Հավատքի ճամփան միշտ չէ, որ ծաղկաշատ է
Իսկ մնացածներն էլ՝ որը տախտակների վրա, որը նավի ուրիշ բեկորների վրա: Այսպես բոլորն էլ ազատվելով ցամաք ելան: Գործք Առաք. 27.44
Պողոս առաքյալի դեպի Հռոմ հրաշալի ճամփորդությունը յուրաքանչյուր անհատի լույսով եւ ստվերով հարափոփոխ կյանքի ճամփորդության մեկ օրինակն է: Ամենանկատելի կետը գտնում ենք նեղ եւ դժվար տեղերում, երբ Աստծո մասնավոր միջամտությունը եւ նախասահմանությունը հասնում է մեզ:
Ընդհանուր կարծիքը ա՛յն է, թե հավատքի ճամփան միշտ ծաղկաշատ է, եւ եթե Աստված միջամտի մեր գործերին, բոլոր դժվարությունները պիտի անհետանան: Բայց իրականում խնդիրը ճիշտ հակառակն է: Սուրբ Գրքի մեջ Աբելից սկսած բազմաթիվ վկաների կյանքերը լեցուն են պայքարով եւ հաղթությամբ:
Պողոս առաքյալի կյանքը ցույց է տալիս, թե հավատացյալը որքան կարող է տառապել առանց ընկճվելու: Իր վկայության համար հալածվեց Դամասկոսում եւ հազիվ կարողացավ կյանքը ազատել ոչ թե երկնային հրեղեն կառքերով, այլ կեղտոտ հագուստներով ծրարի մեջ փաթաթված պատուհանից իջավ զամբյուղով:
Կրկին նրան գտնում ենք բանտի մութ նկուղների մեջ նետված եւ այնտեղ ամիսներով մոռացված: Կարդում ենք նրա հետապնդումների, ծոմապահությունների, անգութ կերպով ծեծվելու, իր ամենամոտիկ բարեկամներից լքվելու մասին: Եվ երբ Աստծո կարգադրությամբ Հռոմ էր գնում, ենթարկվեց ալեկոծության եւ իր փոխադրանավը ընկղմվեց, այդ ժամանակ երկնային հրեշտակներ կամ գերբնական միջոցներ օգնության չհասան նրան. նա եւ մյուս նավաբեկյալները փրկվեցին մեծ դժվարությամբ:
Ահա Աստծո օգտագործած միջոցները օգնելու մեզ եւ բոլոր նրանց, ովքեր ապրում են սովորական, ամենօրյա կյանքը դիմագրավելով,առօրյա հազար ու մեկ պատահարներով եւ պարտականություններով:
Աստծո խոստումներն ու Նրա նախախնամությունը մեզ զերծ չեն պահում առօրյա փորձություններից եւ դժվարություններից, որոնց շնորհիվ է, որ պիտի զորանա մեր հավատքը:
«Վտակներ անապատի մեջ» գրքից