Ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կ’գամ...
«Սակայն նա գիտէ իմ ճանապարհը. ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կ’գամ» (Հոբ 23.10)։
1989 թ.-ին ես ուղևորվեցի Կանադայի արևելք՝ ավետարանական ժողովներ անցկացնելու և Աստծու մասին վկայելու այն եկեղեցիներում, որտեղ քաջալերանքի կարիք կար: Երբ ցանկացած ճանապարհորդությունից տուն ես վերադառնում, սովորաբար ակնկալում ես գտնել հանգիստ ու հարմարավետություն: Վերջին բանը, որ ակնկալում ես տեսնել, այն է, որ քո տունն ամբողջությամբ այրված է:
Հրշեջ ծառայությունից փոխանցեցին, որ դա իրենց երբևէ տեսած ամենաահարկու հրդեհներից մեկն էր: Ամեն բան մոխրացել էր, և ոչինչ չէր մնացել: Յուրաքանչյուր պատ ընդհուպ փլուզվել էր: Դա իմ տան լիակատար և ամբողջական ավերումն էր:
Այս տան մեջ էր, որ ես և իմ ընտանիքը սովորել էինք հավատք ունենալ Աստծո նկատմամբ՝ անհնարինին ապավինելու համար: Մենք շատ ու շատ անօթևանների էինք կերակրում մեր տանը։ Հիմա հանկարծ ամեն ինչ կորավ: Բոլոր հարմարությունները, մեր երեխաների բոլոր նկարները, այն բոլոր աշխատանքները, որոնք ես արել էի ֆերմերային տնտեսությունը վերականգնելու համար և այն ամենը, ինչ կուտակել էինք մինչև այդ պահը․ բոլորն այրվել էին:
Այդ պահին ինձ համար հեշտ կլիներ կանգնել իմ բակում և աղաղակել. «Աստվա՛ծ, այսպե՞ս ես պարգևատրում ինձ անօթևաններին ընդունելու համար: Սա՞ է, որ ես ստանում եմ Քեզ փառաբանելու, Քեզ համար ապրելու, Քո մասին վկայություն տանելու ճանապարհորդութան համար: Դու որոշո՞ւմ ես խլել այն ամենը, ինչ ունենք»:
Մեր մտքում Աստծո բարության վերաբերյալ կասկածներ սերմանելու թշնամու գերագույն ժամանակը մեր ամենադժվար փորձություններն են: Դա է հենց այն ժամանակը, երբ մենք պետք է ընտրություն կատարենք:
Երբ կանգնած էի իմ տան առջև, ես նախընտրեցի վստահել Աստծուն: Ես նախընտրեցի հավատալ, որ այն ամենը, ինչ Նա թույլ է տալիս, պատճառ ունի: Հետահայաց տեսանկյունից ես հիմա գիտակցում եմ, որ Աստված գիտեր, որ ես տեղափոխվելու եմ Նյու Յորք: Նա նաև գիտեր, որ որոշ բաներ պետք է պատահեին, որոշ բաներ պետք է խլվեին ինձանից: Իմ սրտում պետք է ծնվեր խորը վստահություն Աստծո պահապան ուժի նկատմամբ, և այդպիսի վստահությունը զարգացնելու այլ տարբերակ չկար, քան՝ կրակի միջով անցնելը:
Աստված գիտեր, որ ես հետագայում կանչվելու եմ կանգնելու շատ ավելի դժվար պայմաններում, ուստի, հիմա ժամանակն էր, որ ավելի մեծ հավատ գործադրվեր իմ սրտում: Այդ խարույկներն ու մոխիրները վերածվեցին ավելի մեծ օրհնության ժամանակների:
Կարտեր Կոնլոն
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org