Christians.am կայքը, հետևելով քրիստոնեական անցուդարձին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում, Ձեզ է ներկայացնում զրույց «Ռեմա» ավետարանական եկեղեցիների ավագ հովիվ Կարեն Խաչատրյանի հետ, ով վերջերս առիթ էր ունեցել մեկնելու Վատիկան և հանդիպելու Հռոմի Պապին։

Նախ շնորհակալ եմ Աստծուց, որ հնարավորություն տվեց ականատես և մասնակից լինել կարևոր երևույթներին, որոնց  հաղորդակից լինելը, կարծում եմ ոչ բոլորին է բաժին ընկնում։

Շնորհակալ եմ նաև Ձեզ, Ձեր արձագանքի և այս հարցազրույցի հնարավորության համար։ Վատիկան այցելելուց հետո ես շատ տարաբնույթ արձագանքներ եմ ունեցել, հիմնականում դրական։ Սակայն, ցավոք ոմանք այնքան բացասական են դիտարկում այն, որ նույնիսկ ապաշխարության կոչ էին անում, ոմանք էլ առիթը օգտագործեցին իմ և մեր համայնքի անունը ևս մեկ անգամ պախարակելու և վարկաբեկելու համար։ Ինչևէ, Աստված թող ողորմի բոլորիս, իհարկե, միայն ցավում եմ, որ հավատացյալը կարող է այդքան չարասիրտ, կարճամիտ ու նեղճակատ լինել։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում մարդկանց աչքերը կբացվեն տեսնելու համար Աստծո գործը, որը իրենց մտքից ու պատկերացումից վեր է։

Մինչ հարցերին պատասխանելը կցանկանայի իմ բոլոր եղբայրներին վստահեցնել, որ ես կամ ու մնում եմ լինել Պենտեկոստալ հավատացյալ ու ծառայող, և որևէ կերպ չեմ պատրաստվում հարել Կաթոլիկ եկեղեցուն կամ դառնալու նրա մասը։

1. Ինչպե՞ս ստացվեց հանդիպումը։ Ո՞վ էր կազմակերպել այն։

Հանդիպումը կազմակերպված էր «Միջազգային Առաքելական Հաղորդակցություն» Հոգեգալստական շարժման հիմնադիր և կոորդինատոր Ջիովանի Տրաետինոյի և անձամբ Պապ Ֆրանցիսկոսի կողմից։ Այս և նման հանդիպումները Բողոքական տարբեր հարանվանությունների և շարժումների հետ հաճախ են, քանի որ Պապ Ֆրանցիսկն անձամբ դրանց խիստ կարևորություն է տալիս։ Իրականում, հանդիպման նախաձեռնողը և հրավիրող կողմը անձամբ Պապ Ֆրանցիսկոսն էր։

2. Ինչո՞վ էր կարևոր այս հանդիպումն ինչպես անձամբ Ձեզ, այնպես էլ մեր երկրի համար։

Անձամբ ինձ համար, և կարծում եմ նաև ընդհանուր իմաստով, հանդիպումը կարևոր էր մի քանի իմաստով։

Նախ, որ Աստծո Տան մեջ փլուզվում են թշնամության և իրար մերժելու պատերը։ Երբ դարերով իրար բանադրած և կորստի դատապարտած համայնքները սկսում են իրար հետ երկխոսել, հաղորդակցել և նույնիսկ համագործակցել, սա միայն ուրախության պատճառ է Տիրոջը անկեղծ սիրողների համար։ Հանդիպման ժամանակ Պապ Ֆրանցիսկն այս առումով մի կարևոր արտահայտություն արեց. նա ասաց․ «Իրար հասկանալ փորձելն արդեն սիրելու կես ճանապարհն է»։

Երկրորդ, կարևոր էր նման բարձր մակարդակի հանդիպմանը ներկայացնել Հայաստանը և ի լուր քրիստոնեական աշխարհի՝ բարձրաձայնել այն հիմնախնդիրները, որոնց մենք դիմակայում ենք այսօր։

Երրորդ, կարևոր էր այստեղ` մեզ մոտ Հայաստանում միջհարանվանային և միջեկեղեցական երկխոսությունը և հաղորդակցությունը խթանելու համար և վերջապես ինձ հետաքրքիր էր անձամբ հանդիպել Պապին և ունենալ իմ անձնական կարծիքը նրա և Կաթոլիկ եկեղեցու մասին։

3․ Կպատմե՞ք հանդիպման ընթացքից։ Կա՞ր որևէ կոնկրետ հարց, որի շուրջ էլ կայացել էր հանդիպումը։

Հանդիպումը, ի զարմանս ինձ, անցավ շատ ջերմ, բաց և եղբայրական մթնոլորտում։ Հենց սկզբից, Պապը խնդրեց հանել դիմակները, (իտալական օրենքների համաձայն մենք դրանք կրում էինք փակ տարածքներում) մոտեցավ բոլոր 20 հրավիրվածներիս, ձեռքով բարևեց և ողջունեց յուրաքանչյուրիս։ Մեր խմբի խոսնակի ողջույնի խոսքից հետո, որը շատ պաշտոնական էր, Պապը խնդրեց իրեն դիմել առանց պաշտոնական տիտղոսի, միայն Պապ Ֆրանցիսկ։ Հետո ավելացրեց՝ «Մենք բոլորս եղբայրներ ենք Քրիստոսում, և իրար հավասար ենք, որովհետև մեկ մկրտություն ենք ընդունել, մեկ անունով` Հիսուսի և մեկ հույսի` հավիտենական կյանքի համար»։

Սա իրապես հեղափոխական հայտարարություն է, քանի որ դարեր շարունակ Կաթոլիկ եկեղեցին իրենից դուրս փրկություն չի ճանաչել։

Հովիվների հարցերը տարբեր էին, և Պապը բոլորին հետաքրքիր պատասխաններ ուներ։

Հարցերից մեկը վերաբերվում էր Կաթոլիկ եկեղեցու և Բողոքականների հաղորդակցության հետագա զարգացմանը, թե ինչպիսի խնդիրներ են ծառանում դրա առաջ։ Պապ Ֆրանցիսկը նախ ժպտաց, հետո մտահոգված պատասխանեց. «Կարծում եմ՝ բողոքականները դեռ պատրաստ չեն մեր ներողությունը ընդունելուն։ Դեռևս անցյալի ցավերը և կարծրատիպերը գերիշխում են նրանց մատածելակերպի մեջ։ Կաթոլիկ եկեղեցին անդառնալի բարեփոխումներ է անցնում և ես ուրախ եմ դրա համար, որ դրանցում է նաև Քրիստոսում մեր եղբայրների ճանաչումը և ընդունումը։ Մենք ամեն ինչ կանենք, որպիսզի նորովի հաստատենք միաբանությունը և ներդաշնակությունը մյուս եկեղեցիների հետ»։

4. Ինչպես հասկացանք, հովիվներն իրենց հարցերն են ուղղել Պապին։ Ո՞րն է եղել Ձեր հարցը։

Առիթից օգտվելով՝ ես նախ շնորհակալություն հայտնեցի Պապ Ֆրանցիսկին, որ ինքը հատուկ վերաբերմունք ունի նեղյալների, հալածվածների և կարիքավորների համար, որոնք երբեմն քրիստոնեական փոքրամասնություններն են։ Մեր ազգը դարեդար բազմաթիվ նեղություններ է կրել իր քրիստոնեական հավատքին հավատարիմ մնալու պատճառով, ինչին Պապը լավ տեղյակ է, և մենք շնորհակալ ենք, որ Հայոց մեծ եղեռնի հարյուրամյակի կապակցությամբ Պապ Ֆրանցիսկն ի լուր աշխարհի այն կոչեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Թուրքիայի կառավարությունը շատ խիստ և բացասական արձագանքեց դրան և նույնիսկ 8 ամսով հետ կանչեց իր դեսպանին, սակայն ի հակառակ դրան, 2016 թվականին իր Հայաստան այցի ժամանակ Պապը նորից կրկնեց Ցեղասպանություն եզրույթը՝ դրանով ընդգծելով իր անընկրկելիությունը ճշմարտության և արդարության համար։

Այնուհետև խնդրեցի Պապ Ֆրանցիսկին, ով 2 միլիարդ հետևորդ ունեցող եկեղեցու առաջնորդ է, իր և իր առաջնորդած եկեղեցու աղոթքներում շարունակաբար բարձրացնել Հայաստանը և մասնավորապես՝ Արցախը, ինչպես նաև, տարբեր միջազգային ատյաններում բարձրաձայնել Հայոց հոգևոր և պատմական ժառանգության անվտանգության խնդիրը։ Իսկ հարցս սա էր՝ ե՞րբ է Պապը պլանավորում նորից այցելել Հայաստան։

Իմ հարցից հետո Պապ Ֆրանցիսկը հաստատեց իր հատուկ սերը և հոգատարությունը Հայ ժողովրդի հանդեպ, խոստացավ շարունկել Հայոց հարցը պահել իր օրակարգում, բայց ասաց որ հաջորդ այցելության ժամկետները դեռ հայտնի չեն։

5. Հռոմի Պապը եղել է մի շարք քննադատությունների կիզակետում։ Որպես նրա հետ անձամբ շփված մարդ, ի՞նչ կասեք նրա մասին։

Իհարկե, մեղադրանքների մի մասը ճշմարիտ են, և Պապը ինքն էլ խոսում էր Կաթոլիկ եկեղեցու ներսում եղող խնդիրների մասին։ Սակայն, ճիշտ է նաև, որ դրանց հիմնական մասը կեղծ են, արհեստական և գլոբալիստների և քաղաքական տարբեր ուժերի օրակարգի իրականացումն են։ Այդ օրակարգը ներառում է անհատների կրոնական և ազգային ինքնությունների ոչնչացումը, իսկ դրան հասնելու ճանապարհներից մեկը կրոնական հաստատությունների վարկաբեկումն է և արժեզրկումը։ Ցավոք, քրիստոնյաների ճնշող մեծամասնությունը հոգևոր պատերազմ ասելով միայն հասկանում է սրանից-նրանից դև հանելը։ Իրականում, թշնամին աշխարհում գլոբալ պայքար է տանում, և դա չտեսնելը մեզ կանգնեցնելու է պայքարը տանուլ տալու վտանգի առաջ։

Իմ անձնական տպավորությամբ՝ Պապ Ֆրանցիսկը հումորով, պարզ, բայց և իմաստուն ու կիրթ անձնավորություն է։ Նա անկեղծորեն Տիրոջը սիրող մարդ է և ակնհայտ էր, որ ձգտում է իրականցնելու Տիրոջ կամքը և իր կոչումը։ Աստվածաբանական լավ կրթություն ունի, բայց խոսում էր պարզ, հասարակ մարդուն հասկանալի լեզվով։ Չէր փորձում մեզ վրա լավ տպավորություն գործել, մեզ հետ բաց էր ու շիտակ։ Հարցերից մեկին պատասխանելուց նա ասաց «Միշտ հիշենք, որ մենք բոլորս ներված մեղավորներ ենք»։

Ինձ շատ տպավորեցրեց իր հովվական սիրտը, երբ ասաց՝ «Այսօր եկեղեցու ծառայողները՝ թե՛ կաթոլիկ և թե՛ բողոքական, ավելի առաջնորդներ են, պաշտոնյաներ են, ղեկավարներ են, բայց Հիսուսը չի կանչել մեզ ղեկավարներ լինելու, այլ հովիվներ (չոբաններ), ովքեր մարդկանց հետ և մարդկանց համար են”։

Դրա մեկ այլ օրինակ էր, երբ իրեն հարցրեցին՝ «Տեսե՞լ եք հրաշքներ ձեր կյանքում», Պապը պատասխանեց՝ «Այնպիսի մեծ, արտառոց հրաշքներ, որ կույրը տեսնի կամ կաղը քայլի, չեմ տեսել, բայց տեսել եմ Աստծո ամենօրյա փոքրիկ հրաշքները, երբ քանդված ընտանիքը վերականգնվում է, հարբեցողը և թմրամոլը ազատագրվում են, անտունը տանիք է գտնում, որբը հոգատարություն է գտնում․․․։ Անկեղծ ասած՝ ես ավելի ուրախ եմ շարունակաբար նման հրաշքներ տեսնելու համար, քան թե արտառոցների։ Ի դեպ, ես ամեն օր նամակներ եմ ստանում մեր գթության քույրերից, ովքեր երկրի տարբեր ծայրերում ծառայում են աղքատներին, սովածներին և անտուններին։ Նրանք պատմում են, թե ինչպես է Աստված պատասխանել իրենց աղոթքներին, ինչպես է սնունդ, պաշտպանություն կամ այլ կարիք ապահովել։ Ըստ իս, այս հրաշքները տեսնելու համար ավելի մեծ սիրտ և բաց աչքեր են անհրաժեշտ»։

Այդ հանդիպամանը ես ինձ զգում էի որպես մի աշակերտ, ով մեծ և փորձառու հովվի դասարանում է գտնվում։

6. Ի՞նչ եք կարծում, հանդիպումները շարունակակա՞ն են լինելու։

Կարծում եմ՝ այո, թերևս կազմը այլ կարող է լինել, բայց ես կամ որևէ այլ մեկը Հայաստանից ներկա կլինեն։

Նաև հույս ունեմ, որ միջեկեղեցական երկխոսության և հաղորդակցության շարժումը, ինչն Աստծո Հոգու գործն է և վերջին ժամանակների նշաններից է, կտեսնենք նաև Հայաստանում։ Հավատում եմ նաև, որ այն Հայոց մեծ արթնության գրավականներից է, որը վստահ եմ, բոլորս ձգտում ենք տեսնելու։

Շնորհակալ ենք Ռեմա Եկեղեցիների ավագ հովիվ Կարեն Խաչատրյանին՝ թե՛ հանդիպմանը ներկա լինելու և Հայաստանը ներկայացնելու, թե՛ մեզ հետ կիսվելու համար։ Թող Աստված օրհնի Ձեզ և Ձեր գործունեությունը։

Christians.am խմբագրություն

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.