Ջոն Քիթթոն. 19-րդ դարի աստվածաբանության դոկտորը
Ջոն Քիթթոն 19-րդ դարում հայտնի էր որպես Աստվածաշնչի գիտակ, ինչպես նաև աստվածաշնչյան պատմությունների համակարգող և նկարազարդող:
Քիթթոն ծնվել էր 1804թ-ին Պլիմուտում՝ մի աղքատ ընտանիքում: Այդ ժամանակաշրջանում կրթությանն այդքան էլ տեղ չէր տրվում. նա ուներ ընդամենը 3-ամյա կրթություն, սակայն իր տատիկի օգնությամբ կարողանում էր սահուն ընթերցել:
Բավականին ծանր պատանեկությունն իր անդրադարձն է ունենում Ջոնի կյանքում: 12 տարեկան պատանին լծված էր ծանր աշխատանքի. ստիպված էր օգնել հարբեցող հորը: Այս ընթացքը նրա կյանքում ճակատագրական է դառնում: Ծանր սալիկները սանդուղքով բարձրացնելիս նա ընկնում է, ինչի հետևանքով էլ կորցնում է լսելու ունակությունը:
Այս դժբախտ պատահարին հաջորդում է տատի մահը: Հուսահատված Ջոնը փորձում է «գտնել իրեն» մեկ այլ բնագավառում` դառնալով կոշկակարի աշակերտ, որոշ ժամանակ անց այս փորձը ևս ձախողվում է:
Այնուհետև` աստիճանաբար հաջողության դռներ են բացվում նրա առջև: Իշխանությունները գումար են տրամադրում Քիթթոյին և աջակցում՝ աշխատանքի անցնելու հանրային գրադարանում: Այստեղ նա աստվածաշնչյան պատմություններ է նկարազարդում: Որոշ ժամանակ անց վերապատրաստման դասեր է անցնում՝ որպես նկարիչ: Չնայած այն հանգամանքին, որ Ջոնը խուլ էր, եկեղեցին նրան ուղարկում է Մալթա՝ առաքելության: Այնուհետև` նա շրջագայում է Ռուսաստանում, Թուրքիայում, Եգիպտոսում և արևելյան այլ երկրներում: Ժամանակի ընթացքում գիտելիքի մի ողջ շտեմարան է դիզում, ինչը հետագայում արտացոլվում է նրա ստեղծագործություններում: Ջոնն անգամ դպրոց է հիմնում Բաղդադում:
Շատ չանցած լույս են տեսնում նրա հեղինակային գործերը, այդ թվում՝ «Պատկերազարդ Աստվածաշունչ»-ը, «Պաղեստինի նկարազարդ պատմություն»-ը, «Աստվածաշնչյան գրականության հանրագիտարան»-ը և «Կորսված զգացողություններ. խլություն և կուրություն»-ը: Նա հիմնում է նաև «Սուրբ գրականության հանդեսը»: Բացի այս, նա նաև բանաստեղծություններ էր գրում: Իր հայտնի գործերից մեկում` «Այլընտրանք» ստեղծագործության մեջ, Ջոնը խոսում է այն մասին, որ կտար իր կորցրած բոլոր հնչյունները, միայն թե կարողանար լսել երկնային գեթ մի շշունջ:
50 տարեկանում Ջոն Քիթթոն ստանում է աստվածաբանության պատվավոր դոկտորի կոչում և դառնում Հնավաճառության միության անդամ: Կառավարությունը նրան նաև կենսաթոշակ է հատկացնում:
Ջոնն իր մահկանացուն կնքում է Գերմանիայում՝ Շտուտգարտում, 1854թ-ի այս օրը՝ նոյեմբերի 25-ին:
Աղբյուր՝ christianity.com