«Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք» (Սաղմոս 126.3)։

«Հարցն այն չէ, թե որքան ունենք, այլ՝ թե որքան ենք ուրախանում ունեցածով. դա է մեզ երջանկացնում». Չարլզ Սպերջեն։

Շատ ժամանակ, կենտրոնանալով մեր չունեցածի և կորցրածի վրա, մենք չենք տեսնում այն, ինչ մնացել է և ունենք։

Սիրելի՛ հոգի, արդյոք գիտակցո՞ւմ ես, թե դու ինչ ունես այսօր։ Նրանք, ովքեր զավակներ ունեն, երբևէ մտածել և պատկերացրե՞լ են այն մարդկանց կյանքը և իրավիճակը, ովքեր զավակներ չունեն, նրանք որ, ծնողներ ունեն, մտածե՞լ են ծնողներ չունեցողների և առանց ծնողների մեծացող մարդկանց մասին։ Նրանք, որ աչքեր, ձեռքեր, ոտքեր ունեն, մտածե՞լ են մարդկանց մասին, ովքեր անդամալույծ են...

Վստահ եմ, որ մենք շատ ժամանակ մտածել ենք, թե մեր մարմնի անդամներից որն է ավելի կարևոր։ Եթե ինձ ասեին ընտրի ձեռքերը կամ ոտքերը, ո՞րը ես կընտրեի, աչքերը կամ ականջները, ո՞րը ես կընտրեի… Միանշանակ, ես անմիջապես մտածում եմ՝ կընտրեմ ոտքերը, աչքերը, որոնք, իմ կարծիքով, կարևորագույնն են, և սկսում եմ մտածել... փաստորեն, չունենալով ձեռքեր, ես երբեք չեմ կարող իմ սեփական ձեռքերով հաց ուտել, երբեք չեմ կարող իմ երեխաներին վերցնել ձեռքերիս մեջ և ամուր գրկել նրանց, երբեք չեմ կարող մեքենա վարել և ամենափոքր հարցում էլ ես ինքնուրույն չեմ կարող լինել և օգնության կարիք եմ կունենամ միշտ… Փաստորեն, ստացվում է՝ երկուսն էլ հավասարազոր կարևոր  են…

Երբևէ գոհացե՞լ ես Աստծուց, որ դու ունես քո մարմինն այնպիսին ինչպիսին կա այն այսօր, որ այն գործում է, շնչում է, և կատարում է իր գործողությունը։ Վերջերս խոսում էինք կնոջս հետ և զարմանում, թե որքան բաներ մենք այսօր չենք նկատում, որովհետև մտածում ենք՝ հենց այդպես էլ պետք է լիներ։ Ուրախանում էինք, որ մեր փոքրիկն արդեն քայլում է և մի քանի բառեր բլբլում։ Մի՞թե դա այդպես էլ պետք է լիներ... շատերն այսօր չեն կարողանում քայլել և խոսել, բայց մենք այսօր տեսնում ենք դա մեր փոքրիկի կյանքում, և մենք մտածեցինք, որ պետք է գոհանանք Աստծուց այդ ամենի համար։

Նաև ուզում եմ հորդորել քեզ՝ հիշես, թե ինչ ունես դու Աստծո մեջ. դու կատարյալ և մարդուն փրկող Աստծո զավակ ես, քո մեղքերը ներված են և քո անունը գրված է հավիտենական Կյանքի գրքում, մինչդեռ միլիարդավոր մարդիկ չունեն այն, ինչ դու ունես։ Դու ունես Աստծո սերը վայելելու հնարավորություն, քո աղոթքը լսվում է Աստծո կողմից, ունես իշխանություն՝ հանդես գալու որպես Աստծո զավակ, ունես զորություն և իրավունք՝ քանդելու  չարի բոլոր գործերը և կապանքները…

Նաև ունես բազմաթիվ խոստումներ Ամենակարողի կողմից, որոնք իրականանում են բոլորիս կյանքում։ Այս խոստումները մի քանիսն են այն հարյուրավոր խոստումներից, որոնք Տեր Հիսուսն է խոստացել Իրեն հավատացողներին։ Հիսուսն ասաց՝ «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը», «Բնավ քեզ չեմ թողնի և երեսիցս չեմ հեռացնի», «Կհոգամ քո բոլոր կարիքները և կլցնեմ քո կյանքն Իմ փառքի ճոխության չափով», «Եթե խնդրեք որևէ բան իմ անունով, այն կտրվի ձեզ», «Ոչ մեկ չի կարող նրանց խլել իմ ձեռքից, ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս», «Շուտով կվերադառնամ և ձեզ Ինձ մոտ կտանեմ, որովհետև որտեղ ես, այնտեղ էլ դուք պետք է լինեք»։

Վստահ եմ, որ Տերը մեր անձնական կյանքի համար շատ բաներ է խոսել և խոստացել, վստահ եմ, որ այսօր շատ սպասումներ ունես Աստծուց։ Գնահատիր այդ բոլոր խոստումները, որ Նա տվել է քեզ, որովհետև Նա պարտավոր չէր խոստանալու քեզ, սակայն Նա խոսեց և ասաց քեզ Իր անելիքների մասին։ Քո գնահատելով , գոհանալով և Նրան հավատարիմ մնալով՝ սպասիր այդ խոստումների իրականացմանը։

Ահա թե ինչեր ունենք մենք։

Ուզում եմ նաև հիշեցնել, որ դու մեծ ընտանիք ունես, որը կոչվում է եկեղեցի, հազարավոր և միլիոնավոր քույրեր և եղբայրներ ունես այստեղ և ամենուր, որոնք քեզ հարազատ են Քրիստոսի կատարած փրկագնման միջոցով։ Գնահատիր յուրաքանչյուրին, սիրիր բոլորին, վայելիր յուրաքանչյուրի ներկայությունը քո կյանքում և փառաբանիր Տիրոջը նրանց համար։

Տես, թե ինչ ունես քո կյանքում, և այդ ամենը կօգնեն քեզ, որպեսզի փառաբանես Աստծուն հաճախակի և ուրախանաս այն ամենով, որ արդեն Տերը տվել է քեզ։ Այո, կան բաներ, որ չունենք, բայց չէ՞ որ Նա դեռ ամբողջը չի տվել մեզ։ Աստված ուզում է շարունակել օրհնել և բավարարել մեր կարիքները, հերթը մերն է՝ ուրախանալ Նրանով, ով տալիս է մեր սրտի խնդրվածքը և փնտրել Նրա արքայությունը ու արդարությունը, որպեսզի մնացած բոլոր բաները ստանալու համար պատրաստ լինենք։

Եթե նկատում ես չունեցածդ, ապա միշտ տխուր և դժբախտ կլինես, իսկ եթե նկատում ես այն, ինչ ունես, ապա միշտ ուրախ ու երջանիկ կլինես։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.