Հոր սիրտն այնքան մեծ է, որ այնտեղ ամբողջ մարդության համար տեղ կա: Ամեն բան, որ գոյություն ունի, Աստծո մեծ սիրո արդյունքն է: Եկե՛ք հիշենք անառակ որդու պատմությունը /Ղուկաս 15.11-32/:

Այս երիտասարդը հորից ուզեց իր բաժին ժառանգությունը, քանի որ ուզում էր ինքնուրույն և անկախ լինել: Նրա վարքը ցույց տվեց, որ իր հորը չէր սիրում, իր սրտի մեջ բաժանված էր նրանից: Այսօր շատ մարդիկ փորձում են առանց Աստծո ապրել: Աստված կա, բայց շատերն այսօր այնպես են ապրում՝ ասես Աստված չկա:

Այս երիտասարդը բավականին ունեցվածք ուներ: Նա իր բոլոր տաղանդները վատնեց մեղքի հաճույքը վայելելու համար: Երբ Աստված թույլ է տալիս, որ մարդիկ մեղանչեն, բացահայտվում է մարդու ներքին էությունը: Քանի դեռ չես մեղանչել, քեզ թվում է, թե դու բարոյական, սուրբ և առաքինի ես, բայց երբ սկսում ես վայելել «հաճույքները», ընկնում ես մեղքի մեջ: Աստված այս ամենի մեջ ցույց է տալիս, որ մարդն իրենից հեռու է և վերադառնալու կարիք ունի: Թեև դու ինքդ ես հեռացել, բայց Աստված սիրում է քեզ, և Նա ցանկանում է քեզ վերադարձնել:

Սուրբ Հոգին շարունակաբար աշխատում է մարդու սրտում: Աստված թույլ է տալիս, որ դու բոլոր «հաճույքները» վայելես, քանի որ հակառակորդը սկզբից հաճույքներ է տալիս, այնուհետև գալիս է հատուցման ժամը. նա թալանում է քեզ, կյանքդ դարձնում անարժեք: Մարդը հոգով, հոգևորապես աղքատանում է, հայտնվում թշվառ վիճակում: Երիտասարդն ընդունեց իր թշվառ վիճակը, որոշում կայացրեց վերադառնալ իր հոր մոտ:

Շատերն են ներքուստ գիտակցում, որ մեղավոր են, սակայն քչերն են ապաշխարության քայլ կատարում: Այնտեղ, որտեղ մայրական և հայրական սերը վերջանում է, Աստված սկսում է աշխատանք տանել: Նա փափագում է, որ մարդիկ դարձի գան, ապաշխարեն, քանի որ նրանց հաջորդ քայլը կարող է կործանարար լինել:

Սուրբ Հոգին քեզ դարձի գալու կոչ է անում: Այսօրվա որոշումը մի՛ թող վաղվան, հենց այսօր կատարի՛ր այդ քայլը: Աստված դեռ շատ հեռվից տեսնում է քո որոշումը և գրկաբաց ընդունում է քեզ: Նա կգրկի քեզ, և դու կզգաս, որ ընդունված ես, որ Նա սիրում է քեզ անհատապես:

Էդուարդ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.