Այսօր բազմաթիվ մարդիկ կասկածում են՝ արդյո՞ք նրանք վարակվել են, և շատերի մոտ էլ հաստատվել ու ախտորոշվել է այս հիվանդությունը: Իմ շրջապատում նույնպես կան մարդիկ, որ վարակվել են, և սրտումս դրվեց, որ քաջալերանքի խոսք և գործնական խորհուրդներ փոխանցեմ:

Լինում են պահեր, երբ անակնկալ լուրը փոխում է մեր կյանքը: Եվ կախված այդ լուրի մեծության, դժվարության ու վնասակարության աստիճանից՝ ոմանց կյանքում, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, աշխարհը փուլ է գալիս իրենց վրա:

Բնականաբար, Կորոնավիրուսով վարակված լինելու լուրն իր մեջ այդքան մեծ տագնապ չպիտի կրի, ինչպես, օրինակ՝ քաղցկեղով հիվանդ լինելը, բայց հաշվի առնելով այսօրինակ իրավիճակը, որ կա երկրում, և այն հարցերը, որ շարունակ տալիս ենք ինքներս մեզ. «Արդյո՞ք վարակված չեմ, արդյո՞ք չեմ շփվել վարակակիր մեկի հետ» կամ եթե հաստատված դեպքեր կան, ապա գալիս են մտքեր մահվան մասին, մտքեր՝ արդյո՞ք վարակել եմ ինչ-որ մեկին, արդեն իսկ մարդուն հունից հանող լուրեր են:

Ուզում եմ ասել, որ Կորոնավիրուսից շատ ավելի սարսափելի հիվանդություններ կան, և եթե դուք այդ լուրը ստացել եք, ասեմ, որ աշխարհում շատերն ավելի սարսափելի լուրեր են ստանում: Կորոնավիրուսը դեռ չի նշանակում մահ: Այսօր հատուկ բուժում կամ դեղորայք չկա Կորոնավիրուսը բուժելու համար, և բժիշկները, կարող են մարդու իմունային համակարգը հնարավորինս բարձրացնելով, միայն օգնել նրան: Այսօր ես կասեմ, թե դու ինչպես քո իմունային համակարգը բարձրացնես ոչ թե դեղերով կամ վիտամիններով, այլ՝ Աստծո խոսքով:

Եկե՛ք կարդանք Առակաց գրքից երկու հատված. «Ուրախ սիրտը զվարթացնում է դեմքը, բայց սրտի վշտից հոգին կոտրվում է»  (15.13), և «Ուրախ սիրտը դեղի պես օգտակար է, իսկ կոտրված հոգին չորացնում է ոսկորները» (17.22): Եթե այս խոսքերը մեկնաբանենք բժշկական տերմիններով, ապա կստացվի, որ ուրախությունը բարձրացնում է մարդու իմունային համակարգը, իսկ կոտրված հոգին՝ հիվանդություն է առաջացնում:

Եթե դեռ ախտորոշում չես ստացել, բայց արդեն ընկճված ես ու հույսդ կորցրած, դու արդեն իսկ վնասում ես քո իմունային համակարգը, բայց եթե սիրտդ ուրախ պահես, թեև մինչ օրս Կորոնավիրուսի դեմ ոչ մի դեղ չի հայտնաբերվել, Աստվածաշունչն ասում է, որ դա դեղի պես օգտակար կլինի: Իսկ ուրախ սիրտը չի վաճառվում խանութներում, այն հենց այնպես չի առաջանում մարդու ներսում:

«Տիրոջ հրահանգները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը» (Սաղմոս 19.8): Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ եթե մարդու աչքը լուսավոր ու մաքուր է, ուրեմն՝ ամբողջ մարմինն է լուսավոր: Բժշկությունն էլ իր հերթին հաստատում է, որ եթե քո աչքը պայծառ է, քո մարմինը առողջ է:

Սաղմոս 33.21-ը. «Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել Նրա սուրբ անվան վրա»: Երբ մենք մեր հույսն Աստծո վրա ենք դնում, մեր սիրտն ուրախությամբ է լցվում,  հետևաբար բարձրանում է մեր դիմադրողականությունը: Իսկ մենք լավ գիտենք, որ այս հիվանդության՝ համար մեկ թիրախը հանդիսանում են հենց ցածր դիմադրողականություն ունեցող մարդիկ:

Ուրեմն, բարձրացրո՛ւ քո դիմադրողականությունը, ուրախացրո՛ւ քո սիրտը: Քո սիրտը կուրախանա, միայն երբ մոտենաս Աստծուն: Տարբեր խաղերից, ժամանցի վայրերից կամ հաղորդումներից ժամանակդ խնայի՛ր և հատկացրու Աստծո խոսքը լսելուն: Աստծուն մոտենալը կուրախացնի քո հոգին, և դու ուժեղ կլինես:

Արման Մանուկյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.