Պատմության այս օրը. Ջ. Ուիլյամս ավետարանիչը
1839թ-ի այս օրը՝ նոյեմբերի 20-ին, խաղաղօվկիանոսյան Վանուատու պետություն ոտք դնելուն պես, Ջոն Ուիլյամսը հանդիպում է տեղացիների թշնամանքին: Ի սկզբանե Ջոնի նպատակն էր Ավետարանը քարոզել և լուսավորություն բերել այս մարդկանց: Այդ նպատակով նա երկար ժամանակ ուսումնասիրում էր տեղի լեզուն, բարքերը՝ ցանկանալով «բարձրացնել» նրանց բարոյապես, հոգեպես և տնտեսապես:
Սակայն բոլոր այդ երազանքները հօդս են ցնդում հաշված րոպեներում. բնիկները բռնում են Ջոնին:
Ջ. Ուիլյամսը դաստիարակությունն ստացել էր քրիստոնեական ընտանիքում, սակայն իր դեռահասության տարիներին բավականին անտարբեր էր հավատի հանդեպ: Կարճ ժամանակ անց՝ մի քարոզի ընթացքում, նրա վերաբերմունքն ամբողջությամբ փոխվում է: Այնուհետ նա դառնում է եռանդուն քրիստոնյա գործիչ և ներգրավվում Լոնդոնի Միսիոներների միության մեջ:
Հետագայում նա իր կնոջ հետ նավարկում է դեպի Թաիթի: Շուտով նաև կառուցում է իր սեփական նավը և մի շարք նավարկություններ սկսում տարբեր ուղղություններով: Արդյունքում՝ հիմնում է նաև մի շարք եկեղեցիներ՝ Թաիթիում, Սամոայում և խաղաղօվկիանոսյան բազմաթիվ այլ կղզիներում:
Դեպի Անգլիա տունդարձի ճանապարհին Ջոնը շատերին էր պատմում իր աշխատանքների, տարբեր կղզիներում բնակվող մարդկանց մասին: Իր կատարած ուղևորությունների մասին նրա հրատարակած գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացնում և մեծ տպաքանակով վաճառվում: Նա բազմաթիվ ֆինանսավորումներ է ստանում իր հետագա ճանապարհորդություններն իրականացնելու համար:
Նոր Հիբրիդյան կղզիները բոլորովին նոր տարածք էր նրա համար: Ոչ մի միսիոներ դեռևս չէր այցելել տեղաբնիկներին: Նրանք վրեժխնդրությամբ էին տրամադրված բոլոր նորեկների հանդեպ՝ առևտրականների դաժանության պատճառով: Այդպես անտեղյակ լինելով Ջոնի բարյացկամությանը և պատրաստակամությանը՝ օգնելու իրենց, նրանք բռնում են Ջոնին և դաժանորեն սպանում…
Նրա պատմությունը հետագայում բազմաթիվ այլ միսիոներների է ոգեշնչում, ովքեր ևս այցելություններ են սկսում կատարել հեռավոր կղզիներ: Իսկ այդ առաքելական նավերը հետագայում ևս կոչվում են Ջոն Ուիլյամսի անունով:
Աղբյուր՝ christianity.com