Քննադատության անձրևները
Ամեն անգամ զարմանում եմ, երբ սկսում եմ մտածել Աստծո ներողամտության, համբերության և ողորմության մասին: Երբեմն ուղղակի գլխումս չի տեղավորվում՝ որքա՜ն համբերություն ունի իմ Աստված...Որքա՜ն խորն է Նա, որքա՜ն ճանաչում ես, այնքան ապշում ես ու զգում, թե ինչքան փոքր ես դու, զգում, թե ինչքան չնչին մեկն ես:
Ներել, ներել ու նորից ներել...դժվար է պատկերացնել, բայց Աստված հենց այսպես էլ անում է: Մի պահ ետ նայի՛ր կյանքիդ, սկսի՛ր հիշել մեղքերդ, գուցե մեծ մասն արդեն մոռացել ես, գուցե ո՛չ...գուցե որոշները կան, որ թվում է, թե քեզ կխեղդեն շուտով, բայց Աստված շարունակում է ներել քեզ ու մոռանալ:
Մենք՝ մարդիկս, որ այդքան մեղավոր ենք, որ ինքներս էլ բազում անգամներ սխալներ ենք գործել, շատ հեշտ սկսում ենք մեղադրել մեր դիմացինի փոքրիկ սխալները, միայն թե նկատենք մի փոքր սխալ և վերջ, մեզ այլևս կանգնեցնել հնարավոր չէ. քննադատության անձրևները սկսում են հոսել, ու շատ հորդառատ հոսել...
«Մի դատեք, որ չդատվեք: Որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվիք. և ինչ չափով, որ չափում եք, նրանով կչափվի ձեզ» (Մատթեոս 7.1-3):
Իսկ Աստվա՞ծ, ի՞նչ է ասում Նա...զարմանալի է, չէ՞. Նա, որ Անմեղ է, Նա, որ Սուրբ է, Նա, որ Կատարյալ է, Նա՝ Միակը, Ով իրավունք ունի որևէ մեկին մեղադրելու, դատապարտելու, քննադատելու...Նա լռում է, ժպտում, ներում քեզ և պատժելու փոխարեն հոգատար կերպով սրբում քեզ ու ասում. «Գնա՛ ու այլևս մեղք մի՛ գործիր...»:
Քրիստինե Աթոյան