Հինգ 10 դրամանոց մետաղադրա՞մ, թե՞ մեկ 500 դրամանոց
Նպատակներին հասնելու համար հիմնականում կարելի է հանդիպել միևնույն նկատառումներին. քո առջև նպատակ դի՛ր, որոշի՛ր, թե ինչ քայլեր են անհրաժեշտ նպատակիդ հասնելու ճանապարհին, արա՛ առաջին քայլդ, սկսի՛ր քչից, հաշվարկի՛ր կամ կառավարի՛ր անելիքներդ, քայլ առ քայլ, փոքրիկ նպատակներով առա՛ջ գնա և շուտով դու կտեսնես քո հիմնական մեծ նպատակի իրագործումը: Ըստ երևույթին՝ Աստված չի կարդացել այսպիսի հոդվածներ, քանզի ինձ հետ գործելիս Նա չի կիրառում այս քայլերը: Իմ առջև նպատակ եմ դնում՝ իմանալով, որ դա ինձ կտանի այնտեղ, որտեղ Աստված կանչել է ինձ գործելու, գծագրում եմ քայլերս, անում առաջին քայլս, և չնայած որ ամեն բան լավ գիտեմ, ոչ մի առաջընթաց չեմ ունենում: Եվ հիմա ես մոտ եմ կանգնած այն նույն կետին, որտեղից սկսել եմ և ետ եմ սահում: Պատասխաննեը տեսնենք Եսայա 55:8-9-րդ խոսքերում.
«Որովհետև Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն Իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը, այլ ինչպես երկինքը բարձր է երկրից, այդպես էլ բարձր են Իմ ճանապարհները ձեր ճանապարհներից, և Իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից»:
Սրանք հանգստացնող խոսքեր են, բայց որքան տարբեր կարող է լինել Աստծո տեսակետը, որ ես նույնիսկ մի փոքր առաջընթաց չկարողացա գրանցել:
Ես հիշեցի Սքոթին: Երբ ես պատանի էի, դայակություն էի անում շատ երեխաների, շատ էի սիրում, երբ նրանք գալիս էին մեր տուն փոքր եղբորս համար: Եղբայրս նրանցից այդքան էլ մեծ չէր, ես հեռու էի նստում, իսկ եղբայրս խաղում էր նրանց հետ՝ իմ գործը թեթևացնելով:
Մի անգամ ես դայակություն էի անում 4-ամյա Սքոթին: Խաղալու ընթացքում նա և եղբայրս գումար գտան՝ 5 հատ 10 դրամանոց և 1 հատ 500 դրամանոց մետաղադրամներ, նրանք որոշեցին բաժանել մետաղադրամները: Եղբայրս առատաձեռնորեն Սքոթին տվեց 500 դրամանոց մետաղադրամը՝ իրեն պահելով հինգ 10 դրամանոց մետաղադրամները: Ես հպարտացա եղբորովս իր զոհաբերության համար, բայց Սքոթը երջանիկ չէր: Նա լացելով ասաց, որ մենք արդար չենք։ Ամեն ինչ շատ պարզ էր․ նրան թվում էր, որ մենք խաբել ենք իրեն, քանի որ նրա ձեռքում կար միայն մեկ մետաղադրամ, իսկ եղբայրս ուներ հինգը: Մենք նրան բացատրեցինք, որ իր ձեռքի մետաղադրամը նույնն է, ինչ 50 հատ եղբորս ձեռքի մետաղադրամից, բայց նա չհավատաց մեզ։ Ոչ մի տեսակ մաթեմատիկական և գիտական բացատրություններ չօգնեցին Սքոթին հասկանալ, որ նա ավելին ունի:
Նա հիմար չէր, պարզապես իր աչքերով հստակ տեսնում էր, որ հինգ մետաղադրամը ավելի շատ է, քան մեկը: Տվե՛ք նրան այդ ընտրությունն այսօր, և նա կընտրի 500 դրամանոց մետաղադրամը, քանի որ հիմա նա գիտի, որ անկախ դրա քանակային չափից՝ դա ավելի մեծ է:
Սքոթի նման ես էլ նայում եմ բնական տեսքին և հիասթափվում: Ես չեմ կարողանում հասկանալ, որ այդտեղ կարող է լինել մեկ այլ դիտարկում՝ Աստծո աստվածային հեռանկարային պատկերը: Հոգևորը կարող է նույնքան անհասկանալի լինել մարդկային մտքի համար, որքան 4-ամյա փոքրիկ երեխայի համար հասկանալ, որ մեկ մետաղադրամը ավելի արժեքավոր է այն մյուս հինգից: Որպես մարդ՝ մենք միայն կարող ենք հասկանալ, որ Աստծո աչքերով նպատակներին հասնելը չի համապատասխանում մեր պատկերացումներով նպատակին հասնելուն: Նշանակություն չունի, որ քո մարդկային խելքը քեզ հուշում է, որ տեղիցդ առաջ չես գնում, մի՛ անհանգստացիր և մի՛ փորձիր մարդկային ժամկետներով չափել առաջընթացդ: Այն, ինչ պետք է անել, ուղղակի վստահ լինել, որ Աստված է ցանկանում, որ անենք դա և հենց այդ ժամանակում: Նա հոգ կտանի մեր ուղղության մասին և մեզ կպահի Իր հաջողության վազքուղու մեջ, Իր Ճանապարհում և Իր ժամանակին: Մենք կարող ենք վստահել Աստծուն, քանզի Նրա խորհուրդները ավելի մեծ են, քան մերը, և Նրա անսահման ճանապարհները դուրս են մեր սահմանափակ ճանապարհներից:
Դե, ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է վերցնել 500 դրամանոց մետաղադրամը:
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը