Պատերազմը շարունակվում է նաև թիկունքում
Առաջնագծում հերոսներ են կերտվում, ովքեր դառնալու են քաջության, հայրենասիրության ու նվիրվածության լավ օրինակներ, նրանցից ոմանց անունները կմտնեն դասագիրք, կատարած սխրանքները կդառնան բանավոր ու գրավոր պատմություններ ու դեռ շատ կտարածվեն: Ու քանի դեռ առաջնագծում ընթանում են թեժ մարտեր, ողջ հայությունը շարունակում է պայքարը նաև թիկունքում:
Թիկունքը զոհաբերում է:
Ամեն քայլափոխի հանդիպող սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքման կայանները վկայում են, որ մենք պատրաստ ենք տալու: Թերևս սա քրիստոնեական ամենակարևոր արժեքներից մեկն է: Սա համախմբում է մեզ ու դարձնում մեկ բռունցք: Եվ յուրաքանչյուր հայորդի՝ անկախ տարիքից, սոցիալական կարգավիճակից ու հնարավորություններից, փորձում է ինչ-որ բան անել, ինչ-որ կերպ օգտակար լինել: Աստվածաշունչն ասում է. «Ավելի երանելի է տալը, քան թե առնելը» Գործք 20.35: Քանի դեռ սահմանին զինվորն իր կյանքն է պատրաստ զոհելու, մենք էլ այստեղ՝ թիկունքում, շարունակում ենք լինել նրանց կողքին նաև մեր զոհաբերությամբ և պատրաստակամությամբ:
Թիկունքը հյուրընկալում է:
Ուրախալի է տեսնել, թե ինչպես են տարբեր անհատներ, կառույցներ և եկեղեցիներ հյուրընկալում Արցախից ժամանած ընտանիքների, հյուրասիրում, սեփական ուժերով փորձում լուծել նրանց սննդի և կեցության հարցերը: Որևէ մեկը չի պարտադրում, չի ստիպում, ընդհակառակը, դեռ պետությունն է հորդորում դիմել նախարարություն, սակայն հյուրընկալ և հյուրասեր ժողովուրդը շարունակում է իր առաքելությունը: Չէ՞ որ 1700 ամյա քրիստոնական խորը արմատներ ունեցող ազգը դարերի ընթացքում յուրացրել է նաև Սուրբ Գրային այդ կանոնը՝ «Հյուրասիրությանը հետևեք...» Հռ. 12.13:
Թիկունքը աղոթում է:
Թերևս միասնական թիկունքի ամենազորավոր զենքն աղոթքն է, և այս օրերին միաբան աղոթք ու աղաղակ է բարձրանում առ Աստված յուրաքանչյուր անհատի շուրթերից:
Եկեղեցիները կազմակերպում են աղոթքաժողովներ, աղոթքի երեկոներ, բարեխոսական աղոթքներ բարձրացնում առ Աստված՝ խնդրելով պահպանել յուրաքանչյուր զինվորի կյանքը, խնդրելով վերջնական լուծում այս արյունոտ հարցի համար և խաղաղության հաստատում: Աստվածաշունչը մեզ սովորեցրել է աղոթել՝ «Ամեն ժամանակ և ամեն բանի համար» Փիլ. 4.6, և մենք հենց դա էլ անում ենք՝ հռչակելով ու դավանելով, որ այս երկրի Տերը, մեր բանակի ու ամեն զինվորի ապավենն ու ուժը կենդանի Աստված է:
Տե՜ր, օրհնիր այս երկիրն ու այս ժողովուրդը, պահիր մեր բանակն ու ամեն զինվորի, և թող Քո փառքը երևա այս օրհասական պահին:
Իսկ թիկունքը կշարունակի պատերազմել, և երանի՜ թե այս պատերազմում ձեռք բերված ամեն լավ ու դրական հատկություն մշտապես դառնա մեր կենցաղի մի մասը: Այս օրերի ավարտից հետո էլ մենք պատրաստ լինենք տալու, դիմացինին պատվելու, և շարունակաբար աղոթելու...
Արմեն Նիազյան