Քաղցած թոռնիկն ու տատիկի բաղադրատոմսը
Տղան շարունակ դժգոհում էր տատիկի մոտ իր վատ կյանքից՝ դպրոցի, ծնողների և առողջության հետ կապված խնդիրների մասին: Եվ տատիկն այդ պահին ուտելու բան էր պատրաստում: Նա հարցրեց թոռնիկին, թե արդյոք քաղցած է և կցանկանա ինչ-որ բան ուտել:
- Իհարկե, ուզում եմ, - պատասխանեց թոռը:
Այնուհետև տատն ասաց.
- Ահա՛, վերցրու մարգարինը, կուտե՞ս:
- Հեռու՛ տար, - բարկացած ասաց թոռնիկը:
- Միգուցե երկու հում ձո՞ւ, - առաջարկում է տատիկը:
- Այդ ի՞նչ ես ասում, տատի՛կ:
- Իսկ ի՞նչ կասես ալյուրի և սոդայի մասին, - շարունակում է տատիկը:
- Տատի՛կ ջան, - կիսահեգնական ասաց թոռնիկը, - այս ամենը դեռ ուտելի չէ:
Իսկ տատիկը, իր գործը շարունակելով, հանդարտ պատասխանեց.
- Ճիշտ է, առանձին-առանձին այդ մթերքներն այդքան էլ համեղ չեն, բայց եթե դրանք ճիշտ համադրենք, կստանանք անմահական համով կարկանդակ:
Տերն էլ հենց այսպես է գործում: Դու մտածում ես, թե ինչու է քո կյանքում Նա ժամանակ առ ժամանակ թույլ տալիս նեղություններ ու դժվարություննե՞ր. անհրաժեշտ է պարզապես վստահել Նրան. գուցե դրանք այն փոքրիկ բաղադրիչներն են, որոնք քեզնից պատրաստելու են այն, ինչ Տերն է ծրագրել և ուզում:
Թարգմանեց Անուշ Վարդումյանը