Հավատքը դժվարին պահերին. Դեյվիդ Ուիլկերսոն
Տարբերվելով բոլորից ՝ Աստծո սուրբերը պետք է շողացող օրինակներ լինեն ՝ ցույց տալով, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության և հաղթանակի կյանք այս զարհուրելի օրերում: Աստված շարունակաբար հաստատում է իր՝ այս երկրային կյանքի համար տրված խոստումը, մանավանդ, երբ մեր հոգու թշնամին փորձում է խանգարել մեզ: «Սորա համար պիտի գիտենայ իմ ժողովուրդը իմ անունը, սորա համար այն օրը՝ թէ ես եմ այն որ ասում եմ. Ահա ես»: Եսայիա 52.6:
Այլ կերպ ասած՝ Աստված ասում է. «Երբ դուք ձեր ամենամութ փորձության մեջ եք, Ես կգամ և ձեզ խոսք կասեմ: Դուք կլսեք ինձանից. «Ե՛ս եմ, մի՛ վախեցեք»:
Նոր Կտակարանում Հիսուսը բազմիցս կրկնել է այս խոստումը, առավել հիշարժաններից մեկը սարսափելի փոթորկի պահին էր, երբ Նա խոսեց այդ պահին նավի վրա գտնվող աշակերտների հետ: Երբ նավը տատանվում էր քամուց և ալիքներից, խուճապահար մարդիկ տեսան, որ Հիսուսը ջրի վրայով քայլում էր դեպի իրենց: Գրքում ասվում է. «Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթուեցան եւ ասեցին, թէ աչքի երեւոյթ բան է, եւ վախից աղաղակեցին»: Մատթեոս 14.26:
Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ ՝ ցանկանալով հեռու վանել նրանց վախերը. «Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք»(Մատթեոս 14.27): «Քաջ եղեք» բառը նշանակում է՝ «խաղաղվե՛ք, երջանկացե՛ք»: Եվ ահա աշակերտների նեղության պահին, Հիսուսը խոսքը կապեց Իր էությանը: Հիշո՞ւմ եք, որ այս մարդիկ Նրան անձամբ ճանաչում էին, և Նա ակնկալում էր, որ նրանք հավատքով գործեն Իր խոսքի հիման վրա: Նա ասաց. «Հայրը խոստացել է, որ Ես կգամ ձեզ մոտ փոթորկի պահին, և հիմա Ես եկել եմ: Այո՛, Ես եմ՝ Հիսուսը, այստեղ եմ ձեզ հետ այս ամենի մեջ: Ուրեմն՝ քաջացե՛ք»:
Տերն ակնկալում է նույն հավատքի արձագանքը մեզանից մեր դժվարին պահերին: Մտածի՛ր այս մասին. մեր Տերը երբևէ չի ձախողել իր ժողովրդին: Նա հորդորում է մեզ հետ չնայել և հիշել, թե ինչպես է Նա ժամանակ առ ժամանակ մեզ օգնության ձեռք մեկնում: Նա երբեք թշնամուն թույլ չի տվել ոչնչացնել նրանց, ովքեր վստահում են Իրեն:
Տերը ցանկանում է, որ մենք գտնենք մեր կոչումը Նրա մեջ և լիովին վստահենք Նրան: Դավիթ թագավորն ասում է. «...Իմ ամեն աղբիւրները քեզանում են» (Սաղմոս 87.7), ինչը նշանակում է. «Իմ ամբողջ գոհունակությունը Քո մեջ է, Տե՛ր: Դու ես միայն իմ կոչման աղբյուրը, և Դու ես այն Միակը, Ում կարիքն ունեմ՝ լինելու լիարժեք, ուրախ, երջանիկ և խաղաղ»:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը