Հոգևոր ինքնակենսագրական. Նիկոլ Քորթլեր
Ես հաճախ եմ ունեցել զգացում, որ ծառայում եմ Աստծուն, սա, իհարկե՛, բոլորովին սխալ չէ, բայց նաև ամբողջապես ճիշտ չէ: Շատ առավոտներ արթնանալուն պես զգացում եմ ունեցել, որ պետք է հագնեմ լավագույն կոստյումս ու կոշիկներս՝ Աստծո մոտ մուտք ունենալու համար: Ես Նրան դիմավորում էի՝ որպես հիմնական աշխատող, ում Նա պետք է ընտրեր, քանզի իմ ռեզյումեն բացառիկ է: Արդյո՞ք ես ունեմ բոլոր անհրաժեշտ նախապայմանները, որպեսզի աշխատանքի ընդունվեմ որպես քրիստոնյա և ոչ միայն ուղղակի հասարակ քրիստոնյա, այլ՝ «սուպեր» քրիստոնյա:
Ես իմ բոլոր արժանիքները՝ որակները, թվարկում եմ Աստծո առաջ՝ որքան ժամանակ եմ հատկացնում ծառայությանը, Աստծո Խոսքի ուսումնասիրությանը, նշում եմ աշակերտներիս քանակը: Այսպիսով՝ իմ ռեզյումեն կազմելով ու ներկայացնելով Աստծուն՝ ես շատ հստակ կարող եմ նշել, թե ինչու են մյուսները ինձանից ավելի պակաս, ինչպես օրինակ՝ այն մեկն ընդամենը 5 տարվա հոգևոր է, իսկ իմ հոգևոր կյանքը 13 տարվա պատմություն ունի: Ես շատ կանանց եմ աշակերտել, շատերին եմ առաջնորդել դեպի Քրիստոսը, նույնիսկ ծառայել եմ երեխաներին այն ժամանակ, երբ այդքան էլ չէի ցանկանում:
Իմ քրիստոնեական կյանքի խորությունն ու երկարությունը ինձ տալիս է անվտանգության, կարևորության որոշակի մակարդակ, և այդ փաստից ես ինձ ավելի ապահով եմ զգում: Հիսուսը ծիծաղում է. «Առաջինները վերջիններ կլինեն»:
Ես հուսահատված դեռ փորձում եմ իմ տեղը գրավել այս ընկերությունում: Նոր ճանապարհներ եմ փնտրում իմ «շեֆին» տպավորելու համար: Իմ ռեզյումեի մեջ ավելացնում եմ նոր կարևոր փաստեր՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն, միսիոներական ճանապարհորդություն, ավելի լավ քրիստոնյա դառնալու դասընթացներ: Թվում է, թե ամեն բան շատ տպավորիչ ու կարևոր է:
Բայց Հիսուսը նորից տարուբերում է գլուխը. «Երանի խոնարհներին, քանզի նրանցն է երկնքի թագավորությունը»:
Նորից եմ ներկայացնում իմ ռեզյումեն՝ համոզված լինելով, որ նա կտեսնի իմ հմտություններն ու հարմարվելուս կարողությունը, բայց կրկին ապարդյուն…
Միտքս պտտվում է գլխումս, ինձ աննշան ու չերևացող զգալով՝ հիասթափվում եմ: Բայց Նա ողորմած է և գալիս է դեպի ինձ՝ հիշեցնելու Իր Խոսքը: Նա հիշեցնում է, որ մեր ռեզյումեի մեջ Աստված հետաքրքրված չէ մեր ձեռքբերումներով, այլ՝ մեր բնույթով, էությամբ: Այդ պաշտոնը լրացնելու համար Նա ընտրում է մեզանից ամենահետինին: Մովսեսը՝ մի մարդասպան ու փախստական էր, ով նույնիսկ հանրային վայրերում խոսելու հմտություն չուներ, բայց ընտրվեց, որ առաջնորդի միլիոններին դեպի ազատություն: Հովսեփը՝ դավաճանված կրտսեր եղբայր, փոսը գցվեց, բանտ նետվեց և ապա դարձավ Աստծո խոսնակը:
Դավիթը՝ իր զորեղ եղբայրների մեջ ամենաերիտասարդը և ամենափոքրը, նույնիսկ ընտրության համար ամենաաննկատը, բայց հենց Նա էր հաջորդ թագավորը: Եսթերը՝ մի երիտասարդ աղջիկ, ով թողեց իր սովորական կյանքը, թագուհի դարձավ և փրկեց իր ժողովրդին:
Այս թվարկումը կարելի է շարունակել. Աստված ընտրում է մեզ՝ հիմնվելով ոչ թե մեր, այլ՝ Իր որակների վրա: Նա ընտրում է կոտրվածությունը, այլ ոչ թե գոռոզությունը, հավատարմությունը և ոչ թե ֆինանսները, ոչ թե մեր ուժը, այլ տկարությունը, որպեսզի Նա փառավորվի:
«Բայց Աստված այս աշխարհի հիմարներին ընտրեց, որ ամաչեցնի իմաստուններին, և Աստված աշխարհի տկարներին ընտրեց, որ ամաչեցնի ուժեղներին»:
Իմ արժանիքներն ու որակները ոչինչ են, այդ Նրա արյունն է, որ ինձ արժանի է դարձնում Իր Թագավորությունում ցանկացած տեղի: Նրա փրկարար շնորհի լույսի ներքո իմ հոգևոր ռեզյումեն դատարկ է:
Այն ամենը, որը ես կարիք ունեմ գրելու իմ ռեզյումեի մեջ, շատ հասարակ է՝ Աստծո հետևորդ և ընկեր՝ զորացած Սուրբ Հոգով, Աստծո մշակ՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով բարի գործեր անելու համար, որը Աստված նախապես պատրաստել է ինձ համար:
Արդյո՞ք դուք ձեր հոգևոր ռեզյումեն կազմել եք՝ հիմնվելով ձեր հոգևոր ակտիվության, ձեր գործերի վրա, բայց այնուամնեայնիվ, որո՞նք են եղել ձեր մեջ այն տկարությունները, որոնց միջոցով փառավորվել է Աստված:
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը