Հրաշքի ճանապարհի կեսին
Երբ մենք անցնում ենք դժվարությունների միջով, դառնում ենք առավել անհանգստացած ու նյարդայնացած: Մենք սպասում ենք, երբ կվերջանա այդ ամենը, և երբ Աստված կպատրաստվի մի բան անել, երբ, իրականում, Աստված անում է ամեն բան. Նա պահում է մեզ հիվանդությունից, հակառակությունից, թույլ չի տալիս, որ կախվածությունը հաղթի մեզ: Մենք դա չենք հասկանում, բայց մենք հրաշքի ճանապարհի կեսին ենք: Աստված մեզ դժվարությունից դուրս բերելու գործընթացի մեջ է: Առանց Նրա բարեհաճության ու պաշտպանության մենք կպարտվեինք:
Մի օր մենք ետ կնայենք ու կասենք. «Տեսե՛ք, Տերն ինչ է արել, ինչպես է ինձ պահել դժվարության պահին: Տեսե՛ք, ինչպես Նա բժշկեց ինձ այդ հիվանդությունից: Տեսե՛ք, ինչպես Նա ինձ օգնեց, երբ բոլորն ինձ դեմ էին»: Հենց այս պահին Աստված գործում է ծածուկում, պատրաստում է բաներ, որ պետք է տեղի ունենան, որ դու չես տեսնում: Եթե չլիներ Նրա բարությունը, հաճությունը, շնորհը, դու չէիր կարողանա կանգնել այն ամենի դեմ, ինչը քեզ փորձում է կանգնեցնել: Դու մենակ չես այս դժվարության մեջ. Ամենաբարձրյալ Աստված ետ է մղում խավարի հարձակումները:
Մի անգամ Հեսուն ու իր մարդիկ դաշտում կռվում էին ամաղեկացիների դեմ: Նրանք հարձակվել էին իսրաելացիների վրա, նրաք ավելի մեծ էին ու ավելի ուժեղ: Ողջ ընթացքում Մովսեսը բլրի վրա էր՝ ձեռքերը օդի մեջ պարզած: Որքան նա ձեռքերը վեր էր պահում, Հեսուն հաղթանակ էր տանում: Ես կպատկերացնեի, որ գուցե Հեսուն մտածի, թե իր ուժերով էր դիմադրությանը հաղթում, որ գուցե չհասկանա, որ միակ պատճառն այն էր, որ Մովսեսն իր ձեռքերը վեր էր պարզել այդ հաղթանակի համար: Եվ շատ ժամանակ մենք մտածում ենք, որ դժվարությամբ ենք ամեն բան անում՝ մեր համառության, վճռականության ու խելքի շնորհիվ:
Այո՛, դա գործի մի մասն է, բայց ճիշտ է նաև այն, որ դու չես տեսնում այն ամենը, ինչ տիեզերքի Արարիչն է պատրաստում քո ճանապարհին: Աստված, որ խոսքով ստեղծեց երկինքն ու երկիրը, պահում է քեզ, օգնում և բժշկում: Ինչպես Մովսեսին՝ բլրի վրա, այնպես էլ՝ Աստծուն, դու չես կարող տեսնել, բայց Նա հանդիսանում է քո հաղթության պատճառը: Այդ պատճառով էլ մեքենան մայրուղու վրա քեզ չի հարվածում, այդ պատճառով էլ կապանքը քեզ չի սպառում: Դրանից է, որ վիրուսը չի ընդհատում քո կյանքը: Այն պայքարները, որ քեզ համար են տարվում ավելի մեծ են, քան նրանք, որ քո դեմ են ուղղված:
Պողոս առաքյալն ասում է. «…Աստված մեզ միշտ հաղթության է առաջնորդում…» (Բ Կորնթ. 2.14): Եթե դեռ չես տեսնում հաղթությունը, մի՛ շփոթվիր, դու ճանապարհի կեսին ես, սա դեռ վերջը չէ: Թշնամին չի կարող կանգնեցնել Աստծո ծրագիրը քո կյանքում: Բժշկությունը գալիս է, ազատությունը գալիս է, դա կլինի բացառիկ և անսովոր: Այդ պատճառով էլ դու չես կարողանում գլուխ հանել դրանից: Դա չի լինի բնական, այլ կլինի գերբնական: Բայց ճանապարհի կեսին դու կհանդիպես պայքարների, ճանապարհի կեսին դու կտեսնես հակառակ պատկերը, թե ինչ մեծ են արգելքներն ու խնդիրները: Մտքերը քեզ կասեն. «Դա երբեք գլուխ չի գա, դու երբեք չես լավանա, երբեք չես կոտրի կապանքները»: Դու պետք է հիշեցնես քեզ, որ բաներ կան, որ կատարվում են, բայց դու չես տեսնում: Կթվա, թե ամեն բան նույնն է և առաջընթաց չկա, բայց ճշմարտությունն այն է, դու դեռ ընդամենը ճանապարհի կեսին ես, քո ժամանակը հասնում է: Աստված թույլ չի տա մի բան, որը քեզ ետ կպահի քո ապագայից:
Հիմա ճիշտ դիտակետ վերցրո՛ւ, դու ընդամենը քաղցկեղի դեմ չես պայքարում, դու հրաշքի ճանապարհի կեսին ես. Աստված գտնվում է քո առողջությունը վերականգնելու գործընթացում: Այդ փորձությունը մի օր կլինի քո վկայությունը, դու ետ կնայես և Դավթի հետ կասես. «Որտե՞ղ կլինեի առանց Աստծո բարության»: Դու ընդամենը քո ֆինանսների համար չես պայքարում, դու գտնվում ես հրաշքի ճանապարհի կեսին: Թշնամին կարծում էր, որ քեզ ետ էր մղում, բայց նա չէր հասկանում, որ այդպես նա ձևավորում էր քեզ: Քո պատմությունը չի ավարտվում պարտությամբ, Աստված պատրաստվում է նոր բան անել. առաջխաղացումը գալիս է, հնարավորությունները գալիս են, ճիշտ մարդիկ գալիս են:
Ջոել Օսթին, աղբյուրը՝ sermons.love
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը