Հարության հաջորդ օրը
Հարության հաջորդ օրը գրեթե ոչնչով յուրահատուկ չէր: Ինչպես արդեն մի քանի հազարամյակ, այդ օրն էլ արևը նորից երկինք բարձրացավ, ցրվեց գիշերվա խավարն ու ամեն ոք անցավ իր գործին: Սովորական մի օր, բայց միայն արտաքինից: Դժվար թե Իսրայելում մարդ լիներ, ով մոռացած լիներ նախօրեի դեպքերը, մոռացած լիներ այն Ուսուցչի, Վարդապետի, Արդարի ու Անմեղի դատապարտությունն ու մահը: Ոմանք գուցե ամբողջ գիշեր աչք չէին փակել՝ փորձելով հասկանալ, թե ինչ կատարվեց ու ինչու...
Չէ՜, Հարության հաջորդ օրը տարբերվում էր մյուսներից: Ոմանց համար այդ օրը կեղծիքի ու ստի օր էր. նրանք պետք է ամեն կերպ համոզեին մյուսներին, թե Հիսուսի մարմինը գողացել են, պետք է համոզեին, թե Նա մի սովորական մարդ էր, Ով որևէ առանձնահատկություն չուներ և այժմ մեռած է: Ու նրանք, փակելով իրենց աչքերն ու սիրտը, զբաղված էին մարդկանց մոլորեցնելով. հակառակ դեպքում՝ ժողովուրդը կըմբոստանար իրենց դեմ ու կմեղադրեր... նրանց ձեռնտու էր, որ Հիսուսը մեռած լիներ՝ որպես խաբեբա...
Ոմանց համար այդ օրը զղջման օր էր: Նա, որ ձեռքերը լվացել էր կարևոր որոշումից առաջ, նա, որ ամեն կերպ փորձում էր խուսափել «Խաչեք նրան» հրամանն արձակելուց, վստահաբար, հարության հաջորդ օրը զղջում էր, զղջում էր, որովհետև չէր կարող չհասկանալ իր գործած սխալը. որովհետև չէին կարող այդքա՜ն զուգադիպություններ լինել. նրա համար այդ օրը զղջումի ու ափսոսանքի օր էր:
Մի քանիսի համար այդ օրը վախի, անհանգստության, կասկածանքի ու շփոթմունքի օր էր: Նրանք որոշել էին իրենց կյանքը տալ Քրիստոսին, հետևել Նրան, թողնել ամեն բան... Նրանք հավատացել էին Նրա խոսքերին, ու հիմա, երբ Նա այլևս չկար, պարուրվել էին մի մեռելային լռության մեջ ու չգիտեին՝ ինչ անել... շարունակել հավատալ, սպասել, հուսալ, թե՞ ամեն մեկը գնար իր գործին: Նրանք հիշում էին այն զայրացած ամբոխին ու հասկանում, որ եթե իրենք շարունակեն բարձրաձայնել Նրա անունը, վաղը այդ գազազած ամբոխը գուցե իրենց հետ հաշվեհարդար տեսնի:
Մի քանիսի համար էլ հարության հաջորդ օրը ուրախության ու ավետումի օր էր: Մարդիկ, ովքեր հանդիպել էին Նրան, տեսել էին, հասկացել էին Նրա խոսքերի ճշմարտությունը, վերջնականապես համոզվել Նրա Աստվածային էության ու բնության մեջ, ցնծության մեջ էին: Նրանք ոչ միայն ուրախանում էին, այլև շարունակ ամենքին ավետիս տալիս՝ թե Նա կենդանի է:
Հարության հաջորդ օրը միշտ որոշում է մարդկանց կյանքի հետագա ընթացքը:
Ինչպիսի՞ն է հարության հաջորդ օրը քեզ համար: Այսօր, երբ այլևս միմյանց չեն ողջունում՝ ասելով «Քրիստոս հարյավ ի մեռելոց», այսօր, երբ այլևս շատերի ականջին խորթ կհնչի «գնանք եկեղեցի» առաջարկը, այսօր, երբ այլևս զատկական տոնական սեղան չի լինելու, ինչպիսի՞ն կլինի այս օրը քեզ համար:
Այս օրը կարող է քեզ համար լինել կասկածանքի ու շփոթմունքի օր, երբ մտքերդ խառնվել են, ու փորձում ես հասկանալ՝ արդյոք ճշմարի՞տ էր այն, ինչ երեկ խոսում էին մարդիկ, արդյոք Հիսուսն այսօր էլ կենդանի՞ է, թե՞ դրանք լոկ հրեական առասպելներ են: Ինչո՞ւ շփոթմունքի, որովհետև Քրիստոսի՝ այսօր կենդանի լինելը պարտավորեցնող է...
Ոմանց համար կարող է այս օրը լինել վախի ու ամոթի օր. վախ՝ հավատացյալ անվանումից, վախ՝ Նրա հետևորդը կոչվելուց, ամոթ՝ չգիտեմ էլ, թե ինչից ենք մենք՝ հավատացյալներս, երբեմն ամաչում... Ու վախն ու ամոթը կստիպեն քեզ մի տեղ կուչ գալ և չբարձրաձայնելով քո հաղթական հավատքի ու առաջնորդի մասին՝ ապրել՝ փորձելով չտարբերվել մյուսներից, փորձելով ապրել այն կյանքը, որ հաճելի կլինի այլոց...
Ոմանց համար այս օրը զղջման ու ապաշխարության օր կարող է լինել. զղջում, որ կհասկանաս, թե ապրածդ կյանքը առանց Քրիստոսի որքա՜ն թերի է եղել: Ու գուցե դու հենց այն մեկն ես, որ այսօր, երբ լռել է հավկիթների շրխկոցը, մի պահ սկսես մտորել այս պատմության՝ ավելի քան իրական լինելու մասին: Գուցե սկսես մտորել ու հասկանաս, որ կյանքումդ մի բան պակաս է, հասկանաս ու որոշես հետևել Նրան՝ խաղաղության Իշխանին:
Ոմանց համար էլ այս օրը ուրախության ու ավետումի օր է. այդ մարդիկ չեն բավարարվում տարվա մեջ միայն մեկ անգամ հիշելով Քրիստոսի հարության մասին: Չէ՜, նրանք գիտեն, որ հարուցյալ Հիսուսը կենդանի է ամեն օր: Եվ դա մղում է նրանց շարունակել ապրել Նրա համար ու Նրա տված սկզբունքներով, պաշտել ու երկրպագել Նրան, ավետել մյուսներին Նրա կենդանի լինելու լուրը, կարոտով ու փափագով սպասել այն օրվան, երբ նորից կհանդիպեն։
Ինչպիսի՞ օր է այս օրը քեզ համար: Ինչպիսի՞ն է լինելու վաղը, մյուս օրը, հաջորդ շաբաթ, մյուս ամիս... Չէ՞ որ Հարության տոնի իմաստը փոփոխություն բերելու մեջ էր, դրական, արժեքավոր ու հիմնային փոփոխություններ:
Արմեն Նիազյան