանկություն չունենք, սրանք բաներ են, որոնք պետք է անենք, որոնց համար պետք է գտնենք ժամանակ… և այո, դա այդպես է, Հիսուսը չասաց՝ կայսրինը մի տվեք կայսրին, Նա ասաց՝ կայսրինը՝ կայսրին… Մենք պետք է հատկացնենք և մեր կյանքից ժամանակ տանք, որովհետև Տերը նույնպես սա կարևորում է:
Բայց ի՞նչ ենք անում, երբ հերթը հասնում է Հիսուսի խոսքերի երկրորդ հատվածին. Աստծունը՝ Աստծուն… Այս դեպքում երբեմն մարդկանց մոտ սկսում է պակասել ժամանակը, գուցե տրամադրությունը, գուցե գործերն են այնքան շատանում, որ այլևս ուժ չի մնում այս հատվածը պահելու…
Ու կարծես մտքում սկսում ենք բացատրել Աստծուն. «Տե՛ր, սա էլ կանեմ, սա էլ կվերջացնեմ, երեկոյան անպայման կկարդամ, քնելուց անպայման կաղոթեմ, դե, Աստվա՛ծ իմ, Դու գիտես՝ որքան եմ այսօր աշխատել, այսօր չեմ կարող գնալ եկեղեցի, հոգնած եմ…» ու այսպես փորձում ենք խաբել ինքներս մեզ, այդպես էլ չենք տալիս Աստծունը Աստծուն:
Շատ լավ է կարևորել այն ամենը, ինչ կա քո կյանքում, բայց մի մոռացիր, որ էլ ավելի կարևոր է այդ ամենից առավել Աստծունը տալ Աստծուն: Շատ քրիստոնյա ընտանիքներում այսօր այս կերպ են վարվում նաև Սուրբ Ծնունդին: Մարդիկ պատրաստվում են շատ պարտաճանաչ կերպով, եթե անգամ չունեն էլ հնարավորությունը, միևնույնն է, ամեն գնով «կայսրինը տալիս են կայսրին». չէ՞ որ այդպես է կարգը, այդպես է որոշված մարդկային օրենքներով:
Իսկ ինչպե՞ս է կարգը քո հոգևոր կյանքում, ինչպե՞ս տոնեցիր քո Փրկչի Ծնունդը, արդյոք գոնե մեկ անգամ հիշեցի՞ր Նրա մասին, գոնե մեկ անգամ աղոթք բարձրացրեցի՞ր ընտանիքիդ հետ միասին և Աստծուն արժանի փառքը, շնորհակալությունն ու գոհությունը տվեցի՞ր Նրան, Նրան, Ով ծնվեց, ապրեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի քեզ ազատի դժոխքի կրակներից: Նա այդ ամենը արեց քեզ համար, իսկ դու անգամ դժվարանում ես Նրա Ծնունդը տոնել Նրա համար, ոչ թե մարդկանց…
Սիրելի՛ քրիստոնյա ընտանիք, եկեք ոչ միայն Սուրբ Ծնունդին, այլ ընդհանրապես կարողանանք կայսրինը տալ կայսրին ու չմոռանանք շարունակության մասին՝ Աստծունը՝ Աստծուն…
Հեղինակ՝ Քրիստինե Աթոյան