Օրերս իր երկրային ուղին ավարտեց Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը։

Նա ամեն տարի առնվազն երկու անգամ այցելում էր հայրենիք՝ բացառապես անվճար տարաբնույթ վիրահատություններ կատարելու։ 1988 թվականին՝ աղետալի երկրաշարժի ժամանակ բժիշկ-բարեգործն աշխատում էր Քուվեյթում, հենց այդ թվականից էլ նա սկսել է բարեգործական աշխատանքը հայրենիքում։ Բարդ ու բավական թանկ արժեցող վիրահատություններն անվճար իրականացնելուց բացի, բժիշկը նաև վերապատրաստում էր տեղի մասնագետներին։

Անգնահատելի են նրա բարեգործական ծառայությունների դերը մեր երկրում ու ժողովրդի մեջ:

Թերևս ինքը՝ բժիշկը մի առիթով, խոսելով բարեգործության և իրենց գործունեության մասին ընդհանրապես, ասել է.

«Բարեգործությունը պետք է լինի յուրաքանչյուրիս կյանքի մի մասինիկը` լինի նա հարուստ, թե աղքատ, մեծ, թե փոքր: Բայց բարեգործությունից առավել կարևոր է բարեսիրությունը, բարեգործության հետ մարդուն սեր տալը, բուժման հետ մարդուն Հիսուս Քրիստոսի բարի լուրը ներկայացնելը: Հենց սա էլ կլինի առողջ հասարակության ու նաև առողջ պետության խթանը: Մենք բացի մեր գործն անելը, հիվանդին տալիս ենք Աստծո սերը, Աստծո հույսն ու հավատը: Սկզբում մեր այցելուները հիմնականում անապահով խավից էին: Հիմա վիճակն այլ է, որովհետև հիվանդը մեզ մոտ ստանում է ոչ միայն բուժօգնություն, այլ նաև հույս և հավատ կյանքի նկատմամբ: Մեր ծառայությունը ամբողջական ծառայություն է, որն իր մեջ ներառում է հոգին, շունչն ու մարմինը»:

«Ես ինձ համարում եմ Հիսուսի կապարճակիրը և միշտ այսպես եմ ասում` «Ես Հիսուսի բեռնակիրն եմ, ուզում եմ ձեր հոգսերը շալակել»: Կարծում եմ` սա պետք է լինի Աստծո յուրաքանչյուր ծառայի սկզբունքը». ահա այս սկզբունքով էլ ապրեց ու ծառայեց Աստծուն և մարդկանց սիրող բժիշկը, ով մինչև վերջ հավատարիմ մնաց իր կոչմանը, մասնագիտությանն ու ծառայությանը:

Ցավակցում ենք բժշկի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին, ընտանիքի անդամներին և խնդրում Սուրբ Հոգու գերբնական մխիթարությունը:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.