Ինչո՞ւ էր Հիսուսն աղոթում
Երբ բախվում եմ հավատքի հանելուկներին, ես առաջին հերթին պատասխանը փնտրում եմ Քրիստոսի կյանքի և ծառայութան մեջ։ Ակնհայտ է, որ Նա չուներ աղոթքի հետ կապված այն խնդիրները, որոնք ես ունեմ։ Նրա մոտ նմանատիպ հարցեր չէին առաջանում.«Աստված կա՞։ Ինչ-որ մեկը լսո՞ւմ է իմ աղոթքը»։ Նա երբեք չէր կասկածում, որ աղոթքը կարևոր և անհրաժեշտ է։ Նա թողեց կարիքի մեջ գտնվող մարդկանց բազմությանը և առանձնացավ, որպեսզի Աստծո հետ ժամանակ անցկացնի (երբեմն մի ամբողջ գիշեր)։ Հիսուսի խոսքերից կարելի է եզրակացնել, որ աղոթողի համար ոչինչ անհնար չէ։
Որքան լարված էր Աստծո Որդու փոխհարաբերությունն աշխարհի մարդկանց հետ, նույնքան հեշտ էր Նրա հաղորդակցությունը Հոր հետ։ Աղոթքը Նրան հնարավորություն էր տալիս «աշխարհին բարձրությունից նայել», ուժ հավաքել և հիշել բարձրագույն իրողության մասին, որն այնքան դժվար էր տեսնել Երկրի վրա գտնվելիս։
Երբեմն Հիսուսն ուղղակիորեն խոսում էր այդ գաղտնիքի մասին։
Ձերբակալությունից առաջ՝ վերջին գիշերը, Նա աղոթում էր Հորը. «Եվ հիմա, ո՛վ Հայր, Քեզանով փառավորիր Ինձ՝ այն փառքով, որ Ես ունեի Քեզ հետ՝ աշխարհի լինելուց առաջ»։ Հովհաննես 17.5
Երբեմն երկրի վրա գտնվելն այնքան էր վշտացնում Քրիստոսին, որ Նա ասում էր. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ եմ ձեզ հետ լինելու, մինչև ե՞րբ եմ ձեզ համբերելու...»։ Մարկոս 9.19
Այնտեղ, որտեղից եկել էր Հիսուսը, ոչ ոք չէր հակադրվում Աստծո պատվիրաններին։ Եվ Հիսուսը շատ լավ գիտեր, թե ինչ է նշանակում Հոր կամքը փնտրել ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Հիսուսը հիշում էր երկնքի փառքը, որը մի որոշ ժամանակ թողել էր, և Հայրը երբեմն հիշեցնում էր, թե Ով է Նա։ Երբ Հիսուսը մկրտությունից հետո դուրս եկավ ջրից, լսվեց Աստծո ձայնը. «Դու ես Իմ սիրելի Որդին, որին Ես հավանել եմ»: Մարկոս 1.11
Նույն բառերը մարդկանց հասան նաև Այլակերպության ժամանակ։ Եվ երբ նրանք լսեցին, վախեցան և երեսնիվայր ընկան։ Այնուհետև Աստծո ձայնը կրկին լսվեց Հիսուսի մահից առաջ։ Եվ ամեն անգամ Նրա ձայնը լսողները ցնցվում և վախենում էին։ Հիսուսի համար երկինքը հարազատ տուն էր, դրա համար Նա չէր վախենում, այլ զորանում էր։
Հիսուսի երկրային կյանքի ավելի քան երեսուն տարվա ընթացքում Աստված միայն երեք անգամ է բացահայտ օգնել Նրան։ Մյուս բոլոր դեպքերում Քրիստոսը Հոգով զորանալու համար անում էր այն, ինչ մենք ենք անում՝ աղոթում էր։ Հիսուսն աղոթքը համարում էր զորության աղբյուր, որի օգնությամբ կարող էր անել Հոր կամքը։ Նա հոժարաբար ընդունում էր Իր՝ Հորից կախված լինելը. «Որդին Ինքն Իրենից ոչինչ չի կարող անել, այլ ինչ տեսնում է Հորն անելիս, որովհետև ինչ բաներ, որ Նա է անում այդ էլ Որդին է անում նույն ձևով»։ Հովհաննես 5.19
Մի անգամ Հիսուսը զարմանալի խոսքեր ասաց. «Ուրեմն՝ մի՛ նմանվեք նրանց, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ձեզ ինչ է պետք՝ դեռ Իրենից չխնդրած»: Մատթեոս 6.8
Իհարկե՛, Քրիստոսը նկատի չուներ, որ աղոթքն անհրաժեշտ չէ. Նրա կյանքն ամբողջովին հերքում է այդ եզրակացությունը։ Նա նկատի ուներ, որ պետք չէ հոգս անել և ջանք գործադրել, որպեսզի Աստված մեր մասին հոգ տանի։ Հայրն արդեն իսկ հոգ է տանում, ավելին՝ մեր պատկերացրածից ավելի շատ։ Աղոթքի նպատակն այն չէ, որպեսզի տեղեկացնենք Աստծուն Իր չիմացածը։ Աստված տեղյակ է մեր կարիքների մասին, բայց մենք դեռ աղոթում ենք. «Տե՛ր, Դու գիտես՝ որքան շատ ունեմ դրա կարիքը»։
Ահա, թե ինչպես Թիմ Ստաֆորդը մասամբ լուծեց իր աղոթքի խնդիրները.
«Մենք չենք աղոթում նրա համար, որ Աստծուն ասենք այն, ինչ Նա չգիտի։ Մենք չենք աղոթում, որպեսզի Նրան հիշեցնենք այն, ինչի մասին Նա մոռացել է։ Այն ամենը, ինչի համար մենք աղոթում ենք, արդեն իսկ Նրա մտահոգության առարկան է, բայց Նա սպասում է, որ մենք ևս հոգ տանենք Իր հետ միասին։ Աղոթքի ընթացքում մենք սկսում ենք Աստծո հետ նայել նույն ուղղությամբ։ Մենք Իր աչքերով ենք նայում այն մարդկանց և խնդիրներին, որոնց համար աղոթում ենք։
Հետո մեր հայացքը խնդիրներից հեռացնում ենք և դարձնում Աստծուն՝ սիրով գովաբանելով Նրան։ Ես վստահ եմ, որ սա է աղոթքը՝ որպես Աստծո հետ անձնական հարաբերություն հասկանալու բանալին։ Ի վերջո, մենք նույն կերպ նայում ենք մեր մտերիմ ընկերներին և ասում, թե որքան ենք գնահատում նրանց մտերմությունը՝ չնայած՝ նրանք չեն էլ կասկածում մեր՝ իրենց հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա։ Մենք դիմում ենք Աստծուն, ինչպես դիմում ենք մեր ամենամտերիմ ընկերներին»։
Աղբյուրը՝ bogoblog.ru
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը