Հոգով լցված կյանքի գաղափարը
«Վասն զի Աստուած է՝ որ ներգործում է ձեզանում կամենալն էլ՝ անելն էլ իր հաճութեան պէս» (Փիլիպպեցիս 2.13):
Այսօր քրիստոնեական ընդհանուր կյանքին հետևելիս մենք տեսնում ենք բազմաթիվ եկեղեցիներ, որոնք մեծ բաներ են անում Աստծո համար։ Մարդիկ գտնում են Աստծուն ու մկրտվում, երկինքը ճեղքող աղոթքները երկիր են իջեցնում Աստծո երկնային օրհնությունները, և սիրո Հոգին է այդժամ տիրում մթնոլորտում: Քրիստոսի Հոգին է իշխում այդ եկեղեցիներում, իսկ օդում ոգևորությունն է տիրում:
Բայց մենք նաև կարող ենք տեսնել եկեղեցիներ, որոնք Հիսուս Քրիստոսի անունը հազվադեպ են հնչեցնում: Նրանք գաղջ են և անպատվաբեր են Տիրոջ համար՝ իրենց գործողությունների և վերաբերմունքի պատճառով: Աստծո Հոգու ներկայության բացակայությունն է տիրում այնտեղ, ինչը հոգևոր մահով է լեցնում օդը:
Պողոս առաքյալը Եփեսոսի եկեղեցուն ասաց. «Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով» (Եփեսացիս 5.18): Եթե բոլոր քրիստոնյաները արդեն լցված էին Հոգով, ինչո՞ւ էր Պողոսն արձակում այս զորեղ հրամանը: Այս համարից ընդամենը մի քանի համար վերև Պողոսն ասում էր. «Այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են, Նորա համար մի լինիք անմիտ, այլ իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը»(5.15-17): Կարծես Պողոսը նկատի ուներ, որ մենք պետք է շարունակենք վերահսկվել Հոգու կողմից, եթե ուզում ենք իմաստությամբ ապրել՝ հասկանալու Տիրոջ կամքը մեր կյանքի համար և առավելագույնս օգտագործել մեր ունեցած բոլոր հնարավորությունները: Եթե մենք չվերահսկվենք Հոգու կողմից, չենք լինի այն, ինչ Աստված ուզում է, որ լինենք:
Այստեղ է հենց կարևոր հարցը. եթե Աստվածաշունչը հստակ ասում է, որ Հոգու կողմից վերահսկվելը այդքան կարևոր է, ի՞նչն է խանգարում մեզանից շատերին լիովին հանձնվել Սուրբ Հոգուն: Մեզանից ոմանք վախենում են Սուրբ Հոգու առջև բացվելուց, քանի որ նախընտրում են ինքնուրույն վերահսկել իրավիճակը: Մենք մտահոգված ենք ինքնապահպանմամբ. դա է պատճառը, որ վախենում ենք հրաժարվել մեր ինքնավերահսկումից:
Հոգով լի կյանքի գաղափարն այն է, որ մենք հոգով ավելի լեցվելու և զորանալու համար պետք է հրաժարվենք ինքնավերահսկումից՝ հանձնվելով Հոգուն: Հիշե՛ք, թե քանի անգամներ եք ձեր քրիստոնեական հավատքի կյանքում հասել մի կետի, որտեղ դժվարացել եք ինչ-որ բան անել՝ անընդհատ ավելի ու ավելի փորձելով: Բայց քրիստոնեությունը ոչ թե ինքնասպասարկման մասին է, այլ՝ Հոգու կարողության և ուժի զորության:
«Վասն զի Աստուած է՝ որ ներգործում է ձեզանում կամենալն էլ՝ անելն էլ իր հաճութեան պէս» (Փիլիպպեցիս 2.13):
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org