Հողագործի ժամացույցը
Մի հողագործ կար, ով կորցրել էր իր ժամացույցը ամբարում: Այդ ժամացույցը նրա համար շատ խորը զգացմունքային արժեք ուներ: Նա փնտրում էր ամենուրեք, որպեսզի գտներ այն:
Երկար ժամանակ փնտրեց՝ ամեն անկյունում, խոտերի մեջ, բայց չգտավ: Ի վերջո գնաց և ամբարի մոտ խաղացող երեխաներին խնդրեց, որ օգնեն իրեն: Նա խոստացավ վարձատրել նրանց, եթե գտնեն իր կորած ժամացույցը:
Երեխաները, իմանալով խոստացված պարգևի մասին, շտապեցին ամբարի ներսում փնտրել ժամացույցը: Նրանք սկսեցին փնտրել ամեն տեղ, սակայն չկարողացան գտնել, հոգնեցին և հեռացան: Նրանց գնալուց հետո հողագործը մտածեց այլևս չփնտրել ժամացույցը:
Այդ պահին նրա մոտ եկավ մի երեխա և խնդրեց ևս մեկ հնարավորություն այն գտնելու համար: Հողագործը նայեց նրան և մի փոքր մտածելուց հետո ասաց.
– Ինչո՞ւ ոչ, կարող ես փորձել, եթե ցանկանում ես:
Նա տղային թույլ տվեց մտնել ամբարի մեջ, և որոշ ժամանակ անց տղան ժամացույցը ձեռքին դուրս եկավ: Նրանք երկուսն էլ շատ ուրախ էին. մեկը գտել էր իր թանկագին ժամացույցը, իսկ մյուսը ստացել էր իր մրցանակը: Հողագործը շատ զարմացավ, որ տղան կարողացավ գտնել այն և հարցրեց.
– Ինչպե՞ս կարողացար գտնել ժամացույցը:
Տղան պատասխանեց.
– Ես ոչինչ չեմ արել: Միայն նստեցի գետնին և լռեցի: Լռության մեջ կարողացա լսել ժամացույցի ձայնը և որոնեցի այդ կողմում:
Մշտապես թույլ տվեք ձեր մտքին ունենալ լռության րոպեներ, որովհետև խաղաղ միտքն ավելի լավ կարող է մտածել, քան ծանրաբեռնվածը, իսկ հոգին միշտ գիտի, թե ինչ է պետք անել իրեն բուժելու համար:
Աղբյուրը՝ «Սերմնացան» ամսագիր