Հիսուսի հայացքը սթափեցրեց Պետրոսին. Չարլզ Սպերջեն
Խուսափեք այն վայրերից, որտեղ դուք հոգևորապես ընկել եք:
«Եվ Պետրոսը դուրս գնաց դառնապես լացեց» (Ղուկաս 22.62):
Պետրոսը մոռացել էր, որ ինքը առաքյալ էր, մոռացել էր, որ իր Տերն Աստված է: Նա շեղվել էր Քրիստոսին հետևելու ուղիղ ճանապարհից և անգամ չէր նկատել դա: Քրիստոսի հայացքը սթափեցրեց Պետրոսին, ինչի արդյունքում նա կորցրեց իր ինքնավստահությունը:
Նա ներս էր մտել քահանայապետի գավիթ, բայց այժմ շտապով դուրս էր գնում այդտեղից: Նա չէր նկատում վտանգները, չնայած որ գտնվում էր ամենասարսափելի միջավայրում: Ի՞նչ գործ ուներ նա այն կին աղախնի հետ, ով դարպասների մոտ էր ծառայում:
Չէ՞ որ ինքը տղամարդ էր և ուշադրություն չպիտի դարձներ նրա նկատողություններին: Ի՞նչ գործ ուներ նա այն տղամարդկանց հետ, ովքեր կրակի մոտ էին կանգնած: Նրանք պարզապես կոպիտ մարդիկ էին, իսկ ինքը ձկնորս էր և կարող էր առանց դժվարության գետնին տապալել քահանայապետի ծառաներին: Բայց այդ պահին ինքնավստահությունը թողել էր նրան:
Տերը նայեց Պետրոսին, և Պետրոսն այժմ խուսափում էր ամեն լրացուցիչ վտանգից: Նա խիզախություն դրսևորեց այդ պահին արված լավագույն որոշման մեջ՝ խելամտորեն ու վճռականորեն թողնելով վտանգավոր այդ ընկերակցությունները:
Պետրոսի սրտում աստվածային շնորհի վերածնունդը մահացու հարված է հասցնում նրա ինքնավստահությանը: Պալատը, որում իր Տերն այժմ կրում էր տառապանքներ, այլևս համապատսխան վայր չէր նրա համար: Պետրոսը այլևս չէր կարողանում ջերմանալ խարույկի մոտ ու ձևացնել, թե ոչինչ չի կատարվել, մինչ Հիսուսին ծաղրանքների էին ենթարկում: Նա հիմա զգում էր, որ ինքն այլևս տեղ չունի խարույկի մոտ կանգնած այդ մարդկանց կողքին: Նա ոչ մի ընդհանուր բան չուներ նրանց հետ և արագորեն լքեց նրանց:
Լավ է, երբ հավատացյալները զգում են, որ իրենք այս աշխարհից չեն: Խուսափեք այն վայրերից, որտեղ դուք «ընկել եք»: Դուրս եկեք այնտեղից, անգամ եթե ստիպված եք լինելու թողնել հարմարավետ տեղը խարույկի մոտ: Ավելի լավ է կանգնել սառնամանիքին, քան մի վայրում, որտեղ ձեր հոգին վտանգված է: Մենությունը լավագույն վայրն է ապաշխարող մարդու համար:
Փողոցում՝ մթության մեջ, քեզ համար ավելի լավ է լինելու, քան խարույկի մոտ, որտեղ հնչում են կոպիտ հումորներ, մինչ Քրիստոսը ծաղրանքների է ենթարկվում: