Հեթանոս թագավորն ու քրիստոնյա եպիսկոպոսը
Մի հեթանոս թագավոր քրիստոնյա եպիսկոպոսից պահանջեց, որ վերջինս հրաժարվի իր հավատքից:
- Չեմ կարող, - պատասխանեց նա:
- Ինչո՞ւ: Չգիտե՞ս, որ քո կյանքն իմ տիրապետության տակ է։ Ձեռքիս մեկ շարժումով դու կվերանաս այս աշխարհի երեսից։
- Գիտեմ, - պատասխանեց քրիստոնյան, - բայց պատկերացրեք, որ ձեր ամենահավատարիմ ծառան ընկել է ձեր թշնամիների ձեռքը... Նրանք ստիպել են նրան, որ դավաճանի ձեզ, բայց նա մնացել է անսասան և խոշտանգումներն ու ծաղրը չեն կարողացել կոտրել նրա հավատարմությունը: Ամեն փորձ ապարդյուն էր… Հիմա ասացեք ինձ, երբ նա նախատվի, ուժասպառ և մերկ դառնա ձեզ մոտ, մի՞թե չեք հատուցելու նրան պատվով և փառքով՝ կրած նախատինքի և այն բոլոր զրկանքների համար, որ նա չի դավաճանել ձեզ և հավատարիմ է մնացել մինչև վերջ: Դուք նրան չէի՞ք տա լավագույն հագուստը և լավագույն տեղն այս թագավորության մեջ:
Թագավորը երկմտեց…
- Իհարկե՛, դուք կարող եք վերցնել ինձնից այս երկրային հագուստը, այսինքն՝ զրկեք կյանքից, բայց Տերը փոխարենը կտա ինձ նորը, ավելի լավը... Նա կտա ինձ հավիտենական կյանքը»:
Աղբյուրը՝ bible-facts.ru
Թարգմանեց Անուշ Վարդումյանը