Հինգ ճանապարհ` ունենալու երջանիկ Սուրբ Ծնունդ ընտանիքում
Սուրբ Ծնունդը իմ ընտանիքում մի յուրահատուկ տոն է:
Սակայն հետաքրքիր է, երբ տեսնում եմ, թե որքան են այս տոնական օրերն ամեն բան երբեմն իրար խառնում: Եթե նախկինում մարդիկ հավաքվում էին սեղանի շուրջ Աստծուց գոհանալու համար, ապա այժմ մրցակցելու, թե ով ավելի ճոխ սեղան կդնի:
Այս օրերի շտապողականության, սպասումների և խիտ գրաֆիկի մեջ մեզ իմաստություն է հարկավոր՝ գլուխ հանելու ամենից այնպես, որպեսզի չտուժեն ընտանեկան հարաբերությունները:
Իրականում ամեն ընտանիք իր դժվարություններն ունի այս տոնական օրերին:
Ահա մի քանի խորհուրդ՝ ինչպես անցկացնել Սուրբ Ծնունդն ընտանիքում և անել առավելագույնը՝ այն լիովին տոնելու համար:
1. Լսե՛ք իրար: Լսեք ձեր կողակցին, տեսեք մեկդ մյուսի դրդապատճառները և սիրտը ամեն հարցի շուրջ: Լսելը կօգնի ձեզ հասկանալու, թե դիմացինը ինչու է այսպես կամ այնպես վարվում: «Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, և ծանր՝ խոսելու համար, և ծանր՝ բարկանալու համար։ Որովհետև մարդի բարկությունն Աստծո արդարությունը չի գործում: Սրա համար ամեն աղտեղություն և չարության առավելությունը դեն գցեցեք, և խոնարհությունով ընդունեցեք ձեր մեջ սերմված խոսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել» (Հակոբոս 1.19-21):
2. Փորձեք մեկ թիմ լինել: Ձգտեք ավելի շատ մեկդ մյուսին նվիրված լինել՝ միասնական ծրագրեր իրականացնելու, սպասելու Սուրբ Ծննդյան երազանքներին: «Որովհետև ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը» (Մաթևոս 6.21):
3. Միասին ծրագրեր կազմեք: Երբ միասին որոշակի ծրագրեր եք կազմում, խորհեք դրանց շուրջ և աղոթեք դրանց համար: «Մի՞թե երկուսը կգնան միասին, եթե համաձայնված չլինեն» (Ամովս 3.3):
4. Ճիշտ կենտրոնացում ունեցեք: Սուրբ Ծնունդը պարզապես Հիսուսի ծննդյան ամսաթիվը չէ, այլ մենք պատրաստվում ենք նշելու Նրա ծնունդը՝ դարձնելով այն այս օրերի մեր առաջնահերթությունը. «Ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն, և մեզ դյուրավ պաշարող մեղքը. և համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը: Մտիկ տանք հավատքի զորագլուխին և կատարողին՝ Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ, և ամոթն արհամարհելով՝ Աստծո աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս 12.1-2):
5. Երբ հիասթափություններն են գալիս, փնտրե՛ք Աստծո ձեռքը և փորձեք բաց թողնել փոքր անհաջողությունները: Հիասթափությունները գալիս են բոլորի մոտ. և՛ ընտանիքում, և՛ ծառայության մեջ, և՛ ամուսնության մեջ, և՛ կարիերայում կամ կոչման մեջ, և դա նորմալ է: Մենք ծառայում ենք մեծ Աստծո, և մեր հիասթափությունները չեն սպանի ու կործանի մեր կյանքը: Դրանք պարզապես կդառնան մեր փրկության ծրագրի մի մասը: «Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին՝ նրանց, որ նախասահմանելովը կանչված են» (Հռոմեացիս 8.28):
Թող ձեր ամուսնությունը փայլի սիրով, ուրախությամբ և խաղաղությամբ, որը կգա այն Մեկին ճանաչելուց, ում դուք իրապես մեծարում եք ու տոնում Նրա ծնունդը:
Էյփրիլ Մոթլ