Քո մասին կչարախոսեն, կստեն, քեզ սխալ կհասկանան և նույնիսկ կդադարեն շփվել քեզ հետ. Ջոն Բիվեր
Հետաքրքիր է, որ կան ծառայողներ ու հավատացյալներ, ովքեր թեթևացրել են Աստծո Արքայության ուղերձը և լայնացրել դրա սահմանները, որպեսզի բոլորը հարմարավետ զգան իրենց: Նրանք վախեցել են, թե կարող են վիրավորել ոմանց կամ պիտակավորել՝ որպես «անհանդուրժողական» կամ «ծայրահեղական»:
Այս մարդիկ դադարել են պատերազմել հավատքի բարի պատերազմը: Ըստ նրանց՝ այն ամենն, ինչ տեղի է ունենում, Աստծո կամքն է, և դա պետք է պասիվորեն ընդունել: Նրանք հեռացրել են «գայթակղեցնող» հատվածներն Ավետարանից, սակայն Հիսուսի մասին գրված է, որ Նա «գայթակղության վեմ» է: Սուրբ Գիրքը Հիսուսին անվանում է նաև «գլորման քար», բայց նրանք վերածել են Նրան փոքրիկ խճաքարի, որի վրա անհնար է սայթաքել կամ գլորվել:
Թվում է՝ այս ծառայողներն ու հավատացյալները ցանկանում են, որ բոլորը լավ խոսեն իրենց մասին: Նրանց երբեք չեն մեղադրել՝ անվանելով ծայրահեղ, հերձված կամ դևերից ոգեշնչված: Սակայն այս ամենն ասել են Հիսուսի մասին: Նա անկոտրում էր ճշմարտության հարցում: Նա բացահայտեց այն մարդկանց խաբվածությունը, ովքեր ցանկանում էին բարի համբավ ունենալ բոլորի մոտ: Հիսուսն ասաց՝ ձեզ օրհնված համարեք ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն արատավորում կամ սևացնում է ձեր անունը (Ղուկաս 6.22): Սա բարի համբավի ճիշտ հակառակն է, համաձա՞յն ես:
Հետո Նա ասում է դրա պատճառը. «Սա նշանակում է, որ այդ ճշմարտությունը խոսողի պատճառով մյուսներն իրենց անհարմար են զգում»:
Իրականում, եթե դու որոշում կայացնես լինել անկոտրում հավատացյալ, ով իշխում է այս կյանքում, ապա շատ հավանական է, որ քո մասին կչարախոսեն, կստեն, քեզ սխալ կհասկանան և նույնիսկ կդադարեն շփվել քեզ հետ: Այդպես կվարվեն այն մարդիկ, ովքեր դավանում են, որ հետևում են Հիսուսին, սակայն բավարարված են իրենց հարմարավետ կյանքով: Նրանք կձգտեն վարկաբեկել քեզ, որպեսզի արդարացնեն իրենց անտարբերությունը: Նրանք վարվեցին այսպես Հին Կտակարանի ժամանակներում ապրող ճշմարիտ մարգարեների հետ, Հովհաննես Մկրտչի հետ, Հիսուսի հետ և Նոր Կտակարանի ծառայողների հետ: Այսօր նրանք վարվում են նույն կերպ:
Քո մեծագույն հակառակությունն ամենից հաճախ կգա այն մարդկանց կողմից, ովքեր պնդում են, թե ճանաչում են Աստծուն: Նման հակառակությունը կարող է տատանվել ստերից և չարախոսությունից մինչև իսկ վտարումը: Եվ դա միգուցե ավելի վատթարանա, ինչպես որ նախապես ասել էր Հիսուսը. «Եվ ժամանակ էլ կգա, որ ամեն ով որ սպանի ձեզ, կկարծի, թե Աստծուն պաշտոն է մատուցանում» (Հովհաննես 16.2):
Արդյոք դու ցանկանո՞ւմ ես իշխել կյանքում Աստծո փառքի համար: Արդյոք դու ցանկանո՞ւմ ես հավիտյան փոխել մարդկանց կյանքերը՝ բերելով նրանց Աստծո Արքայության մեջ: Արդյոք դու ցանկանո՞ւմ ես լսել, թե ինչպես է Տերն ասում. «Ապրես, իմ բարի և հավատարիմ ծառա»: Եթե՝ այո, ապա հաստատ իմացիր, որ դու կբախվես նեղության հետ, երբեմն էլ չափազանց ուժգին կերպով: Ուստի պետք է դիմանաս այդ նեղությանը և հաղթահարես: