Մենք բոլորս ցանկանում ենք բացահայտել Աստծո կամքը մեր կյանքի համար, բայց պետք է գիտակցենք նաև, որ բացահայտումը վերջը չէ, այլ ընդամենը սկիզբը: Հենց դու ունեցար քո հանձնարարությունը Աստծուց, պետք է կանգնես քո «դաշտում» և պատերազմես՝ մինչև Աստված տա քեզ քո հաղթանակը: Սա պահանջում է մի հատկություն, որը քչերն ունեն՝ համառություն:

Եփեսացիս 6-ը պատվիրում է մեզ վրա առնել «Աստծո ողջ սպառազինությունը» (6.11): Այնուհետ հաջորդում են 13-14 խոսքերը. «Սրա համար Աստծո սպառազինությունն առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրումը, և ամենը կատարելով՝ հաստատ կանգնել. արդ հաստատ կանգնեցեք…»: Սա հենց այն է, ինչ շատ մարդիկ բաց են թողնում: Նրանք ամեն բան անում են Աստծո կամքը բացահայտելու համար: Գնում են Աստվածաշնչյան քոլեջ, կարդում են տարբեր գրքեր, ստանում մարգարեական խոսք, ամեն կերպ պատրաստում իրենց: Բայց երբ նրանց մաշկը սկսում է այրվել մարտի տաքությունից, վայր են գցում զենքերը և նահանջում: Ես տեղյակ եմ, որ սա ոչ այնքան հաճելի ուղերձ է:

Մենք միշտ փնտրում ենք հեշտ ճանապարհներ, հնարքներ, բայց վախենում եմ ասել, որ այս դեպքում սրանք անօգուտ են: Դու կարող ես լինել օժտված, տաղանդավոր, օծված և օրհնված, բայց առանց համառության ու հաստատակամության դու քիչ ազդեցություն կունենաս, որովհետև մեծ հաղթանակները միշտ թաքնված են մեծ մարտերի հետևում: Համառ բառը բաղկացած է անգլերենում «միջոցով» և «խիստ» բառերից: Հաղթանակը գալիս է նրանց մոտ, ովքեր անցնում են մեծ, խիստ ու դաժան մարտերի միջով՝ առանց նահանջելու:

Ալեք Մակքենզին, ով բազմիցս է գրում թայմ-մենեջմենթի մասին, ասել է. «Կենտրոնանալու, այսինքն՝ առանց շեղվելու, համառությամբ քո ուզածին հասնելու ունակությունը, զորություն է, որ միջակ կարողություններով մարդկանց հնարավորություն է տալիս հասնելու բարձունքների: Նրանք չունեն ոչ մի գաղտնի բանաձև՝ համառ լինելուց զատ»:

Քիմիկոս Լուի Պաստերը, ով զարգացրել է հիվանդությունների առաջացումը կանխող ընթացքը, որը կոչվում է «պաստերիզացիա», գրել է. «Իմ զորությունը կայանում է իմ համառության մեջ»:

Ի՞նչ ես դու անում, երբ կանգնելը դժվար է դառնում: Նորից վեր կաց ու հաստատ կանգնիր և թույլ մի՛ տուր նահանջին՝ գալու քո կյանքի մեջ: Ի՞նչ ես դու անում, երբ թշնամին սկսում է հարձակվել ամեն ուղղությունից: Ամուր կանգնիր և մի՛ հանձնվիր:

Ի՞նչ ես անում, երբ երես առ երես բախվում ես ֆինանսական դժվարության, առողջական խնդիրների, դավաճանության, անարգանքի կամ ցավի: Ամուր կանգնիր և մի՛ հանձնվիր:

Ի՛մ ընկեր, ամեն պայքարներն Աստծուն են պատկանում, և Նա կհաղթի դրանք Իր ժամանակին: Մեզ մնում է միայն հարցեր չտալ, մեզ մնում է հնազանդվել և հաստատ կանգնել, մինչև Աստված կտա մեզ մեր հաղթանակը:

Եվ երբ հասնի այս աշխարհը լքելու օրը, ես աղոթում եմ, որ սուրը լինի մեր անշունչ ձեռքերի մեջ: Վերջում թող որ մենք չգտնվենք հեռուստացույցի առջև, այլ այն դաշտերում պատերազմելիս, որոնք Աստված հանձնարարել է մեզ:

Երբեք մի՛ հանձնվեք: Երբեք մի՛ նահանջեք: Երբեք թշնամուն մի՛ հանձնվեք: Ձեր կյանքի համար Աստծո կամքի կատարումը միայն ձեզ համար չէ: Այլ ձեր երեխաների, ձեր թոռների և Աստծո հավիտենական արքայության ապագայի համար: Այնպես որ՝ կանգնի՛ր: Պայքարիր և կանգնիր մինչև վերջ: Եվ Աստված կտա հաղթանակը՝ Հիսուսի անունով:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.