Ինչպե՞ս է Աստված քեզ անվանում
Մենք սիրում ենք մեր սիրելիներին փաղաքշական անուններով դիմել, որոնք զգում ենք նրանց նկատմամբ: Մեկս ասում է՝ անո՜ւշս, մյուսը՝ սե՜րս, ուրիշը՝ կյա՜նքս... և այսպես շարունակ:
Երբ ծնվեց աղջիկս, հասկացա, որ լույս աշխարհ է եկել իմ երջանկությունը: Սիրում եմ նրան անվանել իմ երջանկություն: Ամեն օր հասկանում եմ, որ երջանիկ եմ նրա ներկայությամբ, նրա գոյությամբ...
Երբ որդիս ծնվեց, հասկացա, որ լույս աշխարհ է եկել իմ սերը... Ամեն օր զգում եմ, որ սիրտս լեցվում է սիրով ու հորդում դեպի նա, ու դա անդադար է...
Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչ անունով կդիմեր քեզ Աստված:
- Աստված Նոյին անվանեց իր դարում արդար ու կատարյալ մարդ (Ծննդոց 6.9)
- Աստված Աբրամին անվանեց «ազգերի բազմության հայր» (Ծննդոց 17.4)
- Աստված Մովսեսի համար ասում է բարեկամ, ում հետ խոսում է դեմ առ դեմ (Ծննդոց 33.11)
- Դավիթի համար ասում է՝ «Իր սրտի համեմատ մարդ» (Գործք. Առ. 13.22)
- Պետրոսին կոչեց վեմ, որի հիմքի վրա կկառուցի Իր եկեղեցին (Մաթ. 16.18)
- Հովհաննեսը Հիսուսի սիրելի աշակերտն էր (Հովհ. 21.20)
- Ոմանց կանվանի բարի ու հավատարիմ ծառա (Մաթ. 25.21):
Աստված առաջին հերթին մեզ անվանում է Իր որդիներ, երբ հավատում ենք Հիսուս Քրիստոսին (Հովհ.1.12), Քրիստոսի ժառանգակիցներ (Հռոմ. 8.16-17):
Մտածի՛ր այս մասին, թե քեզ ինչպես է անվանում Աստված...
Աննա Հովհաննիսյան