Թե հոգնել ես... Հովհաննես Թումանյան
Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.
Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիսաթափված
Կյանքն ատում ես և գարշում,
Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՜ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.
Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ:
Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՜ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի:
Եվ այդ սիրտը քեզ չի տված
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր:
Հ․Գ․ Քրիստոսն ասում է․«Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» /Մատթեոս 11․28/։