Ինչպե՞ս առաջացավ փողը
Հին ժամանակներում փող չկար, չկային թղթադրամներն ու բանկային քարտերը, սակայն կային շատ իրեր, որոնք մարդիկ իրենք էին արտադրում: Եվ քանի որ ամեն մարդ չէր կարող ունենալ իր կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ, մարդիկ փոխանակվում էին իրենց աշխատանքի պտուղներով:
Որպեսզի փոխանակումը հեշտ լիներ, մարդիկ ընտրում էին ինչ-որ ապրանք և այն ամենից, ինչ վաճառում էին այդ տեղանքում, հավասարեցնում էին այդ ապրանքի որոշակի քանակին: Ահա այսպես տարբեր երկրներում փոխանակման համար օգտագործում էին աղ, սերմ, խխունջ, կակաոյի հատիկներ, քարեր և անգամ կենդանու մորթի:
Մարդիկ փողի տեղ շատ բաներ են փորձել և հասկացել են, որ փողը չպետք է փչանա, լինի քաշով թեթև և չկորցնի իր արժեքը: Այսպես աստիճանաբար համընդհանուր մատչելիության համար մարդիկ սկսեցին ավելի ու ավելի օգտագործել մետաղ, որը հեշտությամբ բաժանվում էր մասերի: Կեղծիքից խուսափելու համար մետաղական փողը սկսեցին դրոշմել, և առաջացան կոպեկները:
Երբ մարդիկ հանձնում էին իրենց փողը բանկեր, նրանց տալիս էին հատուկ թղթեր գումարի չափի մասին նշումով: Այդ անդորրագրերի տերերը վճարում էին դրանցով, և ժամանակի ընթացքում այդ անդորրագրերը հավասարվեցին փողին:
Թեև այսօր անհնար է ապրել առանց փողի, այնուամենայնիվ, Աստվածաշունչը մեզ զգուշացնում է, որ փողի հետ չկապենք մեր սրտերն ու չլինենք արծաթասեր:
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը