Քրիստոսը մոտ է
Քրիստոսը միշտ ինձ հետ է, իսկ դժբախտության ժամանակ՝ առավել մոտ է
Ինչպե՞ս ինքներս մեզ հիշեցնենք, որ Քրիստոսը մշտապես ավելի մոտ է, քան կարող ենք պատկերացնել։
Լինում են ժամանակներ, երբ անհաջողություններն ու դժվարությունները գլուխ են բարձրացնում։ Խնդիրներն անտանելի են դառնում, և նման պահերին բոլորիս համար, այդ թվում՝ նաև նրանց, ովքեր չեն հավատում Աստծուն, ծայրահեղ կարևոր է դառնում իմանալ, որ Աստված միշտ մեզ հետ է, որ ՆԱ շատ մոտ է, լսում է և պատասխանում մեր հուսահատ օգնության աղաղակին։ Բայց հենց այդ պահերին շատ հաճախ կասկածները մեզ համակում են, և մի ցածր ձայն շշնջում է, որ Աստված շատ հեռու է մեզանից, երբ մենք ամենաշատն ենք զգում Նրա կարիքը։ Այդ ձայնը ստում է։ Աստված ավելի մոտ է, քան կարող ենք պատկերացնել։ Կյանքի դժվարին պահերին Նա ոչ մի վայրկյան չի հեռանում մեզանից, սակայն այդ պահին Նրա ներկայությունը զգալը մեզ համար շատ դժվար է դառնում։ Ահա թե ինչու է կարևոր պարբերաբար ինքներս մեզ այդ մասին հիշեցնելը։
Մատթեոս Ավետարանի 14-րդ գլուխն ավարտվում է այնպես, որ ընթերցողը կենտրոնանում է ոչ միայն Քրիստոսի ծառայության ու զարմանալի հրաշքների վրա, այլև պատկերացնում է, թե որքան մոտ էր Քրիստոսը բոլոր կարիքավորներին։ Բառի բուն իմաստով նրանք կարող էին մոտենալ, մեկնել իրենց ձեռքերը և հպվել Նրան։ Երբեմն, գուցե արտաքինից անհնար է երևում հավատալ և ավելի դժվար՝ զգալ, բայց այսօր, մեր սրտերում գտնվող Սուրբ Հոգու ծառայության շնորհիվ, Հիսուսն ավելի մոտ է մեզ։
«Եվ մյուս կողմն անցնելով՝ եկան Գեննեսարեթի երկիրը։ Եվ երբ այնտեղի մարդիկ ճանաչեցին Նրան, լուր ուղարկեցին շրջակա վայրերը և բոլոր հիվանդներին Նրա մոտ բերեցին։ Եվ աղաչում էին Նրան, որ գոնե հանդերձի ծայրին դիպչեն. և նրանք որ դիպան, բժշկվեցին» (Մատթեոս 14.34-36)։
Մտածելու առիթ՝
Հավանաբար, մեզ բոլորիս ավելի հեշտ է Աստծուն հավատալ այն ժամանակ, երբ ուրիշ ոչինչի վրա չենք կարող հույս դնել։ Եվ երբ խնդիրներն ավարտվում են, հեշտությամբ անցնում ենք կյանքի բնականոն ռիթմին, որտեղ ավելի շուտ ապավինում ենք սեփական անձին, քան մեր Արարչին և այդպես շարունակում ենք ապրել այնքան, մինչև զգում ենք, որ, պարզապես, չենք կարող ապրել առանց Ստեղծողի։
Այդ տեմպերով Աստված մեզ համար դադարում է Աստված լինելուց՝ վերածվելով կուռքի կամ «կախարդական փայտիկի»։Գուցե մենք ուրիշ կերպ ենք ուզում վարվել, բայց չենք պատկերացնում՝ ինչպես։ Իսկ Աստված այդ ամբողջ ընթացքում համբերատար սպասում է մեզ։ Փրկիչը, եթե ցանկանար խաչից իջնել, ոչ ոք չէր կարող կանգնեցնել Նրան՝ ո՛չ զինվորները, ո՛չ մեխերը, նույնիսսկ, մահն ու գերեզմանը չկանգնեցրին Նրան։ Նա մինչև վերջ մնաց խաչի վրա, որպեսզի ես մեկ վայրկյան անգամ չմտածեմ, որ Նա կարող է հեռանալ ինձանից։ Նա խաչի վրա մեռավ իմ փոխարեն։
Նա սպասում է, որ ես ամբողջ կյանքիս ընթացում աղոթքով դիմեմ Իրեն ապաշխարության համար, որպեսզի իմ կյանքն Իրեն վստահեմ։ Կարիք չկա հետաձգելու այդ անչափ կարևոր գործը։ Ցանկացած մարդ, ով ընդունել է Քրիստոսին, կվկայի, որ դա իր կյանքի լավագույն որոշումն է եղել և որ կցանկանար ավելի վաղ ընդունել Աստծուն։
Ընդունե՞լ ենք արդյոք մեղքերի ներման և հավիտենական կյանքի պարգևը՝ աղոթքով և ապաշխարությամբ Աստծո առաջ գալով։ Եթե դեռ չեք արել այդ հավատքի քայլն, ապա բաց արեք ձեր սիրտն Արարչի առաջ։
Փորձության ժամանակ աղոթելով՝ մենք հանգստացնում ենք մեր սիրտը և Աստծո ուշադրությունը կենտրոնացնում մեր վրա։ Փորձություններով անցնելիս ուղղակի հիշեցրեք ձեզ, որ Աստված ավելի մոտ է, քան կարծում եք, իսկ դժվարությունների ժամանակ Նա առավել մոտ է։
Աղբյուրը՝ hristiane.ru
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը