Հարվարդի համալսարանն ունի նոր գլխավոր հոգևոր առաջնորդ. նա աթեիստ է
Հարվարդի համալսարանը, որն, ինչպես գիտենք, ունի «Ճշմարտություն հանուն Քրիստոսի և Նրա եկեղեցու» կարգախոսը, ընտրել է իր նոր հոգևոր առաջնորդին, ով աթեիստ է:
44 -ամյա Գրեգ Էփշտեյնը նշանակվել է այդ պաշտոնում Հարվարդի հոգևորականների ասոցիացիայի կողմից և իր պարտականությունները սկսել է անցյալ շաբաթ: Հարկ է նշել, որ համալսարանի անունը կրող Ջոն Հարվարդը քարոզիչ է եղել:
Էփշտեյնը կվերահսկի ավելի քան 40 հոգևոր առաջնորդների աշխատանքը, ովքեր ներկայացնում են կրոնական տարբեր դավանություններ: Այս կրոնները ներառում են քրիստոնեությունը և հուդայիզմը, ինչպես նաև հինդուիստական և բուդդայական կրոնները:
Էփշտեյնը, ով «Բարին առանց Աստծո» գրքի հեղինակն է, մեծացել է հրեական ընտանիքում:
Էփշտեյնը կարծում է, որ մարդիկ չպետք է դիմեն Աստծուն լուծումներ ստանալու համար, քանի որ «մենք ենք միմյանց պատասխանները»:
Ինչ վերաբերում է իր նշանակմանը, Էփշտեյնն ասաց, որ «կա մարդկանց մի խումբ, ովքեր այլևս հետաքրքրված չեն կրոնական ավանդություններով, բայց դեռ կարիք ունեն այս թեմաների շուրջ խոսելու, թե ինչ է նշանակում լինել լավ մարդ և ապրել բարոյական կյանքով»:
Էփշտեյնը հյուրընկալում է քոլեջի ուսանողներ, որոնց հետ քննարկվում են այնպիսի լուրջ հարցեր, ինչպիսիք են՝ «Արդյո՞ք Աստված գոյություն ունի», «Ի՞նչ է կյանքը»:
Նա նախկինում ղեկավարում էր Հարվարդի հրապարակում անցկացվող աշխարհիկ քարոզների՝ հումանիստների և աթեիստների շաբաթական ծառայությունը:
Charisma News-ը նկատեց, որ չնայած Հարվարդի համալսարանը քրիստոնեական հիմքեր ուներ 1600-ականներից սկսված, սակայն Աստծո Խոսքի հեղինակության հայեցակարգը կարծես քայլ առ քայլ քայքայվում է՝ աստիճանաբար համապատասխանեցվելով աշխարհիկին:
Հարվարդ Քրիմսոնի 2019 թվականի հարցման արդյունքների համաձայն` 18 տարեկանների մեծամասնությունը իրեն ավելի շատ համարում է աթեիստ կամ ագնոստիկ:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ christianitydaily.com